Ինչպե՞ս վարկաբեկել լրատվամիջոցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գործող իշխանությունը հետեւողականորեն ոչնչացնում է պետական եւ ոչ պետական բոլոր ինստիտուտները:

Թերևս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին ընտրությունից հետո Հայաստանի հանրապետությունում կայացած մյուս բոլոր նախագահական ընտրությունները կեղծվել են՝ յուրաքանչյուր անգամ կեղծիքների մեխանիզմները կատարելագործվելով: Այդպիսով՝ ՀՀ նախագահի ինստիտուտի նկատմամբ առկա երբեմնի վստահությունը կամաց-կամաց վերացավ:

Նույն պատճառով հեղինակազրկվեց նաեւ ՀՀ Ազգային ժողովը: Նախ, որովհետեւ իշխանական  բարեհաճությունը ստացան և պատգամավորի մանդատ ձեռք բերեցին մարդիկ, որոնց գոյությունը օրենսդիր մարմնում պարզապես ամոթալի էր, բացի այդ նաեւ խորհրդարանական ընտրությունները տարիներ շարունակ վերածվեցին այլանդակությունների շքերթի: Ու թեև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խրոխտ քայլերով խորհրդարան մտավ՝ ԱԺ դերը բարձրացնելու, սակայն գործընթացը շարունակ ձախողվում է:

ՀՀ գրեթե բոլոր կառավարություններին հասարակության մեծամասնությունը չի վստահել: Հատկապես վերջին՝ Տիգրան Սարգսյանի կառավարության նկատմամբ վստահության ճգնաժամ է հասունացել:

Դե իսկ դատական համակարգի նկատմամբ վստահության դեֆիցիտը անհիշելի ժամանակներից գոյություն ունի:

Եվ այսպես ո՞ր համակարգն էր մնացել վստահելի եւ քիչ թե շատ կայացած. անհերքելի է` չորրորդ իշխանությունը՝ Զանգվածային լրատվամիջոցները: Իսկապես ազատ մամուլ գոյություն ուներ Հայաստանում: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, երբ անցանկալի լրագրողների նկատմամբ պարզապես բռնություններ էին կիրառվում, միևնույն է, լրատվամիջոցները շարունակում էին մնալ ազդեցիկ և վստահելի: Խոսքն, իհարկե, էլեկտրոնային (հեռուստատեսություն, ռադիո (Ա1+-ը հանած)) լրատվամիջոցների մասին չէ:

Ու երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց, միայն 4-5 թերթերի միջոցով հնարավոր եղավ հասարակական տրամադրություններ շրջադարձ անել եւ քաղաքական իրավիճակը գլխիվայր շուռ եկավ: Այս երևույթն արդեն անհանսգտացնող էր, դրա համար էլ առաջ եկավ լրատվամիջոցների դերը նվազեցնելու անհրաժեշտություն, որն իրականացվում է պետական ամենաբարձր մակարդակով:

Հատկապես 21-րդ դարում` տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում իշխանություններն այլեւս չեն կարող լռեցնել ազատ խոսքը: Ու հիմա գործի է դրվել այլ տարբերակ` մտնել այդ ոլորտ եւ քանակական առավելությամբ լճացնել ազատ խոսքը, ազատ մամուլի դերն ու նշանակությունը: Մանավանդ, որ իշխանությունը, տիրապետելով ֆինանսական հսկայական ռեսուրսների, այս հարցում անգերազանցելի է: Արդյունքում, իրականացվում է լրատվական դաշտի ոչնչացման հստակ ծրագիրը:

Երբ նախկինում տարբեր քննարկումների ժամանակ ես բարձրաձայնում էի այս խնդիրը, գտնվում էին ընդդիմախոսներ, որոնք փորձում էին պատճառաբանել, թե ամեն ինչում իշխանություններին մեղադրել պետք չէ. ի՞նչ կապ ունի գործող իշխանությունը լրատվամիջոցների հեղինակազրկման հետ, իրենք են իրենց հեղինակազրկում: Իհարկե, վերջին պնդումն էլ ճշմարտանման է: Բայց իմ պատկերացումները ամբողջացան, երբ տեսա մի շարք կայքերին ուղարկված ՀՀԿ մամլո ծառայության էլեկտրոնային նամակը:

Երեկ zham.am-ը հրապարակեց լուսանկարներ, թե ինչպես է ՀՀԿ պաշտոնական հասցեից ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով համեմված տեքստ ուղարկվել մի շարք կայքերի, որոնք նույնությամբ լուրը տեղադրել են: Այսինքն՝ լրագրողները չեն էլ զանգահարել Շարմազանովին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին կարծիք հարցնելու: Շարմազանովն ինքնաբուխ պատասխաններ է գրել (կամ նրա անունից գրվել է) եւ ուղարկվել տարբեր կայքերի:

Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ունի իր համար նախընտրելի լրատվամիջոցներ, որոնց կարող է տեքստ ուղարկել՝ նույնությամբ տեղադրելու ակնկալիքով եւ առկա են ՙսև ցուցակում՚ հայտնված լրատվամիջոցներ, որոնց համար իշխող կուսակցության վերնախավն անհասանելի է: Հենց այս մոտեցումն է հեղինակազրկում լրատվամիջոցներին՝ զրկելով նրանց իրենց հիմնական՝ լուր հավաքելու եւ տարածելու իրավունքից:

Իմ ու քո-ի, մեր ու ձեր-ի այս տարբերակումն է մեր երկրի բոլոր դժբախտությունների պատճառը: Ի դեպ այս տարբերակումները գործում են նաեւ ընդդիմադիր ճամբարի մոտ: Նրանք էլ իշխանական լրատվամիջոցներին են բոյկոտում:

Այսպիսով՝ ամեն ինչ ոչնչացնելու այս քաղաքականությամբ, իրականում ոչնչանում են մեզանում շատ ու շատ արժեքներ, որոնք նախկինում թվում էին անձեռնմխելի: ՑԱՎՈՔ

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ 

«Ժողովուրդ»օրաթերթի գլխավոր խմբագիր

 

963852

 

 

123789

8745

 

 

852258

 

 

 

753357

 

 

420

 

 

 

536

 

 

 

546

 

 

 

873

 

 

 

3458

 

 

 

321123

 

 

 

456654

 

 

 

741147




Լրահոս