Ադրբեջանը և Թուրքիան ակտիվ զորավարժություններ են անցկացնում. ինչ պատժամիջոցներ կսահմանի եվրախորհրդարանն Ադրբեջանի նկատմամբ. միջազգային անցուդարձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն հոկտեմբերի 23-ից 25-ը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ զորավարժությունները նվիրված կլինեն Թուրքիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակին:

Զորավարժությունները կանցկացվեն մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն և Անկարան այս տարի 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն, որոնց մի մասն արդեն կայացել է:

Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է  և հետևողական է լինելու երեք սկզբունքների իրականացման ապահովմանը։ Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։

Այն հարցին, թե ԵՄ–ն բանաձև և մեկ զեկույց է ընդունել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար, և արդյոք Եվրախորհրդարանը պատրաստվո՞ւմ է գործուն քայլեր անել այդ ուղղությամբ տիկին Մեցոլան պատասխանեց.

«Պատահական չէ, որ հենց այս խորհրդարանն է այդպիսի զեկույցներ ընդունել ու կոչ է արել հնարավորինս շուտ սկսելու խաղաղության բանակցությունները»,– ընդգծեց նա։

Մեցոլան նաև ասաց, որ ողջունում են Փաշինյանի ու Ալիևի կողմից համաձայնեցված և Շառլ Միշելի մասնակցությամբ հոկտեմբերի վերջին կայանալիք հանդիպման փաստը։

«Խաղաղության բանակցությունները մեզ համար կարևոր են Ադրբեջանի հետ սահմանազատման, հաղորդակցման ուղիների բացման և մարդասաիրական խնդիրների լուծման առումով։ Վերջին ամսվա իրադարձությունները շատ մտահոգիչ են, այդ պատճառով կոչ ենք անում խաղաղություն և մարդասիրական պաշտպանություն»,– հայտարարեց նա։

Լաչինի միջանցքում ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ չի ընդունում Բաքվում իրեն առաջադրված մեղադրանքները: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խաչատրյանն ընդգծել է, որ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում որևէ հանցագործություն չի կատարել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում սկսվել է  Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական երկրորդ նիստը:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է հանցավոր խումբ ստեղծելու մեջ` պնդելով, որ գործով տուժված է ճանաչվել 59 մարդ։

Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս