ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 12 167 երեխա ընդգրկված է ՀՀ կրթական հաստատություններում: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

 

Ըստ մարզերի բաշխվածությունն ունի հետեւյալ պատկերը՝ Սյունիքում՝ 504, Վայոց ձորում՝ 243, Գեղարքունիքում՝ 586, Արարատում՝ 1710, Կոտայքում՝ 2124, Արագածոտնում՝ 564, Արմավիրում՝ 1045, Շիրակում՝ 486, Լոռիում՝ 702, Տավուշում՝ 364, Երեւանում՝ 3839:

Նա նաեւ նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 30 հազար անչափահաս արդեն իսկ հաշվառված է համակարգում 100 հազարական դրամները ստանալու համար, նրանցից 21690-ի դիմումներն արդեն իսկ մուտքագրված են, եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից այժմ դրանք մշակման փուլում են, առաջիկա օրերի ընթացքում նրանք կտեղեկացվեն՝ արդյոք ներկայացված դիմումները բավարարվել են:

Հիշեցնենք, որ քոլեջների եւ ուսումնարանների ղեկավարներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով նախարարությունը շրջաբերական գրություն էր ուղարկել նաեւ նախորդ շաբաթ: Ըստ այդմ՝ հանձնարարվել էր բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակությունը կազմակերպել ՀՀ-ում ուսանողի բնակության վայրի ամենամոտ (համայնք կամ մարզ) ուսումնական հաստատությունում իր ուսումնառած մասնագիտությամբ՝ տվյալ մասնագիտության համար լիցենզիայով հատկացված տեղերի թիվը չգերազանցելու պայմանով: Լիցենզիայով հատկացված տեղերի թիվը գերազանցելու դեպքում ուսումնական հաստատության կողմից պետք է խորհուրդ տրվի համայնքի կամ մարզի այլ հաստատություն, որտեղ առկա է ուսանողի ուսումնառած մասնագիտությամբ թափուր տեղ: Ուսանողի բնակության վայրի ամենամոտ ուսումնական հաստատությունում լիցենզիայով հատկացված տեղերը գերազանցելու դեպքում ուսանողն իր ցանկությամբ կարող է դիմել հարակից մասնագիտությամբ՝ պահպանելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանի հավելվածով հաստատված «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» կարգի պահանջները:

Ուսանողական իրավունքի վերականգնման մերժման հիմք չի կարող հանդիսանալ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը: Ուսանողի դիմումն ընդունելուց հետո անհրաժեշտ է նրան թույլատրել մասնակցելու ուսումնական գործընթացին եւ հնարավորինս սեղմ ժամկետում դիմել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն վերականգնման համաձայնություն ստանալու համար: ԼՂ-ում ընդհատված կրթության իրավունքի վերականգնման դեպքում պետական քոլեջներում եւ ուսումնարաններում կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում:

 

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ՝ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2023 թվականին Հայաստանի տնտեսական աճը (ՀՆԱ) կկազմի 7 տոկոս:

«Ժողովուրդ» օրաթերթն այս մասին տեղեկանում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» նոր զեկույցից:

Ընդ որում՝ նախորդ՝ ապրիլին հրապարակված կանխատեսման համեմատ՝ ԱՄՀ-ն բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը. նախորդ զեկույցում 2023-ին Հայաստանում կանխատեսում էր 5.5 տոկոս տնտեսական աճ:

Վերջին կանխատեսման համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամը 2024-ին Հայաստանում կանխատեսում է 5 տոկոս տնտեսական աճ:

ԱՄՀ-ն, ընդ որում, տարածաշրջանում տնտեսական աճի ամենաբարձր կանխատեսումն արել է հենց Հայաստանի համար: Վրաստանի համար կանխատեսումը 2023-ին 6.2 տոկոս է, 2024-ի համար՝ 4.8 տոկոս: Արժույթի միջազգային հիմնադրամը թե՛ այս տարի, թե՛ 2024-ին Ադրբեջանում կանխատեսում է ընդամենը 2.5 տոկոս տնտեսական աճ:

Իսկ 2023-ին Թուրքիայի համար կանխատեսումը 4 տոկոս է, 2024-ին՝ 3 տոկոս: Իրանում ԱՄՀ-ն 2023-ին կանխատեսում է 3 տոկոս տնտեսական աճ, 2024-ին՝ 2.5 տոկոս:

Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմքում դրված է եղել 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Հայաստանի կենտրոնական բանկի՝ ՀՀ տնտեսական աճի վերջին՝ սեպտեմբերին արած կանխատեսումը 7.2 տոկոս է:

 

 

 

«ԱՐՑԱԽԲԱՆԿ»-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵՑ

«Արցախբանկ»-ը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է, որ  նպատակ ունենալով որոշակի չափով աջակցել 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին՝ բանկը վերադարձնում է Արցախում տրամադրված ոսկու գրավով վարկերի համար գրավադրված ոսկյա իրերը առանց հաճախորդների կողմից վարկային պարտավորությունների մարման:

«Տեղեկացնում ենք, որ բանկը Ստեփանակերտ քաղաքում արդեն իսկ 400-ից ավելի վարկառուների վերադարձրել է վերջիններիս կողմից գրավադրած ոսկյա իրերը, ինչպես նաեւ նախատեսում է 500-ից ավելի հաճախորդների եւս վերադարձնել»:

 

 

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստան է այցելել 260 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշն ավելին է, քան 2022 եւ 2019 թվականների սեպտեմբեր ամիսների տվյալները։  2022 թվականի սեպտեմբերին գրանցվել է 198 հազար այցելություն, 2019 թվականի սեպտեմբերին՝ 221 հազար:

Ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստանը գրանցել է 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն։ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճը կազմել է 25 տոկոս։

Հայաստան եկած զբոսաշրջային ցուցանիշի կառուցվածքում առաջին տեղում Ռուսաստանն է՝ 51 տոկոս, երկրորդ տեղում Վրաստանն է՝ 10 տոկոս, երրորդ տեղում Իրանն է՝ 6 տոկոս։ Այս մասին հայտնել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ակտիվություն նկատվում է Ֆրանսիայից, Գերմանիայից, Էմիրություններից։

«Մենք ակտիվ աշխատում ենք տարբեր հարթակներում Հայաստանը ներկայացնելու ուղղությամբ։ Նախորդ շաբաթ Իտալիայում էինք՝ մասնակցելու զբոսաշրջային ցուցահանդեսին։ Իտալիան մեզ համար նոր ուղղություն է, գիտեք, որ ուղիղ չվերթեր կան տարբեր քաղաքներից դեպի Երեւան, հիմա մենք թիրախային աշխատանք ենք կատարում իտալական շուկայում՝ գովազդելու Հայաստանը։ Այս ընթացքում եղել ենք Ֆրանսիայում 12 տուրօպերատորի հետ։ Տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ բավական հետաքրքրություն կա Ֆրանսիայից։ Նոյեմբերին էլ մեկնելու ենք Լոնդոն, կրկին՝ մեծ խմբով, ներկա ենք լինելու սպասվող միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Նման խոշոր միջոցառումներին սովորաբար ներկայացնում ենք Հայաստանի պատմամշակութային վայրերը, արշավային, արկածային տուրիզմի հնարավորությունները, խոհանոցը»,- ասաց Սիսիան Պօղոսեանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի զբոսաշրջային պորդուկտները դարձել են բավականին բազմազան։ Յուրաքանչյուր երկրում, կախված տեղի բնակիչների նախասիրություններից, կա հնարավորություն ներկայացնելու ամենատարբեր տուրիստական փաթեթներ։

 

 




Լրահոս