Արաբական վեց երկրների ներկայացուցիչներ հավաքվում են Էր Ռիադում՝ Գազայի հարցով խորհրդակցություն անցկացնելու նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Պաղեստինի ներկայացուցիչները հանդիպել են Էր Ռիադում՝ Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է Al-Ekhbariya պետական ​​հեռուստաալիքը։

Նրա հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկում են պաղեստինյան անկլավում հրադադարի ռեժիմը, խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական օգնության ծավալների ավելացման ուղիները, ինչպես նաև «երկու պետությունների լուծումը կյանքի կոչելու քայլերը»։

Ինչպես նշում է Asharq հեռուստաալիքը, խորհրդակցություններին մասնակցում է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն ալ-Շեյխը։ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցություններում միջնորդ հանդիսացող ԱՄԷ-ի և Կատարի ներկայացուցչության մակարդակը չի նշվում։

Ապրիլի 28-29-ը Էր Ռիադում տեղի կունենա Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստ, որի ընթացքում մի քանի երկրների ներկայացուցիչներ խորհրդակցություններ կանցկացնեն Գազայի հատվածում խաղաղ կարգավորման շուրջ։ Մասնավորապես, բանակցություններին ներկա կլինի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, ինչպես նաև Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի ղեկավարները։




Լրահոս