ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նախատեսում է թվայնացնել իր ենթակայությամբ գործող գրադարանային մշակութային ժառանգությունը, համալրել գրադարանային հավաքածուները:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց՝ գրադարաններում էլեկտրոնային սպասարկման ծրագրերի մշակում, մեխանիզմների ներդնում կլինի:

«Դա նշանակում է, որ մարդկանց գրքերը կարող են հասանելի լինել առցանց տարբերակով, եւ այդ նպատակով մենք տեղադրում ենք սերվերներ, որոնք թույլ են տալիս թվայնացնել ամբողջ բազան ու այն հասանելի դարձնել»,-ասաց նա եւ հավելեց՝ կարեւոր ծրագրերից են նաեւ թվայնացված գրականության տվյալների շտեմարանի համալրումը, գրավոր ժառանգության թվայնացումն ու շտեմարաններում մուտքագրումը: Մինչեւ 2027 թվականը նախատեսվում է  թվայնացնել  18 մլն գրավոր ժառանգության միավոր: Այս պահի դրությամբ այդ թիվը 13 մլն է:  Համայնքներում  նորարարական ստեղծագործական բազմաֆունկցիոնալ միջավայր է ձեւավորելու՝ մշակույթի տների եւ գրադարանների հիմքի վրա՝ համագործակցելով մասնավոր հատվածի հետ: Փոխնախարարի խոսքով՝ համայնքներում բազմաթիվ գրադարաններ կան, բայց այսօր մարդկանց այցելություններն այդտեղ քիչ են:  Այդ հարցը լուծելու նպատակով զբաղվում են նոր կոնցեպտի մշակմամբ: «Կարող է լինել լոֆթ գրադարան կամ  տարածք, որում կլինի եւ՛ գրադարան, եւ՛ մշակութային կենտրոն: Եթե համայնքներում առանձին գրադարանը կամ մշակույթի տունը գուցե թույլ են, հնարավոր է՝ մեկտեղելու  դեպքում, եթե նոր շունչ հաղորդվի, հետաքրքիր բան ստացվի»,-նշեց Քոչարյանը: Նա կարեւորեց նաեւ ձեռագրական, գրքային եւ արխիվային հավաքածուների հասանելիության լիարժեք ապահովման նպատակով  արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ որոնողական համակարգերի  կատարելագործումը, համայնքային գրադարանների գույքային հավաքածուների գույքագրումն ու հաշվառումը, գրադարաններում նյութատեխնիկական բազայի ապահովումը, թվայնացնող սարքավորումների ձեռքբերումը, տեխնիկական վերազինումը:

 

 

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրումն անհրաժեշտ է երկարացնել։ Այս մասին Ազգային ժողովի նիստին՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ՝ նոյեմբերի 14-ին, ասել է Ներքին գործերի նախարարության պետական միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դա կտեւի մինչեւ կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրումը։ Նրա խոսքով՝ 2017թ. լեհական ընկերության հետ պայմանագրի ժամկետը մոտեցել է ավարտին. այն զբաղվել է հայկական կենսաչափական անձնագրերի եւ ID-քարտերի արտադրմամբ եւ սպասարկմամբ։ Դրանից հետո սկսվել է նոր եւ ավելի ժամանակակից պահանջներին համապատասխանող անձնագրերի պատրաստումը։

Այդ աշխատանքին զուգահեռ՝ պարբերաբար երկարացվել է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը։

Ծառայության ղեկավարը նշել է, որ կառավարությունը որոշել է լիովին անցնել կենսաչափական անձնագրերի համակարգին։ «Նա որոշել է ավելի մասշտաբային բարեփոխումներ իրականացնել եւ կազմակերպել նոր մրցույթ, որը կնախատեսեր նոր՝ արդիականացված համակարգի ներդնում ինչպես Հայաստանի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին ու փախստականներին փաստաթղթեր տրամադրելու համար»,- ասել է Ղազարյանը։

Նոր լրացումները նախատեսում են նաեւ հին անձնագրերի եւ ID-քարտերի տրամադրման ժամկետի երկարացում մինչեւ  նոր համակարգի ներդնումը պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում։

Օրինագիծն առաջացրել է դժգոհություն ինչպես խորհրդարանական ընդդիմության, այնպես էլ գործող իշխանությունների ներկայացուցիչների շրջանում։

«Սա մեծ խնդիր է։ Եվ ես արդեն չեմ խոսում այն մասին, թե ինչ է տեղի ունենում օդանավակայաններում։ Անձնագրով մոտենում ես, եւ յուրաքանչյուր երկրորդ երկրում այն վերցնում են, ինչ-որ տեղ գնում, բացում ու փորձում պարզել։ Այդ պահին անգամ ամոթ ես զգում հայտարարել այն մասին, որ պաշտոնատար անձ ես։ Դիվանագիտական անձնագրերը նույն վիճակում են։ Արդեն համարյա թե 2024 թվականն է, իսկ մենք դեռ այսպիսի վիճակում ենք։ Սա պետք է լուծել առաջին հերթին»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։




Լրահոս