
Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության որոշմամբ 2011թ. հոկտեմբեր Ամսվա մարդ է ճանաչվել հանուն Թռչկանի ջրվեժի փրկության պայքարողը (հավաքական կերպար):Որպեսզի Հայաստանի ամենահիասքանչ ջրվեժներից մեկը չդառնա ՀԷԿ, միմյանց ճանաչեցին և բնապահպանների հետ միասին պայքարի ելան մինչ այդ բնապահպանության հետ որևէ առնչություն չունեցող հարյուրավոր երիտասարդներ, իրենց սոցիալական կարգավիճակով, կրթությամբ, անհատական առանձնահատկություններով միանգամայն հակադիր բևեռներում գտնվող մարդիկ: Նրանց միավորում է Հայաստանում առկա ամենաթողությունը, որի զոհն են դառնում ոչ միայն մեր քաղաքացիները, այլև բնաշխարհի հրաշալիքները: Անտեսելով շիրակյան ցուրտը` երիտասարդներն այս օրերին իրական մի վրանային քաղաք են կանգնեցրել Թռչկանի մերձակայքում` գիշեր-ցերեկ պաշտպանելով ջրվեժն ընդմիշտ լռելու վտանգից: Այս պահին էլ նրանք այնտեղ են, իսկ բնապահպանության նախարարը ձև է բռնել, թե ոչինչ տեղի չի ունենում:Չենք լռելու-ն հիշեցնում է Թռչկանի փրկության շարժման կարգախոսներից մեկը` “ՀԷԿտի՛ր Թռչկանից”: