ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրեթե 300 հազար դրամ ոսկյա կախոնի և շարֆի համար․ Էկոնոմիկայի նախարարության ուշագրավ գնումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկոնոմիկայի նախարարությունը վերջերս հայտնվել է ուշադրության կիզակետում և նախարարությունների չարաշահումների հետ կապված գործընթացները դեռ չեն գտել իրենց հանգուցալուծումը։ Ստացվում է, որ մութ ամպրերը դեռ կախված են նախարարության գլխին։

ArmLur.am-ը ներկայացնում է՝ ինչ հետաքրքիր գնումների պայմանագրեր է կնքել Էկոնոմիկային նախարարությունը վերջին մեկ տարում։
Ուսումնասիրելով գնումների պայմանագրերը՝ տեղեկանում ենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի փետրվարի 7-ին Էմիլ Գրիգորյանի անվան Երևանի Ոսկերչական գործարան ԲԲԸ-ից գնել է 6,5 գրամանոց 750 հարգի ոսկյա կախոց։ Ոսկյա կախոցն արժեցել է 288 հազար դրամ։

Պայմանագրի տակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանի ստորագրությունն է։

Կարեն Սարգսյանի ստորագրությամբ ևս մի զավեշտալի պայմանագիր կա կնքված 2023 թվականի փետրվարի 13-ին։ Պայմանագրի գնման առարկան եղել է «Շարֆ քաշմիրից», որն արժեցել է 26 հազար 500 դրամ։ Շարֆը ձեռք է բերվել «Նռնենի Հաուս» ՍՊԸ-ի կողմից։ ArmLur.am-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ «Նռնենի Հաուս» ՍՊԸ-ին պատկանող խանութ սրահում շարֆերի արժեքը սկսում է 6 հազար դրամից մինչև 27 հազար դրամ, հիմնականում քաշմիրից են կամ մետաքսից։ Հետքաքրքիրն այն է, որ պարզ չէ, թե ում համար են գնված շարֆը և ոսկյա կախոնը։ ArmLur.am-ը դիմեց Էկոնոմիկայի նախարարությանը պարզելու համար, թե ինչ նպատակով են գնվել առարկաները, մեզ հորդորեցին հարցում ուղարկել։

Կա ևս մի ուշագրավ փաստ, «Նռնենի Հաուս» ՍՊԸ-ի 100%  բաժնեմասը պատկանում է Ինգա Մովսիսյանին, ով բաժնեմաս ունի նաև «Սոկրատ և թոռներ» ՍՊԸ-ում։ Պարզեցինք, որ նշված ընկերությունը, որը ստեղծվել է 2010 թվականին, նույն թվականին ստացել է Երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու թույլտվություն ՀՀ Արագածոտնի մարզի Փոքր Արտենի լեռան օբսիդիանի հանքերևակման տարածքում։ Ընկերության հիմնադիրը Վահե Հովհաննիսյանն է։ Դեռ 2014 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը բողոք էր ստացել, որ Վահե Հովհաննիսյանն ուսումնասիրությունների թույլտվությամբ հանքարդյունահանում է իրականացրել։

Էմմա Միքայելյան




Լրահոս