ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ է գտնվում 2011 թվականի ընթացքում պատգամավորական գործուղումների ցանկը, որին ծանոթանալով` կարելի է ասել, որ շատ պատգամավորների համար խորհրդարանը ոչ միայն տանիք է, այլեւ զբոսաշրջության բյուրոյին հավասար մարմին: Պատգամավորական գործուղումների առաջին հորիզոնականները զբաղեցնում են հիմնականում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները` Դավիթ Հարությունյան, Հերմինե Նաղդալյան, Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան, Զարուհի Փոստանջյան, Նաիրա Զոհրաբյան, Գագիկ Բաղդասարյան եւ այլք: Բնականաբար, առաջին հորիզոնականներն իրենց  ցուցանիշներով կիսում են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության եկավար Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը: Դավիթ Հարությունյան. 5 անգամ Ստրասբուրգ, 4 անգամ Փարիզ, 1-ական` Բելգրադ, Դուրբովնիկ, Բրյուսել, Վիեննա, Օսլո: Նույնքան անգամներ էլ Փարիզ եւ Ստրասբուրգ է մեկնել Արմեն Ռուստամյանը, գումարած Օսլոն ու Կազերտան:  Այս առումով նրանց հետ կարող է մրցել միայն Հերմինե Նաղդալյանը. 4 անգամ Ստրասբուրգ, 1-ական` Լոնդոն, Կազերտա, Կիեւ, Լամենցիա Տերմե, 2 անգամ Փարիզ: Թեեւ վատը չեն նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի պտույտների արդյունքները. 3 անգամ Բրյուսել, 1-ական`  Ստրասբուրգ, Փարիզ, Մոնտեվիդեո, Կիեւ:Պատվիրակության ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը թեպետ  բավական ուշ է ներգրավել պատվիրակության կազմում` այս տարվա ամառվանից, բայց արդեն հասցրել է 3 անգամ լինել  Ստրասբուրգում, 1-ական  անգամ Փարիզում եւ Օսլոյում: Զարուհի Փոստանջյանն, օրինակ, մինչեւ հոկտեմբեր ամիսը հասցրել է 3 անգամ լինել Ստրասբուրգում, 1-ական անգամներ` Փարիզում, Ստոկհոլմում, Լյուբլյանայում եւ Զագրեբում, ԼՂՀ-ում, «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ստեփան  Սաֆարյանը` 2 անգամ Բրյուսելում, 1-ական` Վառնայում եւ Ստրասբուրգում, ԲՀԿ խմբակցությունից Արամ Սաֆարյանը` Բելգրադում, Օսլոյում, Դուբրովնիկում, Վիեննայում, 2 անգամ Մոսկվայում եւ 1 անգամ Սանկտ-Պետերբուրգում: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը 5 անգամ Ստրասբուրգում, 1-ական անգամ` Բեռլինում եւ Կազերտայում:  Շատ են նաեւ դաշնակցական Լիլիթ Գալստյանի գործուղումները` 3 անգամ Բրյուսել, մեկ անգամ` Ստրասբուրգ:  Լավ են դասավորվել նաեւ «Ժառանգություն»-ից հեռացած, ներկայումս անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանի գործերը` 1-ական անգամ Ժնեւ, Ստամբուլ, Կիեւ, Մինսկ, Սանկտ-Պետերբուրգ: Հանրապետականներից կարծես ամենաշատ գործուղումների մեկնած պատգամավորը (չհաշված Դավիթ Հարությունյանին) Արտակ Զաքարյանն է. եղել է մոտ մեկ տասնյակ քաղաքներում` Բրյուսել, Ստրասբուրգ, Կիեւ, Վիլնյուս, Վառնա, Թբիլիսի, Մոսկվա, ընդ որում, որոշ քաղաքներում` 2 անգամ: Հաջորդը կարծես ՀՀԿ-ից Արեգ Ղուկասյանն է. Բավարիա, Բուրգաս, Կիեւ (2 անգամ), Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա:  ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն էլ այցելել է Վիեննա, Օսլո, Սանկտ-Պետերբուրգ եւ Մոսկվա: Տարվա ընթացքում հանրապետական Կարինե Աճեմյանի Ժնեւ, Լոնդոն եւ ԼՂՀ  կատարած շրջագայությունների թվով այցելություններ է կատարել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` 3 այց Լոնդոն, Բրյուսել եւ Բեռլին: Վերը նշված ֆոնին բավական համեստ են նաեւ ԱԺ երկու փոխնախագահների  երկուական ուղեւորությունները. Սամվել Բալասանյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ եւ Սիան, իսկ Սամվել Նիկոյանը՝ ԼՂՀ եւ Բավարիա: Նշենք, որ ԱԺ-ից երկու անգամ արտերկիր` Բրյուսել եւ Ստրասբուրգ է գործուղվել նաեւ Սաշիկ Սարգսյանը. նա Եվրանեսթի պատվիրակության անդամ է: Նշենք, որ եվրոպական մեկ ուղղության համար պետությունից ճանապարհածախսով եւ օրապահիկ-գիշերավարձով ծախսվում է միջինը մոտ 3 հազար եվրո: Եւ դեռ պատգամավորներն էլ, դժգոհ լինելով նախարարների` հիմնականում նախարարությունների հաշվին  արտերկրում կազմակերպվող ճոխություններից, պահանջում են ավելացնել իրենց օրապահիկները: Նրանց չեն բավականացնում պետբյուջեի հատկացումները:Ի դեպ, պատգամավորները մի սովորություն էլ ունեն. երբ տեղեկանում են, որ նախագահական ինքնաթիռում ազատ տեղեր կան, ԱԺ նախագահին առաջարկում են իրենց հետ Եվրոպա տանել նաեւ իրենց տիկնանց` հպարտությամբ նշելով, որ հյուրանոցի նրանց վարձերը կհոգան իրենք: Բայց հանուն արդարության պետք է ասել, որ նշված գործուղումների թվում եղել են նաեւ այնպիսիք, որոնք իրականացվել են հրավիրող կողմի հաշվին: Այսինքն` ՀՀ պետբյուջեից գումար դուրս չի գրվել:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս