ԽԱՅՏԱԲՂԵՏ ՏԱՐԻ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

88 համերգ՝ Երեւանում, մարզերում եւ արտերկրում, հյուրախաղեր՝ Միացյալ Թագավորությունում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում եւ Լիբանանում, հայ կոմպոզիտորների՝ ավելի քան 110 ստեղծագործությունների ձայնագրություններ, 4 ամենամյա փառատոններ, հոբելյանական երեկոներ ու ելույթներ՝ աշխարհահռչակ երաժիշտների հետ… Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այսպիսի արդյունքներով է ամփոփում 2023 թվականը։ 

 

«2023-ը ե՛ւ երաժշտական առումով, ե՛ւ գործունեության՝ խայտաբղետ տարի էր։ Նվագախմբին հետեւելով՝ չի կարելի խոսել միայն երաժշտության մասին, որը առաջնային է մեր կյանքում, բայց մեր պատասխանատվությունն ու գործունեությունը կրթական ոլորտում եւս շատ կարեւոր տեղ է զբաղեցնում մեզ համար։ 2024 թ.-ի մասին տարվա ընթացքում դեռ խոսելու ժամանակ կլինի։ Ունենք շատ կարեւոր հյուրախաղեր, որտեղ ներկայացնում ենք հայկական երաժշտությունը, ինչը մեզ համար հնարավորություն է մարդկանց ծանոթացնելու հայ սիմֆոնիկ արվեստին։ Մենք ունենք շատ կարեւոր սոցիալական պարտավորություններ, որոնք, հուսով ենք, կհաջողվեն 2024-ին»,- հունվարի 26-ին կայացած ասուլիսին նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ կարեւորելով նաեւ այն փաստը, որ նվագախումբը շարունակաբար գրավում է երիտասարդ ունկնդիրների։

Նվագախմբի այս տարվա առաջին մեծ հոբելյանական համերգը, որը նախատեսված է հունվարի 27-ին, նվիրված է  ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին. «Ինձ համար այս համերգը շատ կարեւոր է, քանի որ ես, խոսելով Մանսուրյանի մասին, միշտ մտածում եմ, որ Հայաստանում եւ Հայաստանից դուրս տարբեր մանսուրյաններ են պատկերացնում, եւ այս համերգի կոնտեքստը կխոսի այդ մասին»։

Ինքը՝ մաեստրոն եւս ոգեւորված է վաղը կայանալիք համերգի համար։ Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ տարիների համագործակցության մասին՝ նա նշեց. «Մեր համատեղ աշխատանքը նվագախումբ-դիրիժոր-կատարող եւ հեղինակ համագործակցության եզակի օրինակ է, առանց որի հեղինակը լուրջ խնդրների առջեւ կկանգնի միշտ։ Ասածիս վկայությունը մեր ստեղծագործական բեղմնավոր աշխատանքն է, որը ես վերջին տարիներին ունեցել եմ Սերգեյ Սմբատյանի եւ իր նվագախմբի հետ։ Շատ շնորհակալ եմ այս համատեղ աշխատանքի համար եւ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ նվիրեց այս տարիքին հասնելու հնարավորությունը, որը կնշվի սիմֆոնիկ համերգի շրջանակում»։

Անվանի կոմպոզիտորի կինոերաժշտությունը, ինչպես ընդգծեց Սմբատյանը, անգամ ֆիլմերից ավելի հայտնի է դարձել։ Կինոյի համար նրա գրած ամենաթարմ գործը գրվել է 2021 թ.-ին «Զուլալի» ֆիլմի համար։ Կոմպոզիտորը շարունակում է ստեղծագործել, եւ չնայած իր յուրաքանչյուր աշխատանքի լայն ճանաչմանն ու օրեցօր երիտասարդացող լսարանին՝ նա խոստովանում է, որ ինչպես տարիներ առաջ, հիմա եւս գրելիս առաջնահերթ մտածում է հաճույք ստանալու, ոչ թե գործի հայտնիության մասին։

«Աշխատանքից հաճույք ստանալը կյանքում ամենակարեւոր բաներից է։ Ինձ համար երաժշտությունը շարունակում է մնալ հաճույք, առաջնորդող մտքի նյութ։ Եթե որեւէ աշխատանք եմ անում, առավոտյան այդ նյութն ինձանից վաղ է արթնանում։ Նաեւ գիտեմ, որ մեծ խնդիր է ինքդ քեզ չկրկնելը, եւ այդ հետեւողականությունը եւս շատ կարեւորում եմ»։

Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19:30-ին։ Երեկոյի առաջին հատվածում կհնչեն Մանսուրյանի՝ ալտի եւ ջութակի ստեղծագործությունները, երկրորդ մասը նվիրված կլինի մաեստրոյի կինոերաժշտությանը։

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ԱՄԵՆԻՑ ԲԱՐԴԸ «ՆՈՒՅՆ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼՆ Է»

«Փայլոու» մյուզիքլը դարձավ ամանորյա ամենասպասված ներկայացումներից մեկը, քանի որ այն իր ձեւաչափով նորություն էր հանդիսատեսի համար: Ինչպե՞ս է ստեղծվել մեծ արձագանք ստացած մյուզիքլը, ի՞նչ դժվարություններ են եղել ընթացքում: Մյուզիքլի երաժշտության հեղինակ, երգահան Լիլիթ Նավասարդյանն, ի դեպ, ծանոթ է հատկապես «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրպագուներին։ Նա համահեղինակել է այնպիսի  ստեղծագործություններ, ինչպիսիք են Արամ Mp3-ի Not Alone-ը, Իվետա Մուկուչյանի Love Wave-ը եւ Արծվիկի Fly Witհ Me-ն, որոնք սիրված ու հանրաճանաչ են դարձել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում։

 

«Մոտավորապես օգոստոս ամիսն էր, երբ Ռուդիկ Տեր-Գալստյանն առաջարկեց հանդիպել եւ պատմեց, որ ինքն իր եւ իր ընկերների՝ մյուզիքլ ստեղծելու վաղեմի երազանքն իրագործելու որոշում է կայացրել, որն էլ պետք է լիներ ամանորյա թեմայով: Ինձ առաջարկվեց գրել երաժշտությունը. քանի որ մյուզիքլն ինձ համար շատ գրավիչ ժանր է, սիրով համաձայնեցի։ Անմիջապես անցանք գործի: Ժամկետները սեղմ էին, գրեթե ամեն ինչ զուգահեռ էր արվում»,-պատմում է Լլիլիթը։

Երբ կոմպոզիտորը միացել է թիմին, կար միայն գաղափարը, բայց պատմությունը դեռեւս անհայտ էր։  Ըստ նրա՝ ամեն բան արվում էր զուգահեռաբար. «Բայց քանի որ իր գործը սիրող արհեստավարժ թիմ էր հավաքվել, լավ արդյունք ունեցանք: Գրիգոր Կյոկչյանը մի քանի ժամում իմ մանր նոտաներով մեղեդիների վրա հրաշալի տեքստեր էր ստեղծում, Հովհաննես Սարգսյանը երաժշտությունը լսելու ընթացքում գլխում պարն էր բեմադրում, Արամ Նիկոլյանը  ճաշակ էր ներդնում բեմում, եւ, վերջապես, բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը, որը բոլոր թելերը գրագետ միավորում ու ստեղծում էր ամբողջություն։ Ու էլի շատ իրենց գործում արհեստավարժ մասնագետներ, որոնք ներդրել են իրենց շնորհքը, որ այս ամենը իրականություն դառնա: Ինձ համար մեծ հաճույք էր այս ամենի մաս կազմելը: Ամենից բարդը «նույն լեզվով խոսելն է», երբ մի քանի երաժիշտ հավաքվում են եւ կազմում թեկուզ 2 հոգուց բաղկացած խումբ, հավատացե՛ք՝ միմյանց զգալու համար որոշակի ժամանակ է պահանջվում: Այդ երեւույթը մենք՝ երաժիշտներս, անվանում ենք «րօչՐՈվվՏրՑՖ»»,-ասում է երգահանը:

Ստեղծագործական դժվարությունները, սակայն, անխուսափելի են եղել. Լիլիթի խոսքով՝ հաճախ իր «լեզուն» միանշանակ չէր ընկալվում։

Չնայած բոլոր դժվարություններին՝ թե՛ թիմը, թե՛ Լիլիթը հավատում էին, որ հաջողելու են, իսկ իրենց առջեւ դրված խնդիրը հստակ էր:

Հ.  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԵՌԱՆՈՒՄ Է

Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտին կհեռանա անգլիական «Լիվերպուլ»-ից:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Գիտակցում եմ, որ շատերի համար այս լուրը շոկային է: Ես ամեն ինչ սիրում եմ այս ակումբում, սիրում եմ այս քաղաքում ամենն ու մեր երկրպագուներին: Այս ամենը հաշվի առնելով` հստակ է դառնում, թե ինչու եմ հանգել նման որոշման»,-ասել է Յուրգեն Կլոպը:

Գերմանացի մասնագետն անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2015 թվականին: «Լիվերպուլ»-ում լինելու այս տարիների ընթացում Կլոպն ակումբի հետ նվաճել է 10-ը տիտղոս: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի, Անգլիայի առաջնության, գավաթի հաղթող եւ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը:

 

 

«ՑՆՑՎԱԾ ԵՄ ԻՄ ԽԱՂԻՑ»

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում կրած պարտությունը համարում է «Մեծ սաղավարտ»-ում ունեցած իր վատագույն հանդիպումը:

«Ցանկանում եմ շնորհավորել Սիներին` կիսաեզրափակչում տոնած հաղթանակի կապակցությամբ: Նա հրաշալի հանդիպում անցկացրեց` բացարձակապես դուրս թողնելով ինձ մրցակցությունից: Ինքս էլ ցնցված եմ իմ խաղից: Սա իմ վատագույն հանդիպումն էր  «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում»,-ասել է Ջոկովիչը:

Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում սերբ թենիսիստ Ջոկովիչը մրցեց Իտալիան ներկայացնող, աշխարհի 4-րդ ռակետ Յանիկ Սիների հետ: Ջոկովիչը զիջեց առաջին երկու սեթերում, սակայն հաղթեց 3-րդ սեթում: Զիջելով նաեւ 4-րդ սեթում` սերբ թենիսիստը դուրս մնաց պայքարից: 3 ժամից ավելի ձգված մրցախաղում Սիները հաղթեց  1:6, 2:6, 7:6, 3:6  հաշվով:

 

ԱՎԱՐՏՈՒՄ Է

Ռաֆայել Նազարյանն ավարտում է իր աշխատանքը Երեւանի «Արարատ»-ում:

Այս մասին հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբի եւ մարզչի միջեւ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:

Նրա հետ միասին ակումբից հեռանում են մարզչական շտաբի անդամներ Տիգրան Գեւորգյանը, Էրիկ Նազարյանը եւ Նիկոլայ Սարգսյանը:

Մինչ նոր գլխավոր մարզչի նշանակումը թիմը կաշխատի «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ Գեւորգ Պողոսյանի գլխավորությամբ:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Ռաֆայել Նազարյանին ու իր մարզչական շտաբին կատարած աշխատանքի համար եւ մաղթել է հաջողություններ հետագա կարիերայում:




Լրահոս