ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արցախն Ադրբեջանի կազմում նշանակում է Արցախն առանց հայերի, Արցախն Ադրբեջանի կազմում որեւէ ապագա չունի»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

 

«Այսօրվա իրողությունները, այսօրվա իրավիճակն ավելի ընդգծում է մեկ պարզ գերակայություն՝ Արցախը որեւէ ապագա չի ունեցել եւ չունի Ադրբեջանի կազմում: Նման իրավիճակը նշանակում է Արցախն առանց հայերի: Դա չի լինելու, դա առավել ընդգծված նպատակ է»,-ասել է նա: Մնացականյանի խոսքով՝ Հայաստանի ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ համազգային ռեսուրսն ուղղված է դրան բոլոր առումներով: «Ես չեմ կարծում, որ որեւէ հայ, որ երկրում էլ գտնվի, կարող է համակերպվել այն մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները Ղարաբաղում, որոնք այսօր մեր ինքնության ամրության պահապանն են, կարող են ենթարկվել վտանգի։ Չափազանց էական է աշխատել միասին»։

Ըստ նրա՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի ջանքերով տարածաշրջանում Արցախի պատերազմում ահաբեկիչների ներգրավումը լրջագույն վտանգ է ոչ միայն տարածաշրջանի համար, այլ նաեւ դրանից շատ ավելի դուրս: «Մենք՝ մեր հայրենակիցներն Արցախում, հայ ժողովուրդը, պայքարում է փաստացի երեք թշնամու՝ Թուրքիայի, միջազգային ահաբեկիչ զինյալների եւ Ադրբեջանի դեմ: Եվ ահաբեկիչ զինյալների՝ մեր տարածաշրջանում հայտնվելը առավել քան մարտահրավեր է շատ ավելի լայն կոնտեքստում, քան միայն մեզ համար: Դրա հետեւանքներն իրապես լրջագույն են: Ես չգիտեմ, թե ինչ էին մտածում Բաքվում, երբ այդ զինյալներին ներքաշում էին այս պատերազմի մեջ: Դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար եւ տարածաշրջանից շատ-շատ ավելի դուրս»,- ասել է նախարարը:

«Այսօր լրջագույն մարտահրավեր ունենք մեր առջեւ: Այդ լրջագույն մարտահրավերն արտահայտում են նաեւ աշխարհաքաղաքական որոշ իրողություններ՝ տարածաշրջանային առումով, եւ իրողություններ, որոնք մարտահրավեր են ոչ միայն Հայաստանի համար: Դա վերաբերում է այն ագրեսիվ քաղաքականությանը, որը վարվում է Թուրքիայի կողմից»,- ասել է նա։ Ըստ վերջինիս՝ սրա մասին հայկական կողմը խոսել էր դեռ ավելի վաղ: «Մենք բացարձակ տեսնում էինք այդ ագրեսիվ քաղաքականության սփռումն ամբողջ հարեւանությամբ եւ վտանգը, որ դա տեղափոխվելու է նաեւ Հարավային Կովկաս: Այդ մարտահրավերը վերաբերում է մեզ անմիջապես այսօր եւ վերաբերում է ամենախիստ ձեւով: Դա մեզ համար մարդկային կյանքեր է, լրջագույն անվտանգության մարտահավեր է: Բայց այս մարտահրավերը միայն մեզ չի վերաբերում: Եվ այդ առումով է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում՝՝ մարտի դաշտում, նաեւ աշխարհագրական մարտահրավեր է»,- ասել է Մնացականյանը:

Նա շեշտել է, որ Հայաստանն իր գործընկերների, առաջին հերթին՝ համանախագահության երկրների հետ, շարունակում է եւ շարունակելու է աշխատել, որպեսզի կարողանա անհրաժեշտ արդյունքների հասնել տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը վերականգնելու եւ ազգային այս լուրջ վտանգը նվազեցնելու եւ բացառելու առումով: «Եվ Արցախի այսօրվա գոյութենական պայքարը այսօր ծայրահեղ ձեւով արտահայտվում է  մարտի դաշտում, բայց այդ ամենը մենք անում ենք, այո, մեր ուժերով, բայց մենք նաեւ ունենք անհրաժեշտ համագործակցության բոլոր եղանակներն ու հնարավորությունները, որոնք այսօրվա պայմաններում օգտագործվում են եւ պետք է օգտագործվեն հնարավորինս ակտիվ: Ոչ ամենն է արտահայտվում անմիջապես, բայց մենք եղել եւ մնում ենք միջազգային հարաբերությունների սուվերեն անդամ, հետապնդում ենք մեր շահերը այս սուվերենության ամբողջ գործիքակազմն օգտագործելու միջոցով»,- ասել է նախարարը։

Այն հարցին, թե արդյոք կա դեսպանների համալրման խնդիր, նախարարը նշել է. «Հայաստանը հենց հիմա էլ իրականացնում է դեսպանների համալրման գործընթաց, պատերազմական իրավիճակը գործընթացը մի փոքր դանդաղեցրել, սակայն չի կանգնեցրել: Բնականաբար, այդ գործընթացն այնպիսին է, որ հրամանի պահին է հայտարարվում, թե այդ գործընթացն ավարտվել է: Մենք մոտ մեկ ամիս հետ ընկանք, բայց գործընթացը որեւէ կերպ չկանգնեց»,- ասել է նախարարը:  Անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեին՝ Մնացականյանը շեշտել է, որ նպատակն է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերն իրականացնել բացառապես պետբյուջեի միջոցներով եւ նվազեցնել, բացառել տարբեր այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են:

Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի եւ վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, բերդաքաղաք Շուշին, Մարտունին, Մարտակերտը, ինչի հետեւանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացնում են Արցախի անկախության ճանաչման հարցը:

 

 

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հայաստանում դպրոցների աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում. այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Ամենահավանական տարբերակը, որ այսօր Առողջապահայության նախարարության մեր գործընկերների հետ քննարկում ենք, այն է, որ առկա ուսուցում ապահովենք տարրական մակարդակում: Տարրական դպրոցի աշակերտները ֆիզիկապես կհաճախեն կրթական հաստատություն, եւ տեղերում ուսուցումը կկազմակերպվի»,- ասել է նախարարի տեղակալը:  Ինչ վերաբերում է միջին եւ ավագ դասարաններին, ապա առաջարկվում է գնալ տարբերակված մոտեցման: Այն վայրերում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, հիմնականում գյուղական եւ փոքր համայնքներում, իրավիճակային լուծում կկիրառվի: Եթե վարակի դեպքերի շեմը 10 տոկոսից ավելի է, ապա դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի, այնուհետեւ կվերադառնա առկա ուսուցման: Եթե վարակի հետ կապված դեպքերը քիչ են, ապա կարող են առկա ուսումնական պրոցես սկսել:

 

 

ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալով հետմահու պարգեւատրվել են ԱՀ ոստիկանության ծառայողներ՝ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար: Պարգեւներ են շնորհվել Գագիկ Պետրոսյանին, Գարիկ Դոլուխանյանին, Արսեն Հարությունյանին, Տիգրան Պետրոսյանին, Գեւորգ Կիրակոսյանին, Բենիկ Համբարձումյանին, Հրայր Դանիելյանին, Արեն Ասրյանին, Շիրակ Համբարձումյանին, Իգոր Պողոսյանին:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է

85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ գեներալ-մայոր Գրիգոր Գարեգինի Գրիգորյանը: Գրիգոր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին: Վերջին տարիներին Գրիգոր Գրիգորյանը հանդիսացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վետերանների խորհրդի նախագահ:

 

 

ՀՈՒՅՍ ՈՒՆԻ

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարելի էր կարգավորել խաղաղ ճանապարհով՝ զենքի չդիմելով, Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է հակամարտությունն արագ ավարտելու համար, կապ է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ու հույս ունի, որ կհաջողվի արդյունքների հասնել, որոնք կբավարարեին բոլորին. Ժողովրդական միասնության օրը կրոնական դավանանքների ներկայացուցչների հետ տեսակոնֆերանսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Դուք գիտեք՝ Ռուսաստանը մեզնից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունն ավարտվի, եւ որքան հնարավոր է արագ, որ փրկվեն մարդկանց կյանքերը, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ եւ միմյանց դեմ զենք են օգտագործում այն նպատակներին հասնելու համար, որոնց, մեր խորին համոզմամբ, կարելի էր հասնել նաեւ խաղաղ բանակցային գործընթացով»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը «կապ է պահպանում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ»։ «Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել… այն հիմքով, որը կբավարարեր տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, ընդ որում՝ դրան հասնել խաղաղ միջոցներով»,- ամփոփել է ՌԴ նախագահը։

 

 

ԱՆԻՄԱՍՏ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իմաստ չունի հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Վերջին երկու տարվա ընթացքում ես նրա հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն դրանք բոլորն անօգուտ եւ անիմաստ էին, առաջին հանդիպումներից բացի»,- ասել է Ալիեւը. փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով` խոսելով փոխզիջումների մասին` Հայաստանը ոչ մի կոնկրետ բան չի ասում, ինքնորոշումից բացի, սակայն ինքնորոշումը փոխզիջում չէ նրանց կողմից:

 

 

2.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Պետական բյուջեից մոտ 2.8 միլիարդ դրամ կհատկացվի Հայաստանի արտգործնախարարության կարիքների համար. այս մասին ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Այս միջոցները, ինչպես նշել է նախարարը, ուղղվելու են արմատական համակարգային փոփոխություններին: «Բացի այդ, լրացուցիչ ծրագրեր կիրականացվեն: Նախ մենք կապահովենք մեր արտաքին գերատեսչության, հատկապես` արտաքին ներկայացուցչությունների լիարժեք անկախությունը դրսից եկող ցանկացած լրացուցիչ ֆինանսավորումից»,- պարզաբանել է Ջանջուղազյանը:

 




Լրահոս