Դեկտեմբերի 10-ին Երեւանի Holiday in Erevan հյուրանոցում տեղի է ունեցելն Artsakh career expo-ն՝ աշխատանքային տոնավաճառ արցախցիների համար։ Ծրագիրը բարեգործական է եւ 2-րդ անգամ է կազմակերպվում։ Նպատակը բռնի տեղահանված արցախցիներին աջակցելն է՝ զբաղվածության, սոցիալական, կրթական եւ աշխատանքային կյանքին ինտեգրելու համար։
«Առաջին տոնավաճառի արդյունքներն ամփոփել ենք նոյեմբերի 20-ին եւ այն գոհացուցիչ է եղել։ Առաջին տոնավաճառի ժամանակ ունեցել ենք մոտ 5160 այցելու։ Մեր գործընկեր ընկերությունները կներկայացնեն իրենց թափուր հաստիքները ՀՀ մասնավոր եւ պետական սեկտորի այն գործատուներին, որոնք ունեն նվազագույնը 20 ազատ հաստիք։ Այս անգամ մեզ հետ համագործակցում են 26 ընկերություններ»,- նշեց տոնավաճառի պատասխանատու Մանե Բաղրամյանը:
Միջոցառմանը ներկա էին տասնյակ արցախցիներ՝ շինարարից մինչեւ վաստակավոր գործիչներ։
«Երկար տարիներ աշխատել եմ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում՝ որպես փողային եւ հարվածային գործիքների բաժնի դասատու, ապա նաեւ բաժնի վարիչ։ Աշակերտներս ունեցել են մեծ նվաճումներ։ Շատերն իրենց ուսումն են շարունակել Երեւանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայում եւ այժմ իրենց ուրույն տեղն ունեն երաժշտական ասպարեզում։ Ողջունելի եմ համարում այս ծրագիրը։ Հուսով եմ՝ ես նույնպես կկարողանամ ինձ հարմար մի աշխատանք գտնել»,- ասաց Արցախի Հանրապետության վաստակավոր գործիչ Գարի Բալայանը։
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի սկսնակ դերասանուհի Վարդինե Հայրապետյանն ասում է. «Կարեւոր եմ համարում այս պահին աշխատանք գտնելը, որովհետեւ միայն այդպես կկարողանանք կտրվել իրականությունից ու առաջ շարժվել»։ Վարդինեն մասնագիտությամբ թարգմանիչ է, ավարտել է Արցախի պետական համալսարանը, միաժամանակ երկար ժամանակ աշխատել է թատրոնում, խաղացել տարբեր բեմակատարումներ։
Մեր այն հարցին, թե արդյոք չեք ցանկանում նորից բեմ բարձրանալ, Վարդինեն պատասխանում է շատ կարճ ու հակիրճ՝ «Ցավոտ հարց է»։
Նանիկ Աղասյան