ՖՈՏՈ․ ՀՀ ՄԻՊ-ն զգուշացնում է․ ինչպես են ադրբեջանցիները ներքին թշնամանք տարածում մեր երկրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտեցինք հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ադրբեջանցիների ապօրինի տիրանալու ու այդ էջերը կառավարելու վերաբերյալ նոր ապացույցների հետազոտումն ու իրավական ձևակերպումները: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այս անգամ խոսքը վերաբերում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած օբյեկտիվ բնույթի ապացույցների այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ:
Կից նյութերում առկա տեքստի տառացի մեջբերումն է. «հենց թուրքըերը հարձակվում են Արցախի վրա էս ղարաբաղցիք էլ հարձակվում են Երևանի վրա»: Տեքստի մյուս մասը պարունակում է քաղաքական բովանդակություն ունեցող թշնամանք, ուստի այն չեմ հրապարակում հասկանալի պատճառներով:
Ակնհայտ է, որ հայաստանցի-արցախցի արհեստական թեմայի շահարկումը, այդ հիմքով ատելություն հրահրելը նպատակ ունի առաջացնել լարվածություն մեր հասարակությունում՝ վտանգելով մեր համերաշխությունն ու համախմբվածությունը:

Մեր ձեռք բերած ապացույցներն, իհարկե, շատ ավելին են: Այս հրապարակումով ներկայացնում եմ դրանցից միայն մի քանիսը ՝ որպես մեկ դեպքով օրինակ: Այս փուլի ապացույցները վերաբերում են պատերազմական գործողությունների ժամանակաշրջանին:
Եվս մեկ անգամ խնդրում եմ ցուցաբերել զգուշություն սոցիալական ցանցերից օգտվելիս, չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական, քաղաքական և այլն):
Բոլոր ապացույցները անհրաժեշտ իրավական ձևակերպումներով կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»:




Լրահոս