«ՉՆԵՂԱՑԱՆ, ՀԱՍԿԱՑԱՆ ԻՆՁ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը հունվարի 18-ին դարձել է 37 տարեկան: Դերասանուհին ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է առաջին անգամ առանց ընտանիքի անդամների հետ տարեդարձը նշելու որոշման եւ տարիքից չփախչելու մասին:

 

«Իմ կյանքում առաջին անգամ տարեդարձս նշել եմ առանց ընտանիքիս, բայց փոխարենը նշել եմ ընկերուհիներիս հետ: Անկեղծ ասած, ես չէի ուզում մեծ խնջույք անել, պարզապես ուզում էի աղջիկներով, շատ մտերիմ, հարազատ դարձած ընկերուհիներով հավաքվել, լիցքաթափվել եւ հավես օր ունենալ: Իսկ գիշերը, ինչպես ամեն տարի, տղաներս, ամուսինս տորթով, փուչիկներով, նվերներով ինձ գեղեցիկ անակնկալ մատուցեցին»,-նշում է Ծովինարը:

Դերասանուհին մեզ հետ զրույցում ընդգծում է, որ անակնկալներ չի սիրում, չնայած որ  ամուսնու եւ երեխաների համաձայնությունն իր որոշմանն իսկապես անակնկալ է եղել նրա համար. «Ես առհասարակ անակնկալներ չեմ սիրում, քանի որ շատ եմ շփոթվում, բայց այս անգամ  ինձ համար իրական անակնկալն այն էր, որ թե՛ երեխաներս, թե՛ ամուսինս այնքան ըմբռնումով մոտեցան, այնքան ճիշտ մոտեցան, որ ինձ թողեցին իմ մտքերի հետ ազատ եւ ասացին՝ ինչպես կուզես, այնպես էլ կանես: Չնեղացան, երբ ասացի, որ իմ կյանքում առաջին անգամ ծնունդս ուզում եմ նշել առանց իրենց, ընկերուհիներիս հետ: Տարեդրաձս իսկապես անցավ շատ լավ եւ ջերմ մոնթլորտում, խենթություններով լի, եւ իսկապես լիցքաթափվեցինք այնպես, որ մինչ այսօր դեռ ուշքի չենք գալիս» (ծիծաղում է):

Անդրադառնալով իր ներաշխարհին, զգացողություններին՝ Ծովինարը նկատում է, որ նա վայելում է կանացի  ամենագեղեցիկ տարիքն ու գգացողությունները. չէ՞ որ կինն է՛լ ավելի խոհեմ եւ իմաստություն է ձեռք բերում:

«Եվ դա շատ մարդկանց դուր չի գալիս, ինչը շատ վառ արտահայտվեց հենց տարեդարձիս օրվա առթիվ  արված ֆոտոշարքում, թե ես հատուկ ֆոտոշոփեր եմ անում եւ այլն, ինչը իրականության հետ որեւէ կապ չունի, պարզապես տարիների ընթացքում հասկանում ես, թե ինչն է քեզ դուր գալիս, ինչն է ավելի շատ քեզ ընդգծում, սազում, բացի այդ, ավելի իմաստնանում ես, ավելի զուսպ եւ լռակյաց դառնում: Կարծում եմ, որ ես հիմա գտնվում եմ ամենագեղեցիկ տարիքում, դրանից փախչելու, թաքցնելու կամ շփոթվելու ոչինչ չունեմ: Հատկապես այս վերջին երկու տարին այնքան բանի միջով անցանք, որ ավելի զգոն ու զգաստ ենք դարձել»,- մեզ հետ զրույցում եզրափակում է նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

Musk Factor ՖԻԼՄԸ ՄԻԱՑԵԼ Է NASA-ԻՆ

Musk Factor գիտաֆանտաստիկ, երգիծական ֆիլմի ստեղծագործական կազմը համալրել է դոկտոր Արմեն Խրլոփյանը, որն աշխատում է NASA-ի կողմից աջակցվող TRISH-ի (Translational Research Institute for Space Health) գիտական խորհրդատվական խորհրդում։

 

Խրլոփյանը կենսաֆիզիկայի փորձագետ է, որն աշխատում է ինչպես տիեզերագնացի աշխատունակության, այնպես էլ տիեզերական զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար։ Վերջինս Musk Factor-ի թիմին է միացել որպես գիտական խորհրդատու։

«Բազմասերիանոց ֆիլմում գործողությունները տեղի են ունենում 2032 թվականին, եւ ես պետք է Musk Factor-ի թիմին օգնեմ խորհրդատվությամբ այն առումով, թե ուր կարող են հասած լինել տիեզերական տեխնոլոգիաները, եւ թե ինչպես կաշխատեն ապագայում։ Հետաքրքիր թեմա է, իսկ ֆիլմը մեզ փորձում է զգուշացնել ապագայի հետաքրքիր տեխնոլոգիաների եւ դրանց ազդեցության հետեւանքների մասին երգիծանքի տեսքով»,- նշում է հայազգի գիտնականը։

Ֆիլմի պրոդյուսեր Ռաֆայել Թադեւոսյանն էլ ընդգծում է՝ Musk Factor-ի՝ տիեզերքում ներկայացված թեորիաները գիտական ֆանտաստիկայի ժանրից են։ Օրինակ՝ ֆիլմում հարցականի տակ է դրվում Էնշտեյնի հավանականության տեսությունը, եւ հարց է առաջանում՝ արդյոք հնարավոր է գերազանցել լույսի արագությունը 299 792 458 մ / վ-ից, որպեսզի պատումն առաջ ընթանա եւ հնարավոր լինի ստեղծել բոլորովին նոր տեխնոլոգիաներ։ Դոկտոր Խրլոփյանն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում: Նա աջակցություն է ցուցաբերում այնպիսի ստարտափների, որոնք արագ աճում են եւ դիտարկում են առաջադեմ տեխնոլոգիաները:

 

 

ՊԱՏՄԵԼ Է ԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պատմել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ զրույցի մասին։ «Բրենթֆորդի» դեմ խաղում 3։1 հաշվի ժամանակ Ռոնալդուն 71-րդ րոպեին փոխարինվել էր եւ դժգոհություն հայտնել։ «Այդ դրվագից հետո ես Ռոնալդուին ասացի, որ 36 տարեկան է, գերազանց մարզավիճակում է, բայց եթե դառնա գլխավոր մարզիչ, այդ ամենին կնայի գլխավոր մարզիչի տեսանկյունից։ Որոշումներս բխում են բացառապես թիմի շահերից, հույս ունեմ՝ Ռոնալդուն նույնպես այդպես է մտածում։ Նրա դժգոհությունը նորմալ է, հարձակվողը ցանկանում է գոլ խփել, բայց նա խաղում էր թեթեւ վնասվածքից հետո, եւ կարեւոր է հիշել, որ մի քանի օրից եւս մեկ հանդիպում ունենք։ Բացի այդ, «Աստոն Վիլայի» դեմ խաղում 2։0 հաշվից հետո հաղթանակը բաց թողնելուց հետո այս անգամ ցանկանում էինք պաշտպանել մեր առավելությունը, եւ կարեւոր էր վերջնամասում վերադառնալ հինգ պաշտպանի»,-ասել է  Ռանգնիկը: 21 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով 7-րդն է։ «Բրենթֆորդը» 22 խաղում վաստակել է 23 միավոր եւ 14-րդ տեղում է։ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 22-ին կընդունի «Վեստ Հեմին»։

 

 

 

ՆՊԱՏԱԿԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ՆՇԵԼ

Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Անգլիայի առաջնության 17-րդ տուրից տեղափոխված խաղում «Լեսթեր Սիթիի» նկատմամբ 3։2 հաշվով կամային հաղթանակից հետո դժվարացել է ասել, թե ինչ նպատակ ունի «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում։ «Այսօր մենք ցույց տվեցինք, որ երբեք չենք ցանկանում հանձնվել։ Ֆուտբոլիստները գիտեն, թե որն է մեր փիլիսոփայությունը։ Մենք պետք է պայքարենք մինչեւ վերջ եւ ձգտենք արդյունքի։ Այս խաղում պարտությունը ճիշտ չէր լինի։ Բազմաթիվ գոլային պահեր ունեինք, իսկ գոլեր բաց էինք թողնում անհաջող պահերից հետո, բայց մենք մինչեւ վերջին վայրկյանը հավատում էինք։ Ցանկանում էինք նվաճել 3 միավոր եւ արժանի հաղթանակ տարանք։ Հիմա բարդ է ասել, թե որն է մեր նպատակը։ Դեռ երկար ճանապարհ կա։ Հիմա պետք է աշխատել, պայքարել ամեն միավորի եւ արդյունքի համար։ Շատ ծանր է լինելու՝ հաշվի առնելով Պրեմիեր լիգայի մակարդակը»,- Կոնտեի խոսքը մեջբերում է BBC-ն։ 19 խաղից հետո «Տոտենհեմը» 36 միավորով 5-րդն է, «Լեսթեր Սիթին» նույնպես անցկացրել է 19 հանդիպում եւ 10-րդն է՝ 25 միավոր։

 




Լրահոս