Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բետիսը» և Հռոմի «Ռոման»։
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբն արդեն իսկ կապվել է «Ռեալի» ղեկավարության հետ և հայտնել Սեբալյոսի տրանսֆերային իրավունքը գնելու իր ցանկության մասին։ Հռոմեացիները պատրաստ են կիսապաշտպանին առաջարկել պայմանագիր՝ նախատեսված մինչև 2026 թվականը։
Միևնույն ժամանակ «Բետիսի» ղեկավարությունը ցանկանում է վարձակալել կիսապաշտպանին։ Անդալուսական ակումբի նախագահ Անխել Արոն նշել է, որ առաջիկա ամռանն իրենք կփորձեն իրականացնել գործարքը։ Նախագահը նշել է, որ տեղափոխությունն առաջիկա ձմռանը չի կայանա, քանի որ իրենց ակումբն այս պահին ամբողջովին ձևավորված է։
Սեբալյոսը, որը նախորդ երկու մրցաշրջաններում վարձավճարով հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում», ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում դեռևս ոչ մի հանդիպման չի մասնակցել։