ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախը Հայաստան է և վերջ»-ից մինչև նշաձողի իջեցում». ինչ փոխվեց չորս տարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով տարբեր հայտարարություններ է արել, որոնք հաճախ հակասել են իրար:  Նրա հայտարարությունների բովանդակությունը խիստ տարբեր է եղել՝ կախված ժամանակահատվածից կամ Հայաստանում տիրող իրավիճակից։ Ահա թե այս չորս տարիների ընթացքում վարչապետ ընտրվելուց հետո Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի իրացման թեմայով արած հայտարարությունները որքան են փոխվել:

2018-2019․ Արցախը պետք է բանակցի․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»

Ինչպես հիշում եք՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու անմիջապես հաջորդ օրը առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախ՝ 2018 թվականի մայիսի 9-ին։ Այստեղ Փաշինյանը բավական կոնկրետ էր Հայաստանի՝ բանակցությունների պահանջներից և փոխզիջումների գնալու պատրաստակամությունից խոսելիս. «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

2019 թվականի օգոստոսին վարչապետը հանրահավաք էր կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Հենց այստեղ Փաշինյանն արեց իր ամենանշանավոր հայտարարություններից մեկը՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։

2020 թվականի մայիսին Փաշինյանը Շուշիում մասնակցեց նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը՝ կրկին խոսելով Արցախի ինքնորոշման իրավունքից. «․․․ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը… Եվ ուրեմն, իմ կոչն ու աղերսն է, եկեք մեր ազգային էներգիան և ուժը որևէ կերպ, որևէ հարթակում, որևէ պատճառով չօգտագործենք ինքներս մեզ այս նպատակից շեղելու, այս ճանապարհին հոգնեցնելու, ուժասպառ անելու, հուսահատ դարձնելու համար»։

Իրադրությունը փոխվեց 2020 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո։ Փաշինյանը սկսեց առաջ մղել մինչ այդ Ղարաբաղյան հակամարտության լուծման ավելի հազվադեպ քննարկված սկզբունքը՝ անջատում հանուն փրկության։

Փաշինյանն այս սկզբունքի կիրառման անհրաժեշտության մասին խոսում էր պատերազմի ընթացքում միջազգային մեդիային տված գրեթե բոլոր հարցազրույցներում։ Նա հայտարարում էր, որ «անջատում հանուն փրկությանն» է միակ եղանակը՝ արցախահայության անվտանգությունն ապահովելու, և «ակնկալում» էր, որ միջազգային հանրությունը քայլեր կձեռնարկի Արցախի ճանաչման ուղղությամբ:

Պատերազմի ավարտից անմիջապես հետո էլ Փաշինյանի՝ Արցախյան կարգավորման տեսլականը մնում էր այս սկզբունքի կիրառումը։ 2021 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում Փաշինյանը շարունակում էր խոսել Արցախի անկախության և «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին։

Հունիսի 17-ին՝ նախընտրական քարոզարշավն ամփոփող ելույթում, Փաշինյանը կրկին խոսեց այս թեմայով։ «Հարցի կարգավորման մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը․ մեր համոզմամբ 44-օրյա պատերազմը, ԼՂ-ի հայության ինքնորոշման համատեքստը ավելի է ուժեղացել «անջատում հանուն փրկության» տրամաբանության ներքո, որովհետև ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում, մասնավորապես այնպիսի օրինակներով, ինչպիսիք Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է։ Միջազգային հանրության ուշադրությունը պետք է հետևողականորեն բևեռենք այս և այսօրինակ փաստերի վրա՝ ընդգծելով, որ «անջատում հանուն փրկությանը» հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է»։

Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում ևս «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրացումը առանցքային էր համարվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։

2021 թվականի դեկտեմբերին, թերևս առաջին անգամ Փաշինյանը հրապարակայնորեն և երկար ելույթով անդրադարձավ «Արցախի կարգավիճակի» հարցին․ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն»: Փաշինյանը նաև պարբերաբար հայտարարում էր, որ նախկին իշխանություններն իրեն ժառանգել էին իրավիճակը, երբ «Արցախի կարգավիճակը» արդեն դուրս էր բանակցությունների սեղանից։ Արդեն այս տարվա ապրիլի 13-ին վարչապետը բավական բաց ելույթ ունեցավ խորհրդարանում՝ հայտարարելով, թե միջազգային հանրությունը պահանջում է «իջեցնել» Արցախի կարգավիճակի «նշաձողը»։

Երեկ էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը: Դատելով իրավիճակից՝ չի բացառվում, որ առաջիկայում եւս նրա խոսքերը փոփոխական լինեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս