ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ, ԲԱՅՑ ՈՉ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը շարունակում է մնալ անպատիժ, ավելին, նրան դեռ մեղադրանք չի ներկայացվել` իր ղեկավարած գերատեսչությունում հայտնաբերված աղաղակող չարաշահումների եւ յուրացումների առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` այս ընթացքում ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, որտեղ քննվում է Խաչիկյանի միլիոնների գործը ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացում) 308 (պաշտոնական դիրքի չարաշահում), 314 (պաշտոնական կեղծիք) հոդվածների շրջանակներում, մի շարք անձանց նկատմամբ արդեն մեղադրանք է առաջադրել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը` հավելելով, որ ներկա պահին մեղադրանք է առաջադրվել 8 հոգու: Չի բացառվում, որ առաջիկայում մեղադրյալների թիվն ավելանա` ընդգրկելով սոցծառայությունների տարածքային ղեկավարներին, քանի որ գործի նախաքննությունը շարունակվում է: Իսկ թե կոնկրետ ում նկատմամբ է մեղադրանք առաջադրվել, նախաքննության գաղտնիության շահերից ելնելով` վարչության պետ Աշոտ Ահարոնյանը չհայտնեց:




Լրահոս