ՈՐՈՇՈՒՄԸ ԿԿԱՅԱՑՆԵՆՔ ՏԵՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Քաղբանտարկյալներ» կազմակերպության համակարգող Մյասնիկ Մալխասյանը պնդում է, որ ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր քայլերն՝ առաջիկա հանրահավաքի ժամանակ: «Քաղաքական պայքարի զենքերը շատ են, մարդիկ պետք է ընտրեն, թե որն են ուզում»,-«Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասաց Մալխասյանը:-Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում հայտարարեց, թե առաջիկայում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում տեղի կունենա, եւ դրա հավաստիացումները կլինեն սեպտեմբերի 30-ի հանրահավաքում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ խոսքերը, ի վերջո, ի՞նչ է սպասվում այդ օրը:-Սեպտեմբերի 30-ին՝ հանրահավաքի օրը, պարզ կլինի ամեն ինչ, պետք է գանք հանրահավաքի, որ տեղում որոշենք այդ հարցը: Ավելին, Կոնգրեսն իր քաղխորհրդի նիստում քննարկել է կոնկերտ գործողությունների տարբերակներ, բայց վերջնական որոշումը կկայացնենք հանրահավաքի ժամանակ: Ուզում եմ շեշտել, որ ՀՀ առաջին նախագահն ամենեւին էլ պատահաբար չի նման հայտարարություն արել: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նման բան է հայտարարել, ուրեմն լուրջ զարգացումներ են սպասվում:-Ինքներդ ի՞նչ բեկում կամ վերջնական հստակեցում եք ակնկալում, ի՞նչ նախադրյալներ կան, որից հետո արդեն կարելի է վերոնշյալ տարբերակներին սպասել: Կարելի՞ է ենթադրել, որ առաջիկայում շուրջօրյա հանրահավաքների, ավելի կտրուկ գործողությունների ենք անցնելու:-Քաղաքական պայքարի բազմաթիվ ձեւեր կան, որ կարելի է կիրառել: Սեպտեմբերի 30-ին ժողովուրդը պետք է գա հանրահավաքի՝ այնտեղ լսելու, տեսնելու եւ տեղում որոշումներ կայացնելու համար: Ժողովուրդը պետք է ընտրի, թե պայքարի որ ձեւը կիրառի: Հայ ազգային կոնգրեսը միշտ էլ կողմնակից է եղել խնդիրների լուծման՝ խաղաղ ճանապարհով: Սակայն իշխանությունները 2008թ. ապացուցեցին, որ իրենք պատրաստ չեն այդ ուղիով ընթանալ: Եթե այս անգամ ինչ-որ արտառոց բան լինի, ուրեմն իշխանությունների մեղքն է: Կոնգրեսը հավատարիմ է իր որդեգրած ուղուն: Ես համոզված եմ, որ Կոնգրեսի ընտրած ճանապարհը մեր ժողովրդին տանում է հաղթանակի, հաղթանակ, որը շատ մոտ է:-Ձեր կարծիքով, հանրահավաքը մարդաշա՞տ կլինի, թե՞ ոչ, առավել եւս՝ իշխանությունները մշտապես պնդում են, որ նվազում է հանրահավաքի մասնակիցների թիվը:-Իսկ իշխանություններն ուրիշ ի՞նչ կարող են ասել: Հո իրենց վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություններով ցույց չե՞ն տալու հանրահավաքների բազմամարդությունը, հո չե՞ն ասելու, որ շատ մարդ է մասնակցում: Ժողովրդական խոսք կա՝ «գող, սիրտը դող»: Իշխանությունը հասկանում է, որ ինքը կեղծված ընտրությունների ու մարտի 1-ի սպանդի արդյունքում է ձեւավորվել, ու, բնականաբար, այդքանից հետո պետք է կեղծի ամեն ինչ: Բնականաբար, նրանք պետք է կեղծեն նաեւ հանրահավաքի մասնակիցների թիվն այնպես, ինչպես կեղծել են ընտրությունները: Բնականաբար, նրանք նույն կերպ կեղծելու են եւ ասելու, որ ընտրություններին մասնակցող 1 մլն 600 հազար մարդ կա, այլ ոչ թե 1 մլն 100 հազար հոգի: Իսկ որպեսզի իշխանությունն այդ ճանապարհով չգնա, ժողովուրդը պետք է պարտադրի նրան: Ժողովուրդը պետք է պարտադրի, որ մեր երկրում անցկացվեն ազատ ու արդար ընտրություններ: Եւ մեր ժողովրդի պայքարի շնորհիվ է, որ մեր երկրում նաեւ շատ խնդիրներ են լուծվում: Եթե մենք համեմատվում ենք հարեւան պետությունների, թեկուզ ՌԴ-ի հետ, մեր ժողովուրդն իր պայքարի ու զոհերի գնով նվաճել է շատ ազատություններ: Առաջիկայում մեր պայքարով նվաճելու ենք նաեւ այն ազատությունները, որոնց քաղցը զգում է ժողովուրդը: Իմ կարծիքով՝ մեր ժողովուրդն ունակ է պայքարելու եւ հասնելու նրան, ինչին արժանի է:-Առաջիկայում մեկնարկելու է ԵԽԽՎ հերթական նստաշրջանը: Ձեր ղեկավարած «Քաղբանտարկյալներ» կազմակերպությունն ի՞նչ է անելու, որպեսզի ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնախմբի զեկույցի նախագիծը, որտեղ նշված է, թե փակ է մարտի 1-ի էջը, այդ տեսքով չընդունվի: Մանավանդ, որ Դուք հայտնի 7-ի գործով անցնող քաղբանտարկյալներից եք:-Թե՛ քաղբանտարկյալների, թե՛ մարտի 1-ի զոհերի հարազատների կազմակերպությունը, թե՛ մնացած քաղաքական ու իրավապաշտպան կազմակերպությունների անելիքը մեկը պետք է լինի՝ մոբիլիզացնել ժողովրդի ուժերը, համախմբել Կոնգրեսի շուրջ ու ժողովրդին տանել նպատակաուղղված հաղթանակի, որ երկրում տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Իսկ թե Եվրոպայում կամ ԱՄՆ-ում ինչ կանեն, դա կախված կլինի մեր ժողովրդից՝ որքանով այստեղ մարդիկ պատրաստ են պայքարելու իրենց ազատությունների համար: Այլապես մեզ կարող են հրամցնել ցանկացած որոշում: Արդեն համապատասխան նամակներ ուղարկվել են ԵԽԽՎ: Բայց կրկնում եմ՝ պետք է ժողովրդի ճնշումը, պետք է հանրահավաքները բազմամարդ լինեն: Մարտի 1-ի էջերը բաց են, վերքերը բաց են, եւ որեւէ մեկը չի կարող այդ էջը փակել, քանի դեռ չեն բացահայտվել մարտի 1-ն իրագործողները, զոհերի վրա կրակողները: Եւ այն բանից հետո, երբ իրենք կկանգնեն արդարադատության առաջ ու կստանան իրենց պատիժը, նոր կարելի է խոսել մարտի 1-ի էջը բացել-փակելու մասին:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս