ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱԶԱՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Արմավիրի մարզում` «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում, ճամբարային հավաքներում գտնվող ՊՆ N զորամասին պատկանող «Սատկո» մակնիշի ՊՆ համարանիշերով ավտոմեքենան զորամասի տարածքից դուրս գալիս վթարի է ենթարկվել: Մեքենան վարել է Սպիտակի բնակիչ 19-ամյա Արմեն Փահլեւանյանը: Նա եւ ավտոմեքենայում գտնվող ուղեւորները տեղափոխվել են հոսպիտալ, որոնցից մեկը մահացել է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՊՆ-ին պատկանող ավտոմեքենայում գտնվող զինվորները եղել են տարբեր տարածաշրջաններից` Աշտարակի բնակիչ 19-ամյա Գրիգոր Կարապետյանը, Տաշիրի բնակիչ 18-ամյա Մենուա Մարտիրոսյանը, Մարտունու բնակիչ 18-ամյա Շիրազ Հայրապետյանը, Իջեւանի բնակիչ 18-ամյա Գեւորգ Սարուխանյանը, Արարատի բնակիչ 20-ամյա Նիկոլայ Սարգսյանը: Նրանք մարմնական վնասվածքներով շտապ տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:Ավտոմեքենայում է եղել նաեւ Նոր Նորքի բնակիչ 21-ամյա Հայկ Դավթյանը, ով վթարի հետեւանքով մահացել է:Պարզվում է` ավտոմեքենան զորավարժանքի տարածքում երթեւեկելիս հարվածել է ձախ ճամփեզրի հողաթմբին եւ կորցնելով կառավարումը` դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից: «Ժողովուրդ»-ը դեպքի առնչությամբ զրուցեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ղեկավար Մերի Սարգսյանի հետ: Վերջինս նշեց, որ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 377 հոդվածի 2-րդ մասով`  մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:Տեղեկացանք, որ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է ավագ լեյտենանտ Համլետ Հմայակի Վիրաբյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկ` դեպքից հետո, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արտակարգ նիստ է հրավիրել, որին մասնակցել են վերը նշված զորամասի պատասխանատու հրամանատարները: Սպասվում է, որ առաջիկայում աշխատանքից ազատվելու են զորամասի գնդի հրամանատարը, սպառազինության գծով եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները: Իսկ մի շարք գեներալներ նախարարի կողմից նկատողություն կստանան: Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած զինվորների մահացության դեպքերը չեն ներվելու, եւ հասարակության դժգոհությունն այս պարագայում շատ տեղին է: «Եթե որեւէ զորամասում նման դեպք եղավ, միանգամից կարող են դիմում գրել ու հեռանալ»,-ասել է նախարարը: Հուսանք, որ հորդորը դրական ազդեցություն կունենա:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս