ԱՄՈԹ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բագրատաշեն-Այրում ճանապարհին տեղի ունեցած սողանքային փլուզումից 11 օր է անցել, սակայն մինչ օրս զոհվածների հարազատներին որեւէ պետական օգնություն չի ցուցաբերվել: Ավելին, այս ընթացքում տեղի ունեցած  կառավարության նիստերում  նման  հարց անգամ չի էլ բարձրացվել: Ինչպես երեկվա նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, սողանքից տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կարգավորման դաշտում չէ, քանի որ օրենքով սոցիալական օգնություն է ցուցաբերվում միայն այն դեպքում, երբ դժբախտ պատահարը տեղի է ունենում աշխատանքի վայրում: Իսկ աղետից տուժածներն, այդպիսով, սոցիալական օգնություն չեն ստանում, եթե կառավարությունը հատուկ որոշում չընդունի: «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, սակայն Ձեր հարցն արդեն իսկ ինձ հետաքրքրեց, եւ ես կփորձեմ ինչ-որ բան անել»,-աղետից 11 օր անց նախարարը, համենայնդեպս, որոշել է հետաքրքրվել՝ միեւնույն ժամանակ խնդիրը վերահասցեավորելով. «Կառավարությունում հարցի բարձրացման նախաձեռնողն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չպետք է լինի, դա պետք է լինի կա՛մ ԱԻՆ-ը, կա՛մ տրանսպորտի նախարարությունը… չգիտեմ»: Բայց ԱԻՆ-ի գործառույթը մարդկանց փրկելն է ու արտակարգ իրավիճակների կանխարգելումը: Ամեն դեպքում փաստն այն է, որ աղետից 11 օր անց զոհվածների ընտանիքներին  որեւէ  սոցիալական աջակցություն չի տրվել: Եւ դա այն դեպքում, երբ նրանց գերակշիռ մասի, մասնավորապես զոհված Սորսումատյան եղբայրների բազմազավակ ընտանիքի ծայրահեղ ծանր սոցիալական վիճակի մասին բարձրաձայնվել է:  Անկախ այն բանից, թե զոհվածների ընտանիքների սոցիալական օգնության հարցն օրենքով որ գերատեսչության պարտականությունն է եւ ինչ ընթացակարգ ունի, առնվազն  բարոյական չէ, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս «Հայկական աշխարհ»-ի մասին ճառող Տիգրան Սարգսյանի, մինչ օրս չի փորձել ձեռք մեկնել այդ աշխարհի ընդամենը 5 ընտանիքներին իրենց ողբերգության պահին: Ողբերգություն, որի մեղավորն, ի դեպ, ոչ միայն բնությունն էր, այլեւ նույն այդ կառավարությունը, որի պաշտոնական անփութության արդյունքում ժամանակին չկանխարգելվեցին սողանքային ռիսկերը: Իսկ ինչ վերաբերում է կառավարությունում հարցը բարձրացնելու ընթացակարգին, ապա սա այն դեպքն է, երբ Տիգրան Սարգսյանն ինքը կարող էր դա անել:  Հ.Գ. ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը երեկ ասել է, թե կառավարությունը սպասում էր, որ բոլոր կորածները գտնվեն, նոր որոշում կայացվի: Ստացվում է, որ եթե փրկարարներին չհաջողվեր հայտնաբերել զոհվածներից որեւէ մեկի դիակը, ապա կառավարությունը նրա ընտանիքին օգնություն չպիտի՞ ցուցաբերեր: Դա նույնն է, թե Սոչիի հայտնի ավիավթարից հետո կառավարությունն ասեր, որ օգնություն կտրամադրի միայն այն բանից հետո, երբ անհետ կորած բոլոր ուղեւորների դիակները հայտնաբերվեն ծովի հատակից:




Լրահոս