Ինչու՞ վարչապետի խոսնակները մեկ տարուց ավել չեն պաշտոնավարում. Փաշինյանի հետ բարդ է աշխատելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում 4-րդ մամուլի քարտուղարն է փոխում:
Հեղափոխությունից հետո՝ 2018թ-ից վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Արման Եղոյանը, որն այեղժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է:
Եղոյանը պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի, դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով Արման Եղոյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:

Արման Եղոյանին հաջորդեց Վլադիմիր Կարապետյանը, որը եւս պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի՝ 2019-2020թթ-ին: Նա 2021 թվականի հունիսից մինչ օրս Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է: 2020թ-ին վարչապետի խոսնակի պաշտոնում նշանակվեց Մանե Գեւորգյանը. նա եւս մեկ տարուց ավել չպաշտոնավարեց: Մանե Գեւորգյանը մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվել էր 44-օրյա պատերազմի ավարտից ուղիղ մեկ տարի անց՝ 2021-ի նոյեմբերի 9-ին։

Մանե Գեւորգյանից հետո Նիկոլ Փաշինյանի խոսնակի պաշտոնը թափուր մնաց շուրջ երկու տարի:
Նախ արձանագրենք, որ վարչապետի խոսնակները մշտապես աչքի են ընկել լրատվամիջոցների հետ ոչ բարեհաճ աշխատանքով, փակ են եղել մեդիայի համար, հեռախոսազանգերի հազվադեպ են պատասխանել:
Փաշինյանի բոլոր խոսնակների հեռացումները սկանդալային պատմություն են ունեցել:

Մամուլը բազմիցս է անդրադարձել այդ թեմային: Իրականում, Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը շատ բարդ է ու ծանր, քանի որ մշտապես նա սիրում է անհասկանալի ու աղմկահարույց հայտարարություններ անել ու մի կողմ քաշվել, իսկ դրանք պարզաբանելու ու շտկելու ծանր աշխատանքը մնում էր խոսնակների վրա, ինչի պատճառով էլ նրանք ազատման դիմում էին գրում ու հեռանում, այսպես ասած մեկ տարուց ավել չէին «դիմանում»:

Շուրջ երկու տարի թափուր մնալուց հետո՝ միայն երեկ այդ պաշտոնը համալրվեց: Փաշինյանի որոշմամբ՝ Վարչապետի խոսնակի պաշտոնում երեկ նշանակվեց Նազելի Բաղդասարյանը, որ օրենսդիրում ու գործադիրում մի շարք պաշտոններ է զբաղեցրել:

Հեղափոխությունից հետո նա ԱԺ պատգամավոր ընտրվեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Այնուհետեւ 2021 թվականի նոյեմբերին նշանակվել էր Շիրակի մարզպետ, իսկ 2023 թվականի հունվարին նա հրաժարական ներկայացրեց, դրանից հետո նշանակվեց վարչապետի օգնական։

Թե որքա՞ն վարչապետի խոսնակի պաշտոնում կաշխատի Նազելի Բաղդասարյանը, ժամանակը ցույց կտա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս