ՔՊ-ականը քույրերին աշխատանքի է տեղավորում․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանն ազատվել է պաշտոնից եւ այլ աշխատանքի անցել առողջապահության նախարարությունում: Փորձեցինք Կարապետյանից ճշտել, թե նախարարությունում ինչ պաշտոն է զբաղեցնում, նա չպատասխանեց․ «Ձեր բոլոր հարցերն ուղղեք նախարարությանը»: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանին հարցրինք, թե ով է նշանակվել «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար, եւ երբ տեղի կունենա տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը։ «Հարցերը գրավոր ուղարկեք»,- եղավ ստանդարտ պատասխանը:

Մենք մեր աղբյուրներից տեղեկացանք, որ «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ Հարություն Դավթյանին: Առաջիկայում կկայանա մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար: Մեզ հասած լուրերով՝ ՔՊ-ի Սեւանի տարածքային կառույցի նախագահ Արթուր Լալազարյանը ջանում է քրոջը, ով տվյալ կենտրոնում աշխատում է որպես գլխավոր հաշվապահ, կենտրոնի տնօրեն կարգել:

Ի դեպ, Սեւանում խոսում են, որ մյուս քրոջն էլ՝ Գայանե Լալազարյանին, վերջերս աշխատանքի է ընդունել մարզպետարանի կրթության վարչությունում՝ որպես Սեւանի տարածքի պատասխանատու։ Կապ հաստատեցինք «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Դավթյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ կմասնակցի՞ տնօրենի թափուր պաշտոնի համար կայանալիք մրցույթին։

«Ես չեմ կարող ասել, թե դա երբ կհայտարարվի, ճշտեք նախարարության հետ, իսկ մրցույթին, իհարկե, մասնակցելու եմ»: «Սեւան» կենտրոնի հաշվապահը ե՞ւս կմասնակցի մրցույթին։ «Ես առաջին անգամ եմ լսում այն, ինչն ասացիք: Ես հանրապետական ԲԿ-ից եմ եկել, դեռ նոր ծանոթանում եմ անձնակազմի հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս