ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռան Օյլ» ընկերությունը խնդիրներ է առաջացնում մրցակիցների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բենզինի շուկայում հայտնված նոր խաղացող «Ռան Օյլ» ընկերությունը մրցակիցներին «նեղացնելու» նոր տարբերակ է գտել. եթե օրեր առաջ այս ընկերությունը բենզինն ավելի էժան գնով էր վաճառում, քան մյուսները, ապա հիմա սկսել է անհատներին եւ կազմակերպություններին նամակներ ուղարկել՝ առաջարկելով կտրոնով բենզին՝ ցածր գնով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերությունը ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը կտրոնով առաջարկում է 390 դրամով, պրեմիումը՝ 410 դրամով, դիզելը՝ 390 դրամով: Իսկ ահա բենզալցակայաններում նշված տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 10 դրամով թանկ: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ին «Ռան Օյլ» ընկերությունից փոխանցեցին, որ իրենք վաճառում են իրանական ծագման բենզին.

«Որակապես լավն է, մենք երաշխավորում ենք, ստուգված է, չի կարող առանց ստուգվել բենզինը բերել եւ վաճառել: Եթե վնասակար է, չենք կարող մտցնել շուկա եւ վաճառել. մեզանից ներկա պահին օգտվում են 20-30 ընկերություն, նրանք շարունակում են օգտվել, եթե վնասով լիներ, մեքենան փչացներ չէին օգտվի, մենք ինքներս էլ ենք օգտվում: Եթե պետք է մի հատ էլ թուղթ կստորագրենք կտանք, որ մեր բենզինը լավն է: Կանաչ գույնի բենզին է»:

Բենզինի շուկայում հայտնված նոր խաղացողի՝ «Ռան Օյլ»-ին եւ իր վարած քաղաքականությանը ArmLur.am-ը դեռ օրեր առաջ է անդրադարձել: Մենք գրել էինք, որ իշխանական գործարար Խաչատուր Սուքիասյանի կողմից վերջերս գնված «Ռան Օյլ» ընկերությունը ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառում էր 390 դրամով, իսկ մյուս ընկերությունները՝ 420-430 դրամով։ Երբ աղմուկ բարձրացավ, ընկերությունն ընդամենը 10 դրամով բարձրացրեց գինը: Այժմ բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող երեք ընկերություն բենզինը վաճառում են նույն գնով, իսկ շուկայում հայտնված նոր խաղացողը՝ բոլորովին տարբեր գնով։

Օրինակ, «Ֆլեշ» եւ «Սի Փի Էս Օյլ» ընկերությունների բենզալցակայաններում այժմ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 430 դրամով, պրեմիումը՝ 450 դրամով: Ուղիղ 30 դրամով բարձր «Ռան Օյլ»-ի սահմանած գնից: «Ռան Օյլ»-ի անբարեխիղճ գործելաոճի հետեւանքով խնդիրներ ունեն բենզինի վաճառքով զբաղվող այս ընկերությունները. ՙՌան Օյլ՚-ի սահմանած ցածր գնի պատճառով ընկերությունների սպառման ծավալները նվազել են:

Չնայած, որ այս ընկերությունները բենզին ներկրում են Ռուսաստանից եւ սահմանած բարձր գինը հենց դրանով է պայմանավորված՝ ձեռքբերման գինը բարձր է: Իսկ «Ռան Օյլ»-ի դեպքում պատկերն այլ է, որովհետեւ ընկերությունը իրանական ծագման բենզին է վաճառում: Իրանում բենզինի մեկ լիտրի միջին գինը, մարտի 29-ի տվյալներով, կազմել է շուրջ 30 դրամ։ Ի դեպ, ամենաէժան բենզինը վաճառվում է Վենեսուելայում. այստեղ բենզինի մեկ լիտրի միջին գինը մարտի 29-ին կազմել է շուրջ 10 դրամ։ Նկատենք, որ բենզինի ցածր գնով Վենեսուելային հաջորդող երկիրը Իրանն է, որտեղից Հայաստանը ե՛ւ նախորդ, ե՛ւ այս տարի մեծ քանակությամբ բենզին է ներկրել։ Այս դեպքում հարց է ծագում՝ ինչու է 30-դրամանոց բենզինը Հայաստանում վաճառվում տասնյակ անգամ թանկ գնով։ Եթե այս ընկերությունը ներկրում է իրանական ծագման բենզին էժան գնով, ապա ինչու է այն շարունակում թանկ գնով վաճառել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս