Իշխանությանը ցանկալի ցուցմունք՝ հանուն ազատության. Քարահունջի ղեկավարին «գործարք» են առաջարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Երևան քաղաքի Կենտրոնի նստավայրում քննվում է Քարահունջ վարչական շրջանի ղեկավարի կալնավորման հարցը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ամենայն հավանականությամբ վարչական շրջանի ղեկավարին ազատ կարձակեն, քանի որ իրավապահները նրան ազատության դիմաց առաջարկել են «գործարք»: Մասնավորապես, ցուցմունք տալ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ, որի դիմաց նրան ազատ կարձակեն: Ըստ էության՝ վերջինս համաձայնել է: Ասել է թե՝ իշխանությանը ցանկալի բովանդակությամբ ցուցմունքի դեպքում Լուսինե Ավետյանը ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով այսօր՝ հունիսի 5-ն, Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն: Այս մասին ասվում է ՀՔԾ հաղորդագրությունում:

Ինչպես հայտնում է ՀՔԾ-ն, քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լ.Ա.-ն, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100 հազարից 220 հազար դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև, ըստ ՀՔԾ-ի, խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:

Բացի այդ, Լ.Ա.-ն, սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100 հազար դրամ, ապա` ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Կատարվում է նախաքննություն:

Քնար Մանուկյան 




Լրահոս