ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է որոշել Կառավարությունը Սևանա լճի հետ կապված. բնապահպաններն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը ոռոգման նպատակով Սեւանա լճից այս տարվա ոռոգման շրջանում ջրառի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը մտադիր է փոխել՝ դարձնելով մինչև 245 մլն մ3: Այս մասին որոշման նախագիծը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն արդեն շրջանառության մեջ է դրել:

Բնապահպաններն այս կապակցությամբ լրջորեն մտահոգված են` ահազանգելով, որ նման չափերի ջրառը կհանգեցնի լճի ջրի մակարդակի նվազմանը: Մինչդեռ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով լճի մակարդակի իջեցումը չի թույլատրվում:
Իր այս որոշման համար որպես պատճառաբանություն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բերել է շոգ եղանակը: Բացի այս, ըստ նախարարության՝ սակավ տեղումներով պայմանավորված Մարմարիկ, Հրազդան, Քասախ եւ Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը եւ ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սեւանա լճից իրականացվել է պլանավորածից շուտ ջրի բացթողումներ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սեւանա լճից 2021 թվականի նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրբացթողումները սկսվել են 10 օր շուտ եւ այդ ընթացքում արդեն իսկ իրականացվել է 29 մլն մ3 ջրառ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներից չնախատեսված ջրալրում իրականացնելու պատճառով օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է շուրջ 21 մլն մ3 ջրի դեֆիցիտը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Սեւանա լճից օգոստոսի 5-ի դրությամբ 2020 թվականին բաց է թողնվել 99.759 մլն մ3, իսկ 2021 թվականին՝ 154.606 մլն մ3 ջուր:
Սակայն մասնագետների պնդմամբ՝ Սեւանա լճից ջրի բացթողումը բացասական է անդրադառնում լճի էկոհամակարգի վրա, բացի այն, որ ջրի մակարդակն է ցածրանում, նաեւ այլ խնդիրներ են առաջանում՝ կապված ջրի ջերմաստիճանի հետ: Այն ջրային պաշարները, ջրաշխարհը, ջրային էկոլոգիան, որը նախկին տարիներին ունեինք, այսպես Սեւանա լճից անընդհատ բացթողումներով վերականգնել հնարավոր չէ: Մինչդեռ ամեն տարի մեր Կառավարությունը նույն պատճառն է բերում, թե սակավաջուր տարի է, եւ նման չափերի ջրառ անում:

Ս.Հ.




Լրահոս