«ԵՐԲ ՏԵՍԱ, ՇԱՏ ԷԻ ՀՈՒԶՎԵԼ». ՏԻՐՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԵՎ ՄԵՂՐԱՄՍԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանը, որը լսարանին հայտնի դարձավ «Կարմիր բլուր» հեռուստասերիալում իր դերակատարմամբ, սեպտեմբերի 13-ին ամուսնացել է: Նա եւ սիրելին՝ Հայկը, վաղուց էին ծրագրում ամուսնանալ, սակայն հարսանիքը տարբեր պատճառներով հետաձգվում էր: Զույգի պսակադրությունը կայացել է Հովհանավանքում, իսկ, ահա, զագսի գրանցման արարողությունը կատարվել է հենց եկեղեցու բակում: Նորապսակների ազաբն ու հարսնաքույրը եղել են երգիչ Տյոմ Հակոբյանը ու նրա սիրելին՝ Էմման:

 

Խենթ եւ գեղեցիկ պսակադրության արարողությունից հետո Տիրուհին

եւ Հայկը հարսանիքը շարունակել են իրենց հարազատների եւ ընկերների շրջապատում: Նրանց հյուրերի թվում են եղել Եվա Զոհրաբյանը,  Մարիամ Ալեքսանյանը, Մերի Մովսեսյանը, Լիդիա Գրիգորյանը, Գոռ Սուջյանը եւ ուրիշներ: Այսպիսով, հարսանիքի եւ այլ հետաքրքիր մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է Տիրուհի Հակոբյանի հետ, որն այժմ գտնվում է մեղրամսում՝ Դուբայում:

«Վախուց էինք որոշել, որ ամռանը պետք է ամուսնանաք, բայց քանի որ իրավիճակը  վատ էր, եւ կորոնավիրուսով վարակվածների թվերը շատ էին,  որոշեցինք հետաձգել այն եւ այդպես սեպտեբերին որոշում կայացրեցինք ամուսնանալ: Հարսանիքն անցել է խենթություններով եւ ուրախ պահերով լի,  նշել ենք մեր  հարազատների եւ ընկերների միջավայրում: Իմ հարսանիքը սրանից լավ չէր էլ կարող  լինել, ամեն ինչը պարզապես հիանալի էր: Օրվա անակնկալները շատ-շատ էին: Ես, առհասարակ,  «Նեմրա» խմբին շատ եմ սիրում, հատկապես իրենց  «Նարե» երգը, եւ երբ  սրահ մտնելուց, ինձ հարցրեցին, թե որ երգն եմ ամենաշատը սիրում, ես պատասխանեցի միանգամից, որ «Նարեն»՝ չպատկերացնելով, որ կարող է  բեմում լինել իմ սիրած խումբը. երբ տեսա, շատ էի հուզվել եւ ուրախացել: Հայկն ինձ հիանալի անակնկալ էր պատրաստել, որի մասին անգամ մտքովս չէր էլ անցնում»,- պատմում է դերասանուհին:

Տիրուհու խոսքով՝ անակնկալներն այդքանով չեն սահմանափակվել, քանի որ դերասանուհու քույրը Տյոմի եւ Էմմայի հետ երգերի շարք է ձայնագրել, որի վերջում  Տիրուհին միանում է երգին եւ երգում է «Բելլա չաո» երգը:

«Իսկ, ահա, արդեն օրվա ավարտին Գոռ Սուջյանը, ով մեր ընկերներից է, նույնպես անակնկալ էր պատրաստել մեզ համար: Օրվա վերջում  մեզ  երգ  նվիրեց,  ես շատ էի ուրախացել , որովհետեւ մենք իրեն եւ իր կատարումները շատ ենք սիրում»,-նշում է մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, թե ինչ փոփոխություններ է նկատում իր կյանքում արդեն ամուսնացած կարգավիճակում, դերասանուհին ընդգծում է, որ դեռ ոչ մի փոփոխություն եւ տաբերություն  չի նկատում:

«Գուցե գամ Երեւան, նոր այդ ժամանակ կհասկանամ,  որ կարգավիճակս փոխվել է, իսկ այս պահին մենք գտնվում ենք Դուբայում, ճիշտ է, մենք նախօրոք հարսանիքի համար  ուրիշ տոմսեր էինք գնել, բայց քանի որ իրավիճակը ուրիշ բան թելադրեց, մենք որոշեցինք չընկճվել եւ եկանք Դուբայ՝ չնայած նրան, որ  ես եւ Հայկը շատ ենք սիրում Դուբայը»,- հավելում է դերասանուհին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

101-ՐԴ ՏԵՂՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ աստիճան եւ զբաղեցնում է 101-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականն անցկացրել էր 2 հանդիպում՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնում պարտվելով Հյուսիսային Մակեդոնիային (1:2) եւ հաղթելով Էստոնիային (2:0): ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, իսկ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան մնացել է երկրորդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակում են բրազիլացիները: Լավագույն տասնյակում են նաեւ Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան, Խորվաթիան, Արգենտինան ու Կոլումբիան: Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիան 66-րդն է, Վրաստանը՝ 89-րդը, իսկ Էստոնիան՝ 108-րդը:

Ազգերի լիգայում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ ընդունելով Վրաստանի հավաքականին:

 

ՈՏՔԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՇՈՐ

Ֆրանսիական «Մարսելի» պաշտոնական խանութում ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի մարզաշապիկը երկրպագուներն օգտագործել են որպես ոտքերը մաքրելու շոր: Բոլոր այցելուները խանութ մտնելիս տրորել են բրազիլացու մարզաշապիկը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-«Մարսել» (0:1) Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի հանդիպման ավելացված ժամանակում տեղի էր ունեցել զանգվածային բախում, ինչից հետո մրցավարը 5 խաղացողների հեռացրել էր դաշտից: Նեյմարը բռունցքով հարվածել էր հյուրերի իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսին, ինչից հետո կրքերը բորբոքվել էին: Այդ արարքի համար բրազիլացին որակազրկվել է 2 խաղով:

Խաղից հետո Նեյմարը հայտարարել էր, որ Ալվարո Գոնսալեսը մի քանի անգամ սադրել է իրեն եւ ռասիստական բնույթի արտահայտություններ արել իր հասցեին: Լիգա-1-ի կարգապահական կոմիտեն գործ է բացել այդ կապակցությամբ:

 

ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ

Կատալոնական «Բարսելոնան» թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի նորամուտի խաղում ընկերական հանդիպում էր անցկացրել «Ժիրոնայի» հետ եւ հաղթել 3։1 հաշվով։ Դուբլի հեղինակ էր դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Հատկապես գեղեցիկ էր ստացվել 33-ամյա ֆուտբոլիստի՝ առաջին խաղակեսի վերջնամասում խփած գոլը: Այդ գոլի տեսանյութը «Բարսելոնայի» Ինստագրամի էջում 5 միլիոն դիտում է հավաքել 4.5 ժամում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» առաջին գոլը խփել էր բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն։

 

 




Լրահոս