«Առաքելությունը» ռեբրենդինգի է գնում. նոր անվանումը կլինի «Ապրելու երկիր». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեսրոպ Առաքելյանի «Առաքելություն» կուսակցությունը, որը 2018-ի ընտրություններին ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցեց ընտրություններին՝ ձեւավորելով «Իմ քայլը» խմբակցությունը, եւ ունեցավ պատգամավորական ու Երեւանի ավագանու մի քանի մանդատ, իսկ Մեսրոպ Առաքելյանը զբաղեցրեց վարչապետի խորհրդականի պաշտոնը, 2020-ի նոյեմբերի 20-ին էլ նշանակվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, իսկ 2021-ի ապրիլին ազատվեց պաշտոնից, որպեսզի մասնակցի ԱԺ ընտրություններին, սակայն ինչ-ինչ խնդիրներ խանգարեցին, մեր տեղեկություններով, շուտով ռեբրենդինգի կենթարկվի, անգամ անունը կփոխվի։ Բանն այն է, որ կուսակցությանը հովանավորում է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը, եւ դա նրա պահանջն է։

Առաջիկա քաղաքական պրոցեսը, որին կուսակցությունը պատրաստվում է մասնակցել, Վանաձորի ՏԻՄ ընտրություններն են, որին կմասնակցեն միասնական սոցիալական ծառայության Վանաձորի բաժնի ղեկավար Արմեն Այվազյանի թեկնածությամբ։ Կուսակցության նոր անվանումը կլինի «Ապրելու երկիր»։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք կուսանդամ Վահե Հովհաննիսյանի հետ։ Ճի՞շտ է, որ կուսակցությունն անվանափոխվում է։ «Երբ լինեն նման տեղեկություններ, ավելի հստակ կիմանաք»,- ասաց նա։ Հետաքրքրվեցինք՝ այդպիսի պլաններ կա՞ն։ «Համագումարի պլաններ ունենք, այդ ժամանակ կասենք, հանրությանը մեր որոշման մասին կտեղեկացնենք»։ Ի վերջո, Հովհաննիսյանը հաստատեց, որ կուսակցության նոր անունը լինելու է «Ապրելու երկիր»։ Իսկ կա՞ համագործակցություն Ռուբեն Վարդանյանի հետ։ «Երբ համագումարը լինի, այդ ժամանակ մամուլի ասուլիսով հանդես կգանք, բոլոր հարցերի պատասխանները կունենաք»,- պատասխանեց Հովհաննիսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս