«ՊՈՐՏՖԵԼԸ ՎՍՏԱՀՈՂԻՆ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա անդրադարձավ հայաստանյան ներկայիս իրավիճակին, գնաճին: «Մինչեւ ուղտը մարդու դռան դեմը չի չոքում, չեն հասկանում՝ իրենց ինչ է սպասվում: Նա նշեց, թե ՏԻՄ ընտրությունների արդյունքները վկայում են, որ մարդկանց մտածելակերպը փոխվել է»,-նշեց նա:

 

-Պարո՛ն Խաչատրյան, ամբիոնից խոսում էիք դելիկատես ուտեստների մասին, իհարկե դրա մեջ հեգնանք կար՝ կապված թանկացումների մասին: Ասացիք, որ այսպես շարունակվի, բորշը կհամարվի թանկարժեք ուտեստ: Հիշում եմ մեր մեկ այլ հարցազրույց, որ ասացիք՝ երբ մարդիկ  կարտոֆիլը 1000 դրամով գնեն, կասես, դե, ոչինչ, կարեւորը մեր վարչապետ Փաշինյանը լինի: Նման համեմատություններ մինչեւ ե՞րբ ենք անելու: Կա՞ այս հարցի պատասխանը:

-Այն մարդիկ, որոնք ասում էին, որ կատրոֆիլը 1000 դրամ թող, բայց Փաշինյանը լինի մեր վարչապետը, հիմա վերանայել են իրենց մոտեցումները: Այսպիսի մի խոսք կա՝ մինչեւ ուղտը մարդ դռանը չի չոքում, չի հասկանում, թե ինչ է իրեն սպասվում: Գների այս անկասելի աճը, որ ունենք, ցույց է տալիս շատերի  այն հույսը, թե «Ապագա կա, կա ապագա», գնալով սկսում է մարել, եւ տեղական ինքնակառավարման ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» գրանցած արդյունքները հենց դա են ցույց տալիս: Մարդիկ այլեւս սին հույսերի չեն ուզում հավատալ:

-Երբ շփվում եք մարդկանց հետ, ինչպիսի՞ տրամադրություններ եք նկատում: Դեռ կա՞ն այն հույսերը, որ ինչ ուզում է՝ լինի, միայն իշխանությունը մնա իշխանության: Այսինքն՝ մարդկանց ապրելակերպի մասով երբ զրույցներ եք ունենում, ի՞նչ են Ձեզ փոխանցում:

-Կան, իհարկե, կան մարդիկ, որոնք ասում են՝ թող լինի, բայց նրանց կողմից աջակցությունը հիմնականում էմոցիոնալ դրսեւորում ունի: Իհարկե, կան մարդիկ, որոնք աջակցում են Փաշինյանին, բայց այն, որ իր աջակիցների բանակը գնալով նվազում է, դա էլ անկասելի է:

-Ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը: Նա ասաց, որ երկնիշ աճի մասով կատակ է արել: Դուք էլ եք նախկինում նախարար եղել, այդ պորտֆելը նախարարներին կատակ անելու համա՞ր են տալիս:

-Այդ պորտֆելը նախարարին տալիս են, որպեսզի ինքը ոլորտ կառավարի, ոլորտի քաղաքականություն մշակի, ոչ թե  որպեսզի կատակ անի եւ մարդկանց կեղծ ու սուտ հույսեր տա, խաբի մարդկանց: Ինքն ասում է՝ մարդկանց կատակով խաբել եմ: Դա է այս կառավարության անդամը: Ես իրեն չեմ մեղադրում, դա ինքն է, իր էությունը: Ես մեղադրում եմ նրան, որն իրեն այդ պորտֆելը վստահել է:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՄԱՀԱՓՈՐՁԻՑ ԱՌԱՋ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱՆՑԵԼ Է Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ

Ինչպես հայտնի է, օրերս դատարանը արդարացրել էր Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Շշի Մելոյի՝ Մելիք Մանուկյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածներին, եւ նրանք ազատ էին արձակվել: Ասել է թե՝ վերոնշյալ անձինք նախկին պատգամավորի սպանության փորձի կազմակերպման հետ որեւէ առնչություն չէին ունեցել:

Նշենք, որ 3 անձ` 56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը եւ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը մեղադրվում են Մելիք Մանուկյանին ճանապարհին գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված պայթուցիկով նրա ավտոմեքենան պայթեցնելու ու նրա մահափորձի կազմակերպման ու իրականացման համար։ Դեպքը եղել էր 2019 թվականին. Երեւան-Սեւան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր Մ.Մանուկյանի (Շշի Մելոյի) «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» եւ «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ: Պայթյունի հետեւանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի եւ Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը պատկանում է նախկին պատգամավորին, երկրորդ մեքենայի մեջ

 

պայթյունի պահին եղել են նրա թիկնապահները։

Ստացվում է, որ նախաքննական մարմինը երկու տարի անձանց անհիմն պահել է կալանքի տակ եւ մեղադրել ծանր հանցագործության մեջ: Ի՞նչ շահագրգռվածություն է ունեցել նախաքննական մարմինը՝ այս անձանց կալանավորելով, եւ, ի վերջո, դատարանում ի՞նչ է ասել նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը:

Քնար Մանուկյան

 

 

 

 

ՄԻԱՅՆ ԿՌՎՈՎ ԱՉՔԻ ԸՆԿԱԾԸ

Մաթեւոս Ասատրյան. այս անուն-ազգանունը քչերին է ծանոթ, իսկ պատճառն այն է, որ նա յոթերորդ եւ ութերորդ գումարման խորհրդարանի ամենաչխոսկան պատգամավորներից է, սակայն տեղն եկած ժամանակ նա աչքի է ընկնում խորհրդարանում կռիվներին մասնակցելով կամ ամբիոնից հոխորտալով:

Այսպիսով, ի՞նչ է հայտնի Մաթեւոս Ասատրյանի մասին: Նա յոթերորդ գումարման խորհրդարանում պատգամավոր էր դարձել Արագածոտնի մարզից, իսկ այս անգամ՝ ՔՊ ցուցակով: Նկատենք՝ նա ՔՊ այն պատգամավորներից է, որ 100 հազար դրամ բնակվարձի փոխհատուցում է ստանում, սակայն վերջինիս ունեցվածքի եւ գույքի հայտարարագիրը բավական խոսուն է:

Այսպիսով, պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, ունի 5 հողամաս Արագածոտնի մարզի Ապարան համայնքում, հողին ամրակցված այլ անշարժ գույք, ավտոտնակ եւ նոր կառուցված ինքնակամ կառույց: Բացի այս, պատգամավորն ունի նաեւ 2007 թվականի թողարկման «ՈւԱԶ» եւ 2019 թվականի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:

Հայտարարագիրը ներկայացնելու պահին Ասատրյանը բանկում ունեցել է 258 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 1 մլն 500 հազար դրամ, եկամուտն էլ կազմել է պատգամավորական աշխատավարձը՝ 7 մլն դրամ, եւ փոխառություն ստացված բանկից՝ 389 հազար դրամի չափով: Ասատրյանի կնոջ հայտարարագրում միայն դրամական միջոցների մասին տվյալներ են՝ 500 հազար դրամ կանխիկ եւ մոտ 200 հազար դրամ բանկում:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՏԵՂՈՒՄ ՉԷ

Ազգային ժողով բարձր տրամադրությամբ եկած շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը դարձավ օրվա ամենաքննադատվածը: Նա այդ պաշտոնին նշանակվեց 2021 թվականի դեկտեմբերի 10-ին՝ թերեւս երկար փնտրտուքներից հետո: Գաղտնիք չէ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավոր չդարձած ՔՊ-ականներին Նիկոլ Փաշինյանի «դաբրո»-ով տարբեր պաշտոններ բաժանեցին: Սիմիդյանին էլ բաժին հասավ նախարարական այս պորտֆելը, չնայած երեկ էլ պարզ դարձավ, որ նա իր տեղում չէ: Իսկ ի՞նչ է արել այս մեկ ամսվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարը: Ուսումնասիրելով նախարարության կայքը՝ տեսնում ենք, որ Սիմիդյանի իրականացված աշխատանքները կապված են եղել միայն Սեւանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների եւ փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքի հետ: Ապա Հակոբ Սիմիդյանն Անտառային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել  նորանշանակ նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին։ Իհարկե, այլ աշխատանքներ Հակոբ Սիմիդյանը թերեւս կատարել է, սակայն դատելով նրա երեկվա պահվածքից՝ նորանշանակ նախարարը դեռ այնքան էլ չի պատկերացնում, թե որտեղ է եւ ինչ պետք է անի, որն էլ հանգեցրել է նման պահվածքի:

 

 

 

ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գրեթե մեկ ամիս է, ինչ Դատական տեղեկատվական համակարգը չի աշխատում, ինչը ամբողջությամբ դժվարացրել է իրավաբանական համայնքի աշխատանքը: Դատական համակարգը ներքին կարգով վստահեցնում է, թե տեխնիկական է խնդիրը, սակայն շան գլուխը թաղված է այլ տեղ: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ դատական տեղեկատվական համակարգը՝ datalex.am-ը սպասարկող ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի ԲԴԽ-ի, ինչպես նաեւ Դատական դեպարտամենտի հետ, խնդիրը չեն կարողանում լուծել, իսկ ընկերություն էլ հրաժարվում է սպասարկել Դատական տեղակատվական համակարգը:

Տեղեկությունը փորձեցինք պարզել Բարձրագույն դատական խորհրդից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ ֆինանսական խնդիրներ չկան, հարցի կարգավորման շուրջ ինտենսիվ աշխատանքներ են կատարվում:

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի  է ունեցել Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական առաջին նիստը։ Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գեւորգ Պողոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 10-ին Հարություն Մանուչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։ Բերդ համայնքի ղեկավարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 

 




Լրահոս