ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը երեկ նշեց, որ առավոտյան է վերադարձել Արցախից, մարդիկ Շուշիի համար կենաց ու մահու կռիվ էին տալիս։ «Հասկացե՛ք մի բան, եթե դուք առանց զենքի գալիս եք իմ վրա, մենք հավասար չենք, բայց երբ ես էլ եմ զենքով, մենք հավասար ենք։ Հրետանին ռմբակոծում է, երեխեքը հրթիռակոծության տակ պառկում ու դիմանում էին, մեր հրետանին էլ պասիվ էր աշխատում»։

 

-Պարո՛ն Եղիազարյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ջարդարարները ուղղորդվում են օլիգարխների կողմից: Լուրեր են շրջանառվում, որ այս ամենն արվում է ոչ թե հայրենիքի, այլ իրենց համար: Վարչապետի խոսքով՝ ջարդարար օլիգարխների գույքը պետք է ազգայնացնել:

-Բա ինչի՞ մեկ տարի առաջ չէր ասում: Երկու տարի է անցել, ոչ մի բան չի արվել: Կարո՞ղ է մենք ասում ենք՝ ինքը սխալ է ասում: Մարդը անցած տարի ասաց, որ մենք օլիգարխներ չունենք, հիմա ի՞նչ օլիգարխների մասին է խոսքը: Պետք չէ կոմունիստ թերթի պես սկիզբը վերջին հակասի: Մենք ամեն ինչ տեսնում ու հասկանում ենք: Իսկ ինչ վերաբերում է ջարդարարներին, դա նորմալ երեւույթ է: Պարզապես պետք է չջարդեին:  30 տարի մեր երկիրը ջարդում, ավերում ու թալանում են: Իրենց կարելի է: Եթե 2 աթոռ է ջարդվել, դա գեղեցիկ չէ, պետք է վերականգնվի, համաձայն եմ: 30 տարի է՝ որբացրել են մի ամբողջ ժողովրդի: Մարդկանց ձեռքից իրենց հացը խլել են, իրենք էլ են խոսում: Այսօր ոչ մի ղեկավար, ոչ մի օլիգարխ իրավունք չունի խոսալու: Սուս ու փուս տեղները թող նստեն ու հասկական, որ այս վիճակի համար  իրենք բոլորն էլ մեղավոր են:

-Մշտապես նշվում է, որ դիրքերը լքողներ են եղել, Շուշին հանձնել են, այսինքն՝ չեն կռվել: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այս մասին:

-Ես այսօր առավոտյան Շուշիում եմ եղել, մարդիկ կենաց ու մահու կռիվ էին տալիս Շուշիի համար: Բայց հասկացե՛ք մի բան, եթե դուք առանց զենքի գալիս եք մեր վրա, իսկ ես զենք չունեմ, մենք հավասար չենք: Բայց եթե ես էլ եմ զենքով, դուք էլ, մենք արդեն հավասար ենք: Հրետանին ռմբակոծում է, էրեխեքը ռմբակոծության տակ պառկում են, ամեն ինչ անում են, դիմանում են: Մեր հրետանին շատ պասիվ է, մենք չենք ուզում կռվենք, այս քանի օրերին տարօրինակ բաներ էինք նկատում: Մի խոսքով, բաներ կան, որ կարելի էր հեշտ անել Կուբատլուի ուղղությամբ, մի գնդով ամբողջ Զանգելանը հետ բերել: Չեն անում, ինչո՞ւ. ուրեմն միտում կա ուղղակի տալու: Դուք գիտե՞ք, որ  Զանգելանը 3 պիկապով են գրավել: 3 պիկապ մեքենա նստել ու մտել են Զանգելան: Մենք այդ ամբողջը տեսել ենք, ուզում ենք ասել՝ ուշքի գան: Իսկ մենք էնտեղ մեռնում ենք: Ես մեռնելուց չեմ վախենում: Ես չեմ գողացել, չեմ թալանել, միշտ պայքարել եմ Արցախի համար: Ուզում ենք երկիր սարքենք, բայց մենք սարքել ենք քյաբաբանոց, ամեն մարդ իր քյաբաբը սարքում է, գալիս ղեկավարում է մի տարի ու քյաբաբը վերցնում, գնում է: Չի կարելի: Սա մեր հայրենիքն է, ու մենք սրա համար պայքարելու ենք մինչեւ վերջ:

-Պարո՛ն Եղիազարյան, ո՞րն է լինելու Ձեր անելիքը:

-Պատերազմը մենք պետք է շարունակենք: Հիմա ինքը պետք է գնա: Չի կարում ղեկավարի, թող գնա, սա խանութպան չէ, նա երկրի  ղեկավար է: Նոր կառավարություն կստեղծվի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ:

Պահեստազորային Գրիգորյան Արտյոմ Աշոտիկի՝ ծնվ. 1975թ.; պահեստազորային Աղաբեկյան Մհեր Զարմոյի՝ ծնվ. 1972թ.; պահեստազորային Աբրահամյան Արմեն Անդրանիկի՝ ծնվ. 1973թ.; Պողոսյան Հովհաննես Գագիկի՝ ծնվ. 1992թ.; Հայրապետյան Գոռ Լեւոնի՝ ծնվ. 1992թ.; Կիրակոսյան Երեմ Զավենի՝ ծնվ. 1992թ.; Լալայան Անդրանիկ Գրիշայի՝ ծնվ. 1990թ.; Բարխուդարյան Արմեն Կարենի՝ ծնվ. 1989թ.; Ասրյան Դավիթ Արտյուշայի՝ ծնվ. 1986թ.; պահեստազորային Բրուտյան Վարուժան Ալեքսանդրի՝ ծնվ. 1968թ.; Գրիգորյան Արամ Էռնեստի՝ ծնվ. 2002թ.; պահեստազորային Օհանյան Հրաչիկ Էրիկի՝ ծնվ. 1994թ.; պահեստազորային Գրիգորյան Վարուժան Սիմոնի՝ ծնվ. 1979թ.; պահեստազորային Խաչատրյան Սուքիաս Անդանիկի՝ ծնվ. 1983թ. պահեստազորային Նիկողոսյան Ջանիբեկ Դավիթի՝ ծնվ. 1979թ.; պահեստազորային Սաֆարյան Մարատ Արմենի՝ ծնվ. 1982թ.; պահեստազորային Հովհաննիսյան Գերասիմ Լեւոշայի՝ ծնվ. 1974թ.; պահեստազորային Աբրահամյան Էդուարդ Իլյիչի՝ ծնվ. 1967թ.; պահեստազորային Այվազյան Վարդան Արայի՝ ծնվ. 1995թ.; Հովհաննիսյան Մխիթար Գրիգորիի՝ ծնվ. 1982թ.; Գրիգորյան Հովիկ Արսենի՝ ծնվ. 1996թ.; Գաբրիելյան Լեռնիկ Վլադիմիրի՝ ծնվ. 1990թ.; Չոբանյան Արեն Ավագի՝ ծնվ. 2001թ.; Ասատրյան Հովիկ Հովհաննեսի՝ ծնվ. 2000թ.; պահեստազորային Դավիդյան Հովհաննես Վլադիկի՝ ծնվ. 1994թ.; Շաքարյան Գուրգեն Կամոյի՝ ծնվ. 1991թ.; Մելիքյան Հայկ Սարգսի՝ ծնվ. 2001թ.; Սողոմոնյան Կորյուն Կառլենի, ծնվ. 1984թ.; Համբարձումյան Հրայր Հարությունի՝ ծնվ. 1999թ.; Հակոբյան Ռուսլան Կարոյի՝ ծնվ. 1985թ.; Վահանյան Սուրեն Հարությունի՝ ծնվ. 1994թ.; Հակոբյան Պարույր Գրիգորի՝ ծնվ. 1990թ.; Կակոյան Վլադիմիր Իշխանի՝ ծնվ. 2001թ.; Գրիգորյան Նվեր Հայկազի՝ ծնվ. 2000թ.; Առաքելյան Անդրանիկ Գուրգենի՝ ծնվ. 2001թ.; Արսենյան Նելսոն Վազգենի՝ ծնվ. 1988թ.; Խաչատրյան Արտակ Ավետիսի՝ ծնվ. 1993թ.; Ստեփանյան Հայկ Հրաչիկի՝ ծնվ. 1996թ.; Ապրեսյան Կարեն Արմենի՝ ծնվ. 2001թ.; Հովհաննիսյան Ալբերտ Արարատի՝ ծնվ. 2001թ.; Բադոյան Արման Արմենի՝ ծնվ. 2002թ.; Սաֆարյան Մարատ Էդիկի՝ ծնվ. 1995թ.; Բաղրամյան Բարիս Արսենի՝ ծնվ. 1998թ.; Կամավորական Հարությունյան Հակոբ Վոլոդիայի՝ ծնվ. 1972թ.; Յաղուբյան Սարգիս Սլավիկի՝ ծնվ. 2001թ.; Հովսեփյան Նարեկ Գրիգորի՝ ծնվ. 1999թ.; Շահինյան Արմեն Գեղամի՝ ծնվ. 2001թ.; Շահինյան Ռուբեն Գեղամի՝ ծնվ. 2001թ.; Սողոմոնյան Վահան Խաժակի՝ ծնվ. 2001թ.; Սարգսյան Յուրի Համազասպի՝ ծնվ. 1995թ.; Գրիգորյան Մորիս Հակոբի՝ ծնվ. 2001թ.; Գրիգորյան Ռոման Վագիֆի՝ ծնվ. 1982թ.; Միքաելյան Վալերի Արմենի՝ ծնվ. 1991թ.; Պահեստազորային Գեւորգյան Վարդան Սեյրանի, ծնվ. 1977թ.; կամավորական Ստեփանյան Արիստակես Հոկտեմբերի, ծնվ. 1993թ.; պահեստազորային Գրիգորյան Անդրանիկ Գրիգորի, ծնվ. 1989թ.; Քոթանջյան Էդգար Վահագնի, ծնվ. 2001թ.; Գասպարյան Պարգեւ Սուրենի, ծնվ. 2001թ.; Աղաբաբյան Էդգար Իշխանի, ծնվ. 2002թ.; Ուզունյան Դավիդ Բագրատի, ծնվ. 2001թ.; Սահակյան Հայկ Հարությունի, ծնվ. 2000թ.; Ասլանյան Վազգեն Արմենի, ծնվ. 2001թ.; Գեւորգյան Գեւորգ Գրիգորի, ծնվ. 2000թ.; Ղամբարյան Հովհաննես Մխիթարի, ծնվ. 2000թ.; Գեւորգյան Մարատ Արթուրի, ծնվ. 2000թ.; Պետրոսյան Ռոբերտ Արտյոմի, ծնվ. 2001թ.; Խաչատրյան Գեւորգ Ռուստամի, ծնվ. 2001թ.; Հովհաննիսյան Սերգեյ Արտաշեսի, ծնվ. 2001թ.; Միքայելյան Էրիկ Արսենի, ծնվ. 2001թ.; Անտոնյան Սամվել Դավթի, ծնվ. 2000թ.; Ավագյան Էմմանուել Արսենի, ծնվ. 2000թ.; Սարգսյան Արմենակ Արտակի, ծնվ. 1998թ.; Ճաղարյան Արման Արտակի, ծնվ. 1999թ.; Մնացականյան Գրիգոր Գուրգենի, ծնվ. 1995թ.; Սերոբյան Կարեն Գարեգինի, ծնվ. 1981թ.; Խաչատրյան Հովհաննես Արթուրի, ծնվ. 1991թ.; Մալխասյան Արտյոմ Մելիքսեթի, ծնվ. 1982թ.; Ադյան Վահե Ավետիքի, ծնվ. 2001թ.; Մանասյան Սամվել Համլետի, ծնվ. 2001թ.; Փարսոյան Արմեն Արտակի, ծնվ. 2001թ.; կամավորական Բադիկյան Վահագն Ժորայի՝ ծնվ. 1969թ.:

Մինչ այս անունների հրապարակումը հայտնի էր 1221 զոհի մասին:

 

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՐԱԳ ԶԱՐԳԱՑՈՒՄ Է ՈՒԶՈՒՄ

USC հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայաստանի սահմաններին վերաբերող առցանց քննարկման ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը պետք է բուռն զարգացում ունենա, այսինքն՝ ոչ միայն զարգացում, այլեւ արագ զարգացում: Մարզպետն ասել է, որ մեզ պետք են անվախ, ստեղծագործ մարդիկ ու նախագծեր եւ անվերապահ աջակցություն այդ նախագծերին, անհրաժեշտ է ստեղծել ներդրումային ֆոնդեր, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ներդրումներ կատարել հայրենիքում` Հայաստանից եւ Հայաստանից դուրս: Հ. Չոբանյանը հավելել է, որ չպետք է հարց լինի՝ արդյոք ներդրում կատարել, թե ոչ, այլ հարցը պետք է լինի, թե որտեղ ներդնել, որ ոլորտում, ինչ ընկերությունում: Սա համընդհանուր ստեղծագործական, արդյունավետ մոբիլիզացիա է, սա մեր ամենամեծ խնդիրն է, բայց նաեւ՝ ամենամեծ հնարավորությունը:

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՋՈԿԱՏԸ ՉԻ ՄԵԿՆԵԼ

Հոկտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամավորական ջոկատներ ստեղծելու եւ հայրենիքը պաշտպանությանը զինվորագրվելու կոչ արեց Հայաստանի քաղաքապետերին, գյուղապետերին, պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, քաղաքացիական նախձեռնություններին, որ նրանք ձեւավորեն կամավորական ջոկատներ։ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը վարչապետի կոչի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին, Իջեւանի համայնքապետարանի  ինտերնետային կայքում գրել է. «Ուզում եմ տեղեկացնել, որ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է «Իջեւան» կամավորական ջոկատ: Հայրենքի առջեւ իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին: Կոչ եմ անում բոլորիդ համախմբվել եւ միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը: Վստա՛հ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար: Բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ են միանալ մեզ, պետք է ներկայանան համայնքապետարան կամ դիմեն անձամբ ինձ: Նշեմ, որ այս ընթացքում Իջեւանի համայնքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով եւ կարող եք մոտենալ ցանկացած ժամի: Վստա՛հ եղեք, հաղթելու ենք»։ Իջեւան համայնքից տեղեկեցանք, որ Իջեւան ջոկատը մեծաթիվ չի եղել, այն այդպես էլ չի մեկնել Արցախի առաջնագիծ։ Սակայն  այդ մասին համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղեկություն չկա, միայն քաղաքապետի պաշտոնակատարի  վերոհիշյալ հայտարարությունն է: Հայկ Ղալումյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել 2019թ. սեպտեմբերի 12-ին, երբ  Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը հրաժարական տվեց իր  նկատմամբ հարուցված քրեական գործի պատճառով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս