Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում ճանապարհին ջրի կուտակման հետևանքով առաջացած մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենա է բախվել։
Տեղում պարզվել է, որ մերկասառույցի պատճառով բախվել են 2 «Hyundai Elantra»-ն, «Saturn Vue XE»-ն, «Dongfeng» բեռնատարը և «Nissan Latio»-ն, վերջինն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել Հրազդան գետի ափին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային։




























