Ավարտվել են հերթական գեղարվեստական ֆիլմի նկարահանումները Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ֆիլմի անունը «Կոկո» է, պրոդյուսերը Դավիթ Ադամյանն է, սցենարի հեղինակը՝ Զոհրաբ Բեկ Գասպարենցը, ռեժիսորը Անգել(Էնջլ) Մարտիրոսյանը:
Ֆիլմում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Արմուշը, Լիլուն, Մոսո Կարապետյանը, Քեն Դավիդյանը, Վահագն Ստեփանյանը՝ Դելոն եւ այլք:
ArmLur.am-ի հետ զրույցում Վահագն Ստեփանյանը պատմեց, որ ֆիլմի գործողությունները ծավալվում են Միացյալ Նահանգներում.
«Դրական կոմեդիա է, յուրահատուկ հումորային տարրերով: Ինձ դերն առաջարկել է ռեժիսորը՝ Էնջլ Մարտիրոսյանը եւ ի սկզբանե ասել է, որ դերը այդքան էլ մեծ չէ: Համաձայնվեցի, քանի որ ինձ համար մեծ ու փոքր դերեր չկան, հետո հասկացա, որ ճիշտ է դերը փոքր է, սակայն կշիռ ունի: Իմ մարմնավորած կերպարն այն մարդն է, որի պատվին էլ անվանված է ֆիլմը»:
Դելոյի խոսքով՝ շուրջ տասը տարվա դադարից հետո այս նախագիծը իր համար էքսպերիմենտալ է եղել եւ յուրահատուկ նշանակություն է ունեցել.
««Yere1»-ից հետո գնացի ԱՄՆ, եղավ շատ մեծ դադար: Իհարկե ընթացքում այնտեղ զբաղվում էի փոքր նախագծերով, բայց դա այն բուռն հեռուստատեսային կյանքը չէր, որն ունեի մինչ այդ: Ես շնորհակալ եմ դերասական անձնակազմին՝ հատկապես Նազենի Հովհաննիսյանին, քանի որ նա պրոֆեսիոնալ կինոյի դերասանուհի է եւ խոսքի վարպետ։ Նա շատ հաճախ էր ինձ օգնում, քանի որ այստեղ կային շատ նրբություններ, որոնք չէր եղել մինչ այդ իմ մասնակցությամբ այլ նկարահանումների ընթացքում»:
Համեմատելով «Yere1»-ը «Կոկո»-ի հետ, Դելոն ասում է, որ ամեն մեկը յուրովի հետաքրքիր էին ու ժամանակին համահունչ:
«Այն ժամանակ՝ դեռեւս 2008-ին, երբ համացանցն այնքան զարգացած չէր ինչպես այսօր, եւ առաջատարը հեռուստատեսությունն էր, անհնար էր, որ արտադրանքը լիներ անորակ։ Այսօր, երբ համացանցը մեր կենցաղի անբաժան մասն է՝ առավել անհնարին է դառնում, իսկ բովանդակային առումով միանշանակ շատ տարբեր էին՝ նա սիթքոմ էր, սա գեղարվեստական ֆիլմ»:
Նշենք, որ ֆիլմի պրեմիերայի օրը դեռեւս հայտնի չէ, սակայն նախատեսվում է այս աշնանը պրեմիերան ցուցադրել եւ՛ Հայաստանում, եւ՛ ԱՄՆ-ում:
Մարիամ Ղազարյան