Ալիևի հերթական մանիպուլյացիան ակնհայտ ցուցադրում է Ադրբեջանի նպատակն ու պլանները արցախահայության վերաբերյալ. ադրբեջանագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմի հռետորաբանությունը գնալով կոշտանում է: Պաշտոնական Բաքվից եկող հայտարարությունները վկայում են՝ Ադրբեջանը մտադիր չէ որևէ կերպ Լաչինի միջանցքի բացման հարցով խաղաղ լուծման գնալ:

Ադրբեջանի նախագահն իր վերջին ասուլիսում հերթական անգամ կեղծ հայտարարություններ է արել, թե իրենք չեն փակել Լաչինի միջանցքը, իսկ Արցախի այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում լինել Ադրբեջանի քաղաքացիներ ՝ ճանապարհը փակ չէ, կարող են հեռանալ։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան կարծում է, որ Արբեջանի նախագահի այս մանիպուլյացիան ակնհայտ ցուցադրում է Ադրբեջանի նպատակն ու պլանները արցախահայության վերաբերյալ՝ ճնշել, վախեցնել և ստիպելով հայաթափել Արցախը:

Փորձագետի խոսքով՝ Ալիևը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի կազմում հայերը ապրել չեն համաձայնվի.
«Սրան են ուղղված նաև խաղաղապահներին 2025 թվականին տարածքից դուրս բերման Ադրբեջանի պլանները, քանի որ Ադրբեջանը ռուս խաղաղապահներին մանդատ տրամադրելու փաստաթուղթը, ըստ Փաշինյանի, չի ստորագրել, հետևաբար, Հայաստանի իշխանությունը նախ պետք է պարզաբանի՝ ի՞նչ է մտնում խաղաղապահների մանդատի շրջանակների մեջ, ինչպե՞ս են իրենք, նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա հղում անելով, թողնում 120 հազար համաքաղաքացիների ճակատագրի վերաբերյալ պատասխանատվությունը խաղաղապահների վրա՝ չճշտելով նրանց գործառույթի շրջանակները ու սահմանները»,-ասում է ադրբեջանագետը:

Փորձագետն արձանագրում է՝ Հայաստանի իշխանությունն արցախահայերի կյանքի իրավունքի ու անվտանգության ապահովման հարցում ձեռքերը լվացել է՝ չստանալով հստակ միջազգային մանդատով երաշխիքներ։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս