ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ ՉԱԽՈՅԱՆԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Հեղափոխության պահապաններ» ՀԿ նախագահ Հայկ Ստեփանյանն է: Մեր զրուցակիցը բացահայտել է, թե նախօրեին ովքեր էին հարձակվել ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա մահափորձի նպատակով, ու ինչ է սպասվում առաջիկայում: Ստեփանյանը նշել է նաեւ, որ իշխանություններն ամեն քայլի դիմելու են, որպեսզի Արթուր Չախոյանին հեռացնեն ասպարեզից:

 

-Ովքե՞ր են հարձակվել Արթուր Չախոյանի վրա, ինչպե՞ս է եղել դեպքը: Ի՞նչ են ուզել Արթուրից:

-Ըստ այն տեղեկությունների, որոնք ես ստացել եմ Արթուրից, ապա գործընթացից տեղեկացա՝ երեկոյան տուն վերադառնալիս Արթուրին սպասել են շքամուտքի մոտ, մոտեցել են, սկսել հարվածներ հասցնել, առանց որեւէ պարզաբանման: Երեք հոգի են եղել: Ըստ էության, Արթուրը որեւէ մեկի հետ ծանոթ չի եղել, երբեւէ չի հանդիպել, անձնական շփում չի ունեցել, հետեւաբար անծանոթ մարդկանց հարձակվելը մեկ այլ մարդու վրա խոսում է միայն մի բանի մասին, որ դա ուղղորդված է եղել: Ինչպես հայտնի է, Արթուր Չախոյանը իր գործունեությունը ծավալում է՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը ուսումնասիրելու, կոռուպցիոն հնարավոր ռիսկերը բացահայտելու, վատ կատարած աշխատանքները վեր հանելու, եւ, ըստ էության, որեւէ այլ գործունեությամբ չի զբաղվում: Վարկածը հենց այդ ուղղությամբ է տարվում: Հարձակվողները եղել են զինված դանակներով, եւ այդ քաշքշուկի ընթացքում հաջողվել է վնասազերծել նրանցից մեկին եւ հանձնել իրավապահ մարմիններին:

Հետո համացանցում տարածվեց տեղեկություն, որ այդ անձը, որին Արթուրին հաջողվել էր վնասազերծել, արդեն իսկ դատապարտված է եղել երկու անգամ կրկին դանակահարության համար, եւ, ի զարմանս մեզ, երկու օր առաջ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ այդ անձը չի կալանավորվել: Խոսակցություն գնաց այն մասին, որ, իբրեւ թե, այդ անձը եկել է Արթուրին հանդիպելու, որովհետեւ Արթուրը ինչ-որ նյութեր է փոխանցել ադրբեջանական կողմին: Նախ՝ այդ մասով. բոլորիս հայտնի է, որ Գորիս քաղաքում, երբ Արթուրը մեկնում էր օգնություն ցուցաբերելու արցախահայությանը, այնտեղ սեղանի խնդիր է առաջացել, մարդիկ գետնին էին հաց ուտում, եւ Արթուրը սեղան է ուզեցել վերցնել, որը ոստիկանները չեն տվել, եւ այդ մասին «լայվ» է արել Արթուրը, որը վերցրել են ադրբեջանցիները  եւ իրենց մեկնաբանությամբ տեղադրել:

Զարմանալին այն է, որ այդ մարդու ցուցմունքը վերցվել է որպես հիմք Քննչական կոմիտեում, եւ, դրա հիման վրա, ինչ-որ գործողություններ են կատարվում: Հարց է առաջանում՝ կարո՞ղ է մի անձ, որը երկու անգամ դատապարտվել է դանակահարության համար, ավելի շատ ինֆորմացիայի տիրապետել, քան ՀՀ ԱԱԾ-ն. եթե Արթուրը իսկապես նման բան է արել, ապա առնվազն Ազգային անվտանգության ծառայությունը պետք է Արթուրով զբաղվեր:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ

«Եթե մենք առաջիկայում Բրյուսելում հանդիպենք եւ արձանագրենք այդ երեք սկզբունքները, որոնք արտահայտված են Շառլ Միշելի՝ 2023 թվականի մայիսի 14-ի եւ հուլիսի 15 հայտարարություններում, դա կնշանակի, որ կողմերն անկեղծորեն խաղաղության են ուզում գնալ, եւ 70 տոկոս հավանականություն կա, որ 2-3 ամսում խաղաղության պայմանագիր կստորագրվի, հակառակ դեպքում մենք մտածելու շատ բան կունենանք»,- երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա այս հայտարարությունից կարող ենք արձանագրել, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում սպասվող հանդիպումից շատ բան է կախված՝ կա՛մ խաղաղություն, կա՛մ ռազմական նոր էսկալացիա. ահա այսպիսի երկընտրանքի առջեւ է կանգնած Հայաստանի Հանրապետությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայի հնգակողմ հանդիպումը չեղարկելուց բառացիորեն ժամեր անց Բաքուն հայտարարեց, թե պատրաստ է շարունակել քննարկումները Բրյուսելում, բայց՝ եռակողմ՝ Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով։

Նիկոլ Փաշինյանը երեկ իր հարցազրույցում վերահաստատեց, որ Հայաստանը նույնպես պատրաստ է բրյուսելյան հանդիպմանը: Թե ինչ է լինելու ԵՄ հովանու ներքո անցկացվող այս հանդիպման օրակարգում, ինչ հարցեր են քննարկվելու, կողմերը փակագծեր չեն բացել, բացի այն, որ հույս են հայտնել, թե հնարավորինս սեղմ ժամկետում խաղաղության պայմանագիր կստորագրվի:

Միայն մի բան հստակ է, որ Արցախը բռնազավթելուց հետո Ադրբեջանի ախորժակը բացվել է ու հիմա էլ անկլավներ է պահանջում Հայաստանից: Ավելին՝ այս հարցում նրան սկսել է «ձայնակցել» նաեւ Թուրքիան, որի նախագահը նույնպես սպառնալիքներով է խոսում հայկական կողմի հետ:

Այսպիսով, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում Ալիեւն ասել էր, թե պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներ սկսել, բայց Ադրբեջանի 8 գյուղ դեռեւս Հայաստանի «օկուպացիայի» տակ են, անհրաժեշտ է դրանք «ապաօկուպացնել»:

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին, արձագանքելով Ալիեւի այս ռազմատենչ հայտարարությանը, իր հարցազրույցում ասաց՝ եթե Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ մեր հերթին 8 գյուղի խնդիր ունենք, որովհետեւ Տավուշի մարզում մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ:

Թե ինչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում, արդյոք բրյուսելյան հանդիպումը կլինի մեկ քայլ առաջ դեպի խաղաղություն, թե, հակառակը, ռազմական նոր էսկալացիայի պատճառ կդառնա, ժամանակը ցույց կտա, բայց մի բան հստակ է՝ որքան Հայաստանը միակողմանի զիջումների է գնում եւ խաղաղություն ակնկալում, այնքան Ադրբեջանի եւ Թուրքիայի ախորժակը բացվում է, ու նրանց հայտարարություններն ավելի ռազմատենչ են դառնում:

 ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Հակակոռուպցիոն կոմիտեն ՊՆ-ից  չարաշահումների դեպքերով ընկել է բանակին ապրանք մատակարարող ընկերությունների տնօրենների հետեւից, ու առաջին կալանավորումն է օրերս եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանավորվել  է «Մոսեսքո» ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանը։ Օրերս կոմիտեն հայտնեց, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի եւ ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք եւ օժանդակել Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 մլն ՀՀ դրամի հափշտակությանը: ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 240 տոննա «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի ձեռք բերման համար 2017 թվականի ապրիլին իրականացված մրցույթին մասնակցել եւ հաղթող է ճանաչվել «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը՝ առաջարկելով 94.320.000 ՀՀ դրամ (1կգ-ի արժեքը՝ 393 ՀՀ դրամ): Դրանից հետո հիշյալ ՍՊԸ տնօրեն Կ. Գ.-ի հետ կնքվել է պետական գնման պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է անհրաժեշտ կարգով եւ ժամանակացույցով մատակարարել պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխանող «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ, ինչը, հետագայում պարզվել է, չի մատակարարվել, իսկ գումարները վճարվել են։ Ի դեպ, դեռեւս տարիներ առաջ մամուլը գրեց, որ ՊՆ-ի հետ առավել խոշոր պայմանագրեր են կնքել, օրինակ, «Ֆլեշ», «Էլիտ կապիտալ», «Ավանգարդ» ՍՊԸ-ները, «Արպ անիվ» ՍՊԸ-ն, «Մոսեսկո» ՍՊԸ-ն, եւ գնումների ավելի քան 40 տոկոսը նրանց մեջ է բաշխվում, այսինքն՝ մնացած ընկերությունները հաղթում են, բայց մրցույթի արդյունքում գեներացնում են շատ փոքր տորթի կտորներ: Այս ընկերություններն ուսումնասիրելիս արձանագրվել են, որ դրանք չունեն կայք, եւ թերհայտարարագրման ռիսկեր կան: Այս ընկերությունները հաղթում են 2015-ից ի վեր: Նրանք կարծես թիրախավորված են միայն ՊՆ-ի մատակարարումներով: Կասկածներ կան, որ գործ ունեն միջնորդավորված գնումների կամ ոչ պատշաճ ընթացակարգերի հետ: Դատելով իրավիճակից՝ առաջիկայում մի շարք ընկերությունների տնօրեններ կհայտնվեն ճաղերի հետեւում։

 

 

 

ԱՐՑԱԽԻ ԲՅՈՒՋԵՆ

ԱՀ-ն հունվարի 1-ից լուծարվելու է: Այս մասին վկայում է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամյանի ստորագրած հրամանագիրը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ավելի քան 100 հազար արցախցի տեղափոխվել է Հայաստան, որից շուրջ 54 հազարը տեղավորվել է պետության կողմից տրամադրված կացարաններում: Նրանց ֆինանսական ապահովման մասին հոգում է կառավարությունը՝ տրամադրելով միանվագ 100 հազար դրամ յուրաքանչյուր անձի հաշվով, հետագայում էլ նախատեսվում են աջակցության այլ ծրագրեր: Շարունակելով ֆինանսական թեման՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում եղած բանկերի գումարները, ավանդները արդեն Հայաստանում են: Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ եղավ պետբյուջեի հետ: Մնա՞ց Ադրբեջանին, ինչպես զենքի պահեստը՝ ամենատարբեր զինատեսակներով, թե՞, այդուհանդերձ, գոնե դրա տերը Հայաստանը դարձավ: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ հասկանալու, թե ինչ ճակատագրի է արժանացել պետբյուջեն: «Լեռնային Ղարաբաղի պետբյուջեն Հայաստան տեղափոխվել չի կարող»,- պատասխանել էին մեզ:

 

 

 




Լրահոս