ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին և տեղակալներին աշխատասենյակում ծեծի են ենթարկել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մոտ մեկ ամիս առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին եւ տեղակալներին հենց աշխատասենյակում ծեծի են ենթարկել: Պատմությունը կապված է Երեւանի Կենտրոնում գտնվող խաղահրապարակի հետ. բնակիչները երկար ժամանակ դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, տեղակալներին՝ խնդրելով բարեկարգել իրենց բակի տարածքը, սակայն ոչինչ չի արվել: Մոտ մեկ ամիս առաջ Երեւանի կենտրոնի մի քանի բնակիչներ գնացել են թաղապետարան՝ պարզաբանումներ ստանալու: Խոսակցությունը փոխթաղապետ Ռոմանոս Սաֆարյանի սենյակում է ծավալվել ու չի ստացվել, քանի որ փոխթաղապետը օգտագործել է պաշտոնյային ոչ հարիր բառապաշար՝ «սպրո՞ս եք անում» հարցադրումով: Երեւանի բնակիչներն էլ, որոնցից մեկը քրեական աստիճանակարգով բարձրագույն կոչում է ունեցել, բացատրել է, որ իրենք այդ նպատակով չեն եկել: Այսպես, փոխթաղապետ Ռոմանոս Սաֆարյանի հետ քաշքշուկ է եղել, քարտուղարուհին շտապ կանչել է մյուս փոխթաղապետին՝ Նիկոլայ Սարիբեկյանին: Այնուհետեւ սենյակ է եկել թաղապետ Սամվել Ղուկասյանը, որոնք բոլորն էլ հասցրել են հարվածներ ստանալ հենց աշխատասենյակում:

Ծեծկրտուքից հետո բնակիչները դուրս են եկել շենքից, իսկ թաղապետ Ղուկասյանը դիմել է ինչպես Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, այնպես էլ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին: Քրեական ենթամշակույթը խիստ մերժող Նիկոլ Փաշինյանի իշխանության համայնքային ներկայացուցիչները խնդիրը ոչ թե լուծել են իրավապահների միջոցով, այլ «օրենքով գողերի» օգնությանն են դիմել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի առնչությամբ զանգահարեց Կենտրոն վարչական շրջան՝ խնդրելով տալ այն փոխթաղապետի հեռախոսահամարը, որի աշխատասենյակում ծեծկրտուք է եղել: Աշխատակցուհին միանգամից փոխանցեց Ռոմանոս Սաֆարյանի հեռախոսահամարը, սակայն ո՛չ նա, ո՛չ մյուս փոխթաղապետը կամ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը չմեկնաբանեցին կատարվածը: Զրուցեցինք Տիգրան Մարտիրոսյանի հետ, որը կոմունալ բաժնի պետն է։ Վերջինս ասաց. «Դուք սխալ ինֆորմացիա ունեք: Եթե նմանատիպ բան լիներ, միանշանակ ոստիկանություն կհրավիրվեր»: Թաղապետարանի ծեծից հետո «օրենքով գողերի» օգնությանը դիմելու մասով լուրը, բնականաբար, հերքեց նաեւ Տիգրան Ավինյանը, սակայն թաղապետարանի աշխատակիցները պատմում են ծեծի մանրամասները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս