Պետությունը տարածք է վարձակալում հետախուզման մեջ գտնվող ՀՀԿ-ականից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Տիգրան մեծի 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքի մասին «Ժողովուրդ» օրաթերթն առաջին անգամ չէ, որ գրում է: Այս շենքը հետաքրքիր պատմություն ունի. այն հիմնադրվել է 2004 թվականի դեկտեմբերի 1-ին:
Նշենք, որ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից պետական մի քանի կառույցներ իրենց գործունեության նպատակով տարածքներ են վարձակալում, ինչի համար պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում: Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող  «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքում է գործում ոչ միայն միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն: Գործադիրը վարձակալում է նաեւ «Հանարդնախագիծ» ընկերությանը պատկանող 350 քմ գրասենյակային տարածք՝ վիճակագրական կոմիտեի Երեւանի վարչության համար:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի Երեւանի վարչությունը «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքում կշարունակի գործել մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ը: Այսինքն տարածքի վարձակալության սահմանված ժամկետը կերկարաձգվի մինչեւ հաջորդ տարվա հուլիսի 1-ը:

Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետական բյուջեից հատկացվող գումարների տնտեսման նպատակով, պետական գույքի կառավարման կոմիտեն նոյեմբերի 19-ին գրությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեին առաջարկել է Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում գործունեություն իրականացնելու փոխարեն դիտարկել պետական սեփականություն հանդիսացող Երեւանի Դավիթ Անհաղթի 23/6 հասցեում գտնվող 425 քմ տարածքը: Վիճակագրական կոմիտեն տեղազննություն է իրականացրել վերը նշված հասցեում եւ դեկտեմբերի 3-ին գրությամբ տեղեկացրել է, որ առաջարկվող տարածքի հիմնական պայմանները բավարարում են:
Բայց չնայած սրան՝ վիճակագրական կոմիտեն խնդիրներ է արձանագրել. առաջարկվող տարածքն ապահովված չէ ջեռուցման համակարգով, օդորակիչներով: Ավելին, պարզվել է, որ շենքի վերելակը մասնավոր սեփականություն է եւ վերելակից օգտվելն իրականացվում է քարտերի միջոցով: Արդյունքում, առաջարկվել է Դավիթ Անհաղթ 23/6 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկ տեղափոխվելու գործընթացը կազմակերպել հաջորդ տարվա հուլիսի 1-ից: Հետեւաբար վարչության կողմից զբաղեցրած Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող 350քմ տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ը:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից վարձակալած 350 քմ գրասենյակային տարածքի վարձավճարը մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 4934 դրամ: Իսկ 2021-ի հունվարի 1-ից-հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածի համար պետական բյուջեից ծախսը Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից վարձակալած 350քմ տարածքի վարձակալության համար կկազմի 10 մլն 361 հազար 400 դրամ: Ըստ պետական գույքի կառավարման կոմիետի՝ հաջորդ տարվա հուլիսի 1-ից առաջարկվող տարածք տեղափոխվելու արդյունքում կտնտեսվի 10 մլն 361 հազար 400 դրամ, որի հաշվին էլ կլուծվեն Դավիթ Անհաղթ 23/6 հասցեում գտնվող տարածքի խնդիրները:

Ստացվում է, որ վիճակագրական կոմիտեն տարածքի վարձակալության համար տարեկան վճարում է 20 մլն 722 հազար 800 դրամ: Իսկ ՀՀ Վիճակագրական կոմիտեն 2016 թվականի մարտի 1-ից է Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքից զբաղեցնում 350 քմ մակերեսով գրասենյակային տարածքը: Պետական բյուջեից միլիոնավոր դրամների հատկացումները արտառոց չէին թվա, եթե չլիներ հետեւյալ հանգամանքը. ըստ շրջանառվող լուրերի՝ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին՝ Բուլկի Արամին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս