Օ.ԴՈՒՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի երաժիշտ եւ դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Օհան Դուրյանի այրին՝ Ալիս Դուրյանը, հասարակական, մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը, հոբելյանական հանձնաժողովի անդամներ, պետական, հասարակական, մշակութային գործիչներ, մտավորականներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Մաեստրոյի հիշատակին եւ  ծաղիկներ խոնարհելու նրա շիրիմին:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կիսվել է իր հիշողություններով եւ պատմել որոշ դրվագներ Օհան Դուրյանի մասին. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա կապակցությամբ, քանի որ նշում ենք Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Ես այն բախտավորներից մեկն եմ, ով հնարավորություն եւ պատիվ է ունեցել 1993 թվականից ճանաչել Մաեստրոյին, շփվել նրա հետ: Նա իր կյանքում երբեւէ չդավաճանեց այն սկզբունքներին, որոնցով ապրել էր: Այդ սկզբունքների պատճառով  նա շատ է տուժել՝ սկզբում Խորհրդային Հայաստանում, երբ ստիպված էր ուղղակի լքել իր հայրենիքը, հետո մեր անկախ Հայաստանում: Սակայն կարծում եմ՝ այսօր ամենակարեւորն այն է, որ մենք հնարավորություն ունենք պետական մակարդակով նշել Մաեստրոյի հարյուրամյակը: Նա ուղղակի չէր հանդուրժում կեղծիքը, հատկապես՝ մասնագիտական շրջանակում: Ովքեր աշխատել են Մաեստրոյի հետ, գիտեն, թե ինչպիսին էր նա իր գործում»:

Հոբելյանական միջոցառումների մեկնարկը կտրվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երեւանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որն ամբողջությամբ նվիրված է Օհան Դուրյանի հոբելյանին:  Սեպտեմբերի 13-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կկայանա Կենտրոնական բանկի կողմից թողարկված Օհան Դուրյանի անվամբ արծաթե հուշադրամի շնորհանդեսը, միեւնույն ժամանակ ԲՏԱ նախարարության եւ «Հայ փոստի» կողմից կթողարկվի Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված նամականիշ:

Հանրային հեռուստաընկերությունը մեծ եթերաժամով անդրադառնալու է 100-ամյակին՝ երեք տարբեր ուղղություններով: Առաջին հերթին հրապարակվելու  են արխիվային բացառիկ տեսանյութեր, երկրորդ՝ Ստաս Նամինի 2006 թ. Օհան Դուրյանին նվիրված ֆիլմը մշակվում է եւ թարգմանվում հայերեն: Եվ երրորդ՝ 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները ակտիվորեն կհեռարձակվեն:

Հայաստանի հանրային ռադիոընկերությունը թվայնացրել է Օհան Դուրյանի ձայնագրությունները, որոնք արդեն հասանելի են լայն հանրությանը:  Շուտով կթողարկվի Օ. Դուրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ Ազատության հրապարակի հարակից տարածքում կտեղադրվի Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած՝ Օհան Դուրյանի քանդակը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

«ԵՍ ԻՆՁ ԶԳՈՒՄ ԵՄ ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ»

Լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյը կիսվել է Երեւանում անցկացվող STARMUS VI փառատոնի շրջանակում ստացած տպավորություններով, հույս հայտնել, որ մի օր կրկին կվերադառնա Հայաստան:

 

«Երեւան, Հայաստան. դա շատ զգացմունքային էր, ռիսկային, ուրախ, աննկարագրելի: Ամիսների նախապատրաստությունից, քննարկումներից, փորձերից հետո մենք այնքան արագ հայտնվեցինք բեմում, եւ այնքան արագ, շատ արագ դա տեղի ունեցավ, մենք խոնարհվում էինք մեր հանդիսատեսի առաջ՝ վայելելով նրանց երջանիկ ձայները»,- նշել է Մեյը:

Ապա նա հավելել է.

«Ես նույնիսկ բառերով չեմ կարող նկարագրել, թե անձամբ իմ հանդեպ սիրելի հայերի ընդունելությունն ինչ նշանակություն ուներ. այնքան սեր կար, ասես վաղուց կորած եւ վերադարձող երեխա կամ ամուսին, կամ պապիկ լինեի…   շատ շնորհակալ եմ:  Ես ինձ լիովին զգում էի ինչպես տանը»:

Նա հույս է հայտնել, որ մի օր կվերադառնա՝ գուցե այլ հանգամանքներում:

 

 

 

 

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԶԻՋԵՑ

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի մեկնարկում Երեւանի «Փյունիկը» մրցեց շվեյցարացկան «Բազելի» հետ: Հայաստանի չեմպիոնը մեկնարկային տուրում 1։ 3 հաշվով զիջեց «Բազելին»: Երեւանյան ակումբի կազմում աչքի ընկավ միայն Արտակ Դաշյանը:

 

 

 

 

ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻ ԶՈՒՅԳԵՐ

Սլովենիայում եւ Լեհաստանում անցկացվող վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։

Իտալիայի հավաքականը քառորդ եզրափակիչում 3:2 (24:26, 25:21, 23:25, 25:22, 15:12) հաշվով հաղթեց Ֆրանսիայի թիմին եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Սլովենիայի թիմի հետ, որը 3:1 (18:25, 26:24, 25:19, 25:23) հաշվով պարտության էր մատնել ուկրաինացիներին։

Բրազիլիայի հավաքականը 3:1 (25:16, 23:25, 25:23, 25:21) հաշվով հաղթեց արգենտինացիներին եւ կիսաեզրափակիչում կմրցի Լեհաստանի հետ, որը պարտության մատնեց ամերիկացիներին՝ 3:2 (25:20, 27:25, 21:25, 22:25, 15:12)։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 10-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում։

 

 

 

ՀՈՒՆԱ- ՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏ

Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է աշխարհի առաջնության:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկող աշխարհի առաջնությունում Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու կազմում հանդես կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը(60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Իսկ ազատ ոճայինների թիմում ընդգրկված են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ):

 

 

 

 

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՈՉ-ՈՔԻ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի «Նիս»-«Քյոլն» հանդիպմանը: ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում «Քյոլն» արտագնա խաղում մրցել է «Նիսի» հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Քյոլնի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման է դուրս եկել 56-րդ րոպեին:

 




Լրահոս