«Հեղափոխական» ՔՊ-ականները՝ «կիսաքրեական համբավի տեր» Ակայի կողքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առաջին հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ու խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավորները, տոնական միջոցառումների են մասնակցել՝ հիմնականում Ապարանում ու Սարդարապատում:

ՔՊ-ի պատգամավորների հրապարակած լուսանկարներից կարելի է ենթադրել, որ նրանք մայիսի 28-ի տոնական միջոցառումներից զատ, նաև հաճելի ժամանակ են անցկացրել տեղական պաշտոնյաների հետ մեկտեղ:
Լուսանկարներից մեկում ՔՊ-ական պատգամավորների՝ Արփի Դավոյանի, Արմեն Խաչատրյանի կողքին Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարն է՝ Արկադի Փելեշյանը: 2021-ի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո իրավապահ համակարգի ներկայացուցիչները մեկ էլ հանկարծ հիշեցին, որ առավելագույն ձայներ հավաքած Մամիկոն Ասլանյանը կարող է իրավական թեմաների թիրախում հայտնվել, ու նրան զրկեցին ազատությունից:

«Եթե որեւէ մի համայնքում խնդիր կա, ապա հարցերը պետք է արտահերթ ընտրություններով լուծվեն»,- իշխանության գալուց անմիջապես հետո այսպես էր բարձրախոսում Փաշինյանը: Այժմ, սակայն, իրավիճակ է փոխվել իշխող քաղաքական թիմի մոտ, ու «Քաղաքացիական պայմանագիրը», չհաշտվելով մի շարք համայնքներում տարած պարտության հետ, անում է հնարավորը, որ յուրայիններն իշխանության անցնեն հատկապես խոշոր համայնքներում: Նախկին ՕԵԿ-ական Արկադի Փելեշյանի՝ Ակայի մասին «Շարմազանովի սանիկը՝ Վանաձորում կիսաքրեական համբավի տեր Ական՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու» 2016-ի հունիսի 2-ին Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածը վարչապետը, ըստ երեւույթին, կա՛մ մոռացել է, կա՛մ էլ փոխվել են նրա՝ «կիսագողական իշխանիկների» մասին պատկերացումները: Ու այժմ Փելեշյանը, փաստորեն, «նախկինների» արատավոր բարքերը մերժող, քրեական ենթամշակույթն ու կոռուպցիան արմատախիլ անող «հեղափոխակական» ՔՊ-ականների կողքին է հայտնվում:

Իսկ Արկադի Փելեշյանի անունը մի քանի անգամ հայտնվել է քրեական քրոնիկոնում: Նա 2008-ին մեղադրվել է խուլիգանության համար, ընդունել մեղքը ու տուգանք վճարելով՝ ազատ արձակվել: 2016-ին՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ըստ տարբեր հրապարակումների՝ ծեծի է ենթարկել ավետարանչական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկին, սակայն հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ տուժող ճանաչված հոգեւորականը ներել էր Փելեշյանին:

Սևակ Վարդումյան




Լրահոս