ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդագիրը։ Քննարկման ժամանակ, կամա, թե ակամա, Աննա Վարդապետյանը խոստովանեց, որ Սեյրան Օհանյանի մասով այս քրեական հետապնդումը հարուցվել է նաեւ այն պատճառով, որ վերջինս չի միջնորդել վաղեմության հիմքով գործը կարճելու համար։ Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հարց ուղղելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հետաքրքրվեց. «Եթե Սեյրան Օհանյանը ներկայանար Ձեզ կամ մարմնին համապատասխան եւ ընդուներ իր մեղքը, ենթադրենք՝ խնդրեր վաղեմության ժամկետ կիրառել, ի՞նչ տեղի կունենար»։ «Մենք վաղեմության ժամկետի կիրառման հիմքով իր նկատմամբ, բնականաբար, քրեական հետապնդում չէինք հարուցի, բայց քննությունը կշարունակեինք՝ արդեն այս փաստն ունենալով մեր գործի նյութերում այլ անձանց վերաբերյալ, որովհետեւ այստեղ մի անձ չէ, միայն Սեյրան Օհանյանը չէ», -ասաց գլխավոր դատախազը: Այսինքն՝ նա խոստովանեց, որ Սեյրան Օհանյանի ետեւից եկել են խորհրդարան միայն այն պատճառով, որ վերջինս չի խնդրել վաղեմության ժամկետ կիրառել։  Ընդ որում՝ այս հարցն ու ձեւակերպումը հնչեց տարբեր կերպ եւ ամբողջ քննարկման ժամանակ։ Ուշագրավ մտքեր հնչեցին նաեւ ՔՊ-ական պատգամավորների կողմից։ Օրինակ՝ նախկին ՀՀԿ-ական, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ելույթ ունենալիս նշեց.  «Պատկերացնո՞ւմ եք, որ որոշակի վարձու լրագրողներ, գրչակներ, խմբագիրներ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին, եթե հանկարծ պարզվեր, որ զորամաս է փակվում Հայաստանում կամ վաճառվում»։ Այստեղ թերեւս պետք է հիշեցնել, որ նախորդ տարի՝ 2022թ. ապրիլի 15-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չզեկուցվող հարցերից մեկով  վաճառքի հանվեց Երեւանում եւ մարզերում Պաշտպանության նախարարությանը պատկանող 72 անշարժ գույք, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության նախկին շենքը, զորամասեր, հողատարածքներ։ Ընդ որում՝ հետպատերազմական ծանր իրավիճակում գտնվող Հայաստանը որոշել էր ՊՆ-ին ամրացված ռազմական գույքեր վաճառել նաեւ Ադրբեջանի հետ սահմաններ ունեցող մարզերում: Մասնավորապես, վաճառքի հանված երկու զորամաս գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Երեկ, սակայն, Սեյրան Օհանյանին մեղադրում էին, թե նրա օրոք վաճառվել է Նախիջեւանի սահմանին գտնվող զորամասը։ Նկատենք՝ ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել էր, որ Սեյրան Օհանյանի օրոք վաճառված ՊՆ տարածքը գործող զորամաս չի եղել, եւ ավելին՝ պիտանի զորամաս չի եղել, սակայն սա էլ չի խանգարել, որ Օհանյանի հարցով Վարդապետյանը ԱԺ մտնի:

 

 

 

 

ՔՊ-ականները երեկ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ճանապարհելուց հետո, «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում: ՔՊ-ականների բարձր տրամադրությունից սկզբում տպավորություն է ստեղծվել, թե նրանց շատ է  ոգեւորել Աննա Վարդապետյանի ելույթը՝ Սեյրան Օհանյանին անձեռնմխելությունից զրկելու մասով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՔՊ-ականները Վարդապետյանին ճանապարհելուց հետո՝ մինչեւ  Սուրեն Պապիկյանին դռնփակ նիստում դիմավորելը, պատգամավորներից մեկի աշխատասենյակում վերջինիս ծնունդն են նշել: Տեղեկացանք, որ ՔՊ-ականները հավաքվել են ֆուրշետի սեղանի շուրջ ու մի լավ ուրախացել: Պապիկյանի՝ ԱԺ գալուն պես, սակայն,  ՔՊ-ականները դադարեցրել են իրենց քեֆ-ուրախությունը եւ շտապել են նախարարի հետ փակ հանդիպման: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները Պապիկյանի հետ հանդիպմանը եւս շատ բարձր տրամադրություն են ունեցել:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս շաբաթ որոշումներ է կայացնելու՝ Ազգային ժողովի ՔՊ-ական, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների նկատմամբ՝ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով հարուցված վարույթներով: Ի դեպ,  գրել  էինք, որ պատգամավորները ստացել էին հանձնաժողովի ծանուցումները, որ իրենց դեմ վարույթ կա: Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ: Ստացվում է, որ հանձնաժողովը պատգամավորների գործունեության մասով խախտում է գտել (նրանք նաեւ բիզնես գործունեությամբ են զբաղվում), ինչը անհամատեղելի է: Իսկ ովքե՞ր են այն պատգամավորները, որոնց նկատմամբ հանձնաժողովը վարույթ է հարուցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վարույթ է հարուցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ եւս մի քանի ՔՊ-ականների մասով.  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեռեւս անցած տարի Գեղամ Նազարյանը հաստատել էր, որ ծանուցում ստացել է հանձնաժողովի կողմից՝ իր նկատմամբ հարուցված վարույթի մասով, եւ նշեց, որ դա թյուրիմացություն է եղել. ինքը կգնա վարույթի մասով նշանակված նիստին եւ կպարզաբանի ամեն ինչ: Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ ծանուցումը ստացել են, եւ տեղի ունեցածը իրենց համար թյուրիմացության հետեւանք է, ինչով այս պահին զբաղվում են իրավաբանները: Պետք է շտկվի խնդիրը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 107 պատգամավորների հայտարարագրերը ուսումնասիրվում են, եւ չի բացառվում, որ ցանկը այսքանով չավարտվի, այլ պատգամավորների մասով եւս խախտումներ հայտնաբերվեն:

 

 

 

Հայաստանում գործող տուրընկերությունները լուրջ խնդիրներ են առաջացրել քաղաքացիների համար: Խոսքը դեսպանատներում օր վերցնելու մասին է, որը, քաղաքացիների համոզմամբ, վերածվել է շահութաբեր առեւտրի: Օրինակ՝ եթե ցանկանում ես վիզա ստանալու նպատակով մտնել որեւէ դեսպանատուն եւ օր չունես ամրագրած, ապա հոգ չէ. կան տուրօպերատորներ, որոնք նախապես ամրագրած օրերը կարող են վաճառել՝ 15000 դրամից մինչեւ 50000 դրամով: Այս թեմայի շուրջ ահազանգեր «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի ամիս է, ինչ ստանում է: Նրանց պատմելով՝ հայտնի է, որ տուրընկերության աշխատողները դեսպանատներում օրեր ամրագրում են գիշերվա ժամերին, վարկյանների ընթացքում: Չի բացառվում, որ որոշ տուրընկերություններ դեսպանատների հետ ներքին պայմանավորվածություն ունեն եւ նախապես զգուշացվում են, թե որ օրը որ ժամին է ազատ տեղ  բացվելու: Այս ծառայությունը նրանք չեն ձեւակերպում որպես վաճառք, այլ նշում են, որ թարգմանություններ են արել, քաղաքացու փոխարեն փաստաթղթեր են լրացրել: Ուշագրավն այն է, որ որեւէ պետական կառույցի կողմից այս գործընթացը չի վերահսկվում: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում գուցե տեղյակ են, բայց լռում են՝ անգործություն դրսեւորելով: Իսկ Զբոսաշրջության պետական կոմիտեից տեղեկացնում են, որ ապացույցներ չունեն, որ տուրընկերություններն «օրեր են վաճառում»: Մյուս կողմից՝ նույն կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ իրենք եւս այս խնդրի շուրջ բազմաթիվ բողոքներ են ստացել քաղաքացիներից, որոնք անմիջապես փոխանցել են Արտաքին գործերի նախարարություն, սակայն անարդյունք. պետական այս կառույցից զբոսաշրջության կոմիտեն դեռեւս արձագանք չի ստացել: Գուցե իրավապահ մարմինը սկսի ուսումնասիրել խարդավանքների այս պտույտը:

 




Լրահոս