Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին – հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ: Նախագծով սահմանվում են կարգավորումներ օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող, վերանայվում են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման, այդ հարկ վճարողերի գործունեության նկատմամբ մշտադիտարկման իրականացման կարգավորումները, ինչպես նաև սահմանվում են հավաստագրի գործողության դադարեցման հետ կապված դրույթներ։
Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021 թվականին՝ օրենքի մակարդակով, և նպատակ է ունեցել խրախուսելու հարկային կարգապահությունը՝ որպես մշակույթ արմատավորելու հարկերի վճարումը, ինչպես նաև ապահովելու հարկային վարչարարության շարունակական բարելավումը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ օրինապահ հարկ վճարողի համակարգն առավել գրավիչ դարձնելու, համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ նախատեսելու, ինչպես նաև հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները կատարելագործելու նպատակով այս փաթեթով առաջարկվում են կատարել փոփոխություններ:
«Նախ՝ առաջարկում ենք օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ դադարեցման իրավունքով, միաժամանակ իրականացնել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում՝ եռամսյակային կտրվածքով, որը նպատակ ունի ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի դրսևորումը՝ առանց 12 ամիսը մեկ անգամ նոր դիմում ներկայացնելու: Մյուսը՝ մեր համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0,8 գործակից, ինչը նշանակում է 20 տոկոսով նվազեցնել ռիսկերը։ Վերջինս նվազեցնելու է համալիր ստուգումների հաճախականությունը նման հավաստագիր ունեցողների մոտ։ Երրորդ՝ այդ հավաստագիրն ունեցող հարկ վճարողների մասով, հարկ վճարողների սպասարկման գործառույթի անհատական իրականացման հնարավորության ներդրում՝ նշանակելով սպասարկման համապատասխան մասնագետ օրինապահ հարկ վճարողի համար»,- ասել է Էդուարդ Հակոբյանը:
ՊԵԿ նախագահը տեղեկացրել է նաև, որ զուգահեռաբար նախատեսվում է Կառավարության որոշման նախագիծ, որով վերանայվելու են օրինապահության չափանիշները։ Ըստ նրա՝ նաև նախատեսվում է ՊԵԿ նախագահի հրամանով մեղմել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցողների համար ԱԱՀ-ի վերադարձի ռիսկայնության չափանիշները։
Էդուարդ Հակոբյանը նշել է նաև՝ նախագծի քննարկումն այսօր խորհրդանշական է, քանի որ 2021 թվականին այս փաթեթով Հարկ վճարողի օր է սահմանվել՝ ապրիլի 19-ը․
«Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհավորել բոլոր հարկ վճարողներին գալիք տոնի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նրանց՝ հարկերը շատ պատշաճ ու կարգապահ ձևով վճարելու և միասին բարձր արդյունքներ գրանցելու կապակցությամբ»։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չի հոգնի անընդհատ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող տնտեսվարողներին շնորհակալություն հայտնել:
«Շատ խորհրդանշական է, որ տվյալ դեպքում Հարկ վճարողի օրը նաև Քաղաքացու օրվան նախորդում է մի շաբաթով, և այստեղ կա կոնկրետ իմաստ, որովհետև, ըստ էության, ՀՀ բոլոր քաղաքացիներն են հարկ վճարող: Այնպիսի քաղաքացի չկա, որ հարկ վճարող չէ: Ես նորից ուզում եմ հիշեցնել մեր բոլոր քաղաքացիներին, որ անկախ նրանից, թե նրանք ինչ գործունեություն են ծավալում, չկա այնպիսի քաղաքացի, որ գնում չի իրականացնում»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ հարկը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է․ հարկերը պետք է հասնեն ՀՀ պետական բյուջե, որը ՀՀ-ում առկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է․
«Ուզում եմ ընդգծել իմ համոզմունքը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունն առաջին հերթին կախված չէ նրանից, թե այդ քաղաքացին ինչքան ծախս է անում սեփական բարեկեցությունն ապահովելու համար, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունն առաջին հերթին կախված է նրանից, թե ՀՀ պետական բյուջեն և նաև համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում այդ քաղաքացու բարեկեցությունն ապահովելու համար։ Եվ, հետևաբար, հարկերը դեմոնիցազնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական, այլև համարում եմ քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն»:
Երկրի ղեկավարի խոսքով՝ հարկերի հաշվին են ֆինանսավորվում սոցիալական և տնտեսական բազմաթիվ ծրագրեր․
«Մարդիկ աշխատում են, հարկեր են վճարում, այդ թվում՝ հսկիչ դրամարկղային կտրոն են բացթողում կամ պահանջում, այդ գործողությունների արդյունքում գումարները կուտակվում են պետական բյուջե, և պետական բյուջեից արդեն բաշխվում են՝ առողջության ապահովագրություն, կենսաթոշակների բարձրացում, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի աջակցության նպաստ, ուսուցիչների և զինվորականների աշխատավարձերի բարձրացում, ճանապարհների կառուցում, գիտության ֆինանսավորում և այլն։ Ցանկացած բան, որ տեսնում ենք, առնչվում է պետական և համայնքային բյուջեների հետ»։
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ պետական բյուջեն պետք է ընկալել որպես համատեղ ներդրում․
«Բյուջեն ոչ թե մենք տալիս ենք ուրիշին, այլ բյուջեն մեր ընտանեկան ներդրումն է մեր ընդհանուր խնդիրները լուծելու համար։ Պետության մոդելը ճշգրիտ ընտանիքի մոդելն է»։
Վարչապետը շնորհավորել և մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող բոլոր քաղաքացիներին։
«Հարգելի գործընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ձեզ՝ Կառավարության անդամներին, օրենսդիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների մեր գործընկերներին, որովհետև, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու՝ 2017 թվականի համեմատությամբ, 2025 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամուտները և հարկային եկամուտները 130 տոկոսով աճ են արձանագրել։ Եթե հանենք այս տարիների ընթացքում մոտավորապես 29 տոկոսի գնաճի ցուցանիշը, ապա բյուջեն ավելի քան կրկնապատկվել է։ Սա պետական համակարգի, քաղաքացիների և տնտեսվարողների համատեղ ջանքի արդյունքն է»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ Կառավարության գործունեության խնդիրներից է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ աշխատեն, արդյունք գեներացնեն, հարկեր վճարեն, և դրա ծախսման արդյունքում գործունեության ավելի լավ պայմաններ ապահովեն։
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ։ Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ինստիտուտը պետք է զարգացնել և այդ համատեքստում ընդգծել վստահելիության կարևորությունը, որի համար պետք է շատ հստակ չափանիշները լինեն։





























