Ո՞Վ Է ԾԱՌԻ ՇՅՈՒՂ ՋՐՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՏՂԱՆ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ողջ համացանցը ողողված է դիրքերում ծառի նոր փթթող շյուղ ջրող հայտնի զինծառայողի լուսանկարով։ Լուսանկարի հայտնի տղան, ինչպես բնութագրել են շատերը, սահմանապահ 26-ամյա Կարո Պողոսյանն է՝ Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքից։ Կարոն ընտանիքի միակ արու զավակն է, ունի երեք քույր։

 

Կարոն առաջնագծում է եղել հենց սեպտեմբերի 27-ից։ Հոկտեմբերի 19-ին՝ դիրքերից վերադառնալիս, նրանց մեքենան հայտնվել է հակառակորդի ռմբակոծության տակ, սակայն նա հրաշքով փրկվել է: Այժմ ծանր վիրավոր է, գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ունի բազմաթիվ կոտրվածքներ եւ այրվածքներ։

Երբ մայրը հայտնել է որդուն, որ իր նկարը լայն տարածում է գտնել, եւ Արցախում նոր կյանքի խորհրդանիշն է վկայում, Կարոն կատակով մորն ասել է. «Տնաշե՛ն, ի՞նչ էլ ժամանակ ես գտել»։

«Ժողովուրդ» օրաթերթը  զրուցել է Կարոյի մոր՝ հերոսածին տիկին Շուշանի հետ, ում կարծիքով՝ իր որդին ե՛ւ ծառի շյուղին է նոր կյանք պարգեւել, ե՛ւ իրեն։

«Կարոն պայմանագրային զինծառայող է, աշխատում է սահմանապահ զորքերում: Նա ամսի 27-ից գտնվել է Արցախում: Ունի  բազմաթիվ կոտրվածքներ եւ մարմնի հիսուն տոկոս այրվածք: Ցավոք, մեզ թույլ չեն տալիս հիվանդանոց գնալ, իրեն տեսնել, բայց հեռախոսով ամեն օր զրուցում ենք, ասում է, որ լավ է իրեն զգում, չնայած որ ամբողջ ձեռքերն այրված են: Մեզանից է հարցնում՝ դուք ինչպես եք, Ձեզ լավ նայեք»,-ասում է վիրավոր զինծառայողի մայրը:

Կարոյի մոր խոսքով՝ իր որդին հոկտեմբորի 19-ից հետո երկրորդ անգամ է ծնվել:

«Երբ առաջին անգամ տարածվելուց հետո լուսանկարը տեսա անմիջապես ճանաչեցի Կարոյիս. ինչպես կարող է մայրը չճանաչել իր որդուն: Ես բոլոր զինծառայողներին մաղթում եմ առողջություն, ամրություն, վիրավոր զինվորները շուտ ապաքինվեն, հասնեն իրնենց ընտանիքներին: Ես հավատում եմ մեր զինվորների կամքին, նրանք միշտ հաղթել են մեզ համար»,- հավելում է մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:

Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությամբ Հայաստանն ու Արցախը իրար կապվելու են միայն Լաչինի միջանցքով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 10-ին նշել է. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակված են: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության մարմինները»։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ՄԵՐ ԽԻԶԱԽ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԴԱՎԱՃԱՆԵԼ ԵՆ». ՏԻԳՐԱՆ ՁԻԹՈՂՑՅԱՆ

«Մեզ չեն հաղթել, մեզ դավաճանել են». տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանն այս գրությամբ լուսանկարի մեկնաբանություններում անդրադարձել է Արցախի շուրջ վերջին օրերի զարգացումներին։ Facebook-յան էջում արված գրառմամբ Ձիթողցյանը նշել է՝ պետք է առավել միասնական լինենք, քան երբեւէ, ու հավելել՝ արվեստն իր լավագույն զենքն է։

 

«Երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ եւ երբեք չեմ անի։ Բոլորս գիտեիք, որ մեզ վրա հարձակվել էր Թուրքիայի եւ ազերիների բանակի կոալիցիան՝ Սիրիայից հազարավոր ահաբեկիչների հետ։ Մեր քաղաքացիական բնակչությունը մշտական ռմբակոծության տակ է եղել, մեր քաղաքներն ու գյուղերն ավերված են, անտառները՝ այրված… Սակայն մենք չգիտեինք, որ մեր ներսում թշնամի ունեինք։ Մեր խիզախ զինվորներին դավաճանել են, մեր ամբողջ ժողովրդին դավաճանել են։ Այս պատերազմի ելքը որոշվել է առանց մեզ։ Մեր պատմությունը գրվել է՝ առանց հարցնելու, թե ինչ ենք բոլորս ուզում։ Ես անհույս ռոմանտիկ եմ, որը հավատում էր իմ կառավարությանը երբեւէ առաջին անգամ։ Մեզանից շատերն էին հավատում… Մենք հավատում էինք դեմոկրատական արժեքներին՝ մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, փոխարենը աշխարհը մեզ միայնակ թողեց։

Մեր 18-ամյա տղաները մահացան՝ կռվելով միջազգային ահաբեկիչների դեմ «դեմոկրատական» աշխարհի մեդիայի եւ քաղաքական լիակատար լռության պայմաններում։ Այս բոլոր պատրանքները մասնատվել են, խոցել սիրտս։ Ես չգիտեմ լուծումը, պարզապես հույս ունեմ, որ մենք բավական խելամիտ կլինենք՝ Հայաստանի ներսում քաղաքական կայունություն պահպանելու համար։ Մենք պետք է առավել միասնական լինենք, քան երբեւէ, եւ որեւէ ուժի թույլ չտանք բաժանել մեզ։ Ես կարծում եմ, որ Փաշինյանն այլեւս չի կարող ներկայացնել մեզ, ոչ էլ նախկին կոռումպացված կուսակցություններին պետք է թույլ տալ վերադառնալ։ Ես վերադառնում եմ նրան, ինչ իմ վերահսկողության տակ է։ Ես սկսում եմ կրկին նկարել։ Արվեստն իմ լավագույն զենքն է, արվեստը սեր է»,- գրել է նկարիչը։

 

 

 

ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային: Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն այլեւս հույսեր չի կապում Պոգբայի հետ եւ ցանկանում է, որ ակումբը փոխարինող գտնի նրան: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 1 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից պահանջել է բարձրացնել իր աշխատավարձը:

 

 

ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինին դեռեւս չի մասնակցում թիմի մարզումներին: 36-ամյա պաշտպանը կկարողանա ընդհանուր խմբում մարզումները վերսկսել դեկտեմբերի կեսերին: «Յուվենտուսի» վնասվածք ստացած հարձակվող Պաուլո Դիբալան մարզվում է անհատական ծրագրով, սակայն սպասվում է, որ պատրաստ կլինի մասնակցել թիմի առաջիկա հանդիպմանը: Ջորջիո Կիելինին ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 4 հանդիպման:

 

 

ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը: 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք առաջատար եվրոպական ակումբներ, սակայն Ռոնալդուն հրաժարվում է բանակցություններ սկսել նրանց հետ: Պորտուգալիայի հավաքականի առաջատարը մտադիր է «Յուվենտուսում» մնալ մինչեւ իր պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2022 թվականի հունիս: Նշվում է, որ Ռոնալդուի՝ «Յուվենտուսում» մնալու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ նրա ընտանիքի անդամները շատ լավ են զգում իրենց Թուրինում:

 

 

 

ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ադիլ Ռամին կարծում է, որ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը պետք է սկսի մտածել «Բարսելոնայից» հեռանալու մասին: «Գրիզմանը միշտ եղել է կենսուրախ մարդ, սակայն այժմ ես զգում եմ, որ նա երջանիկ չէ: «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո շատ բան է փոխվել նրա մեջ, ես չեմ ճանաչում այս Գրիզմանին: Կարծում եմ՝ Անտուանը պետք է սկսի մտածել «Բարսելոնայից» հեռանալու եւ իրեն համապատասխան ակումբ գտնելու մասին»,- ասել է Ռամին: Ավելի վաղ Անտուան Գրիզմանի նախկին գործակալը հայտարարել էր, որ Լիոնել Մեսին ուրախ չի եղել ֆրանսիացի հարձակվողի՝ «Բարսելոնա» տեղափոխությամբ:

 

 




Լրահոս