Թիվ 30 ՏԸՀ-ն որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ամասիա խոշորացված համայնքի ավագանիների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած դիմումը՝ թիվ 30 Տարածքային ընտրական հանձնաժողովը որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում ավագանու ու համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ԿԸՀ-ն ստացել էր Ամասիա համայնքում ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին ավագանիներից, ԿԸՀ-ն էլ դիմումը ներկայացրել էր ՏԸՀ:

Տարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ տվյալ որոշման ընդունումը վեր է ՏԸՀ լիազորություններից, իսկ ՔՊ նախկին ավագանիների պահանջը՝ ժամանակավրեպ՝ ընտրություններից շուրջ մեկ ու կես ամիս անց: «Մենք նման որոշում կայացնելու իրավունք չունենք: Կուսակցությունը օրենքով ներկայացված ժամանակահատվածում ոչ մի բողոք ընտրական հանձնաժողով չէր ներկայացրել, ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ այսպիսով ընդունելով ընտրությունների արդյունքները»,-նշում է Արթուր Խաչատրյանը՝ տեղեկացնելով որ բողոքարկող կողմի ԿՀԸ ներկայացված դիմումը կարող է քննվել վարչական դատարանում, իսկ մինչ այդ Ամասիա խոշորացված համայնքի ավագանին կշարունակի գործել :

«Ընդհանուր 15 մանդատ է բաշխվել, որքան և պահանջվում է ըստ օրենքի»,-նշել է ՏԸՀ նախագահը:

Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում, Ամասիայում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Արփի-Ամասիա» դաշինքը հավասար՝ վեցական մանդատ էին ստացել, իսկ ՀՀԿ-ն՝ 3-ը։ «Արփի-Ամասիա» դաշինքն ու ՀՀԿ-ն միավորվելու որոշում էին կայացրել՝ հայտարարելով, որ պատրաստ են Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ ղեկավարել համայնքը։ Այնուհետեւ «Արփի-Ամասիա» դաշինքը որոշել էր միանալ ՔՊ-ին, սակայն մերժում էր ստացել, քանի որ «Արփի-Ամասիա»-ն միավորվելու իր նախապայմանն էր դրել՝ ղեկավարը Ջեմմա Հարությունյանն է լինելու։ՔՊ-ի թեկնածուներն ինքնաբացարկ ներկայացրին՝ հույս ունենալով, որ նոր ընտրություններ կանցկացվեն՝ հիմք ընդունելով այն, որ ավագանու կազմը լիարժեք ձևավորված չէ՝ չի ձևավորվել ավագանու անդամների 2/3-ը և անհրաժեշտ է ևս 2 ավագանու ներկայություն ։




Լրահոս