«ՆՍԵՄԱՑՆՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ». Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը երեկ հրավիրված ասուլիսում անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի դեմ իր ներկայացրած հայցով կայացված վճռին։

 

«Այս ասուլիսը երեւի վերնագրենք «Կարեն Անդրեասյանի համար մի լավ լուր եւ մի վատ լուր», որովհետեւ արդարությունը հաղթել է դատարանում։ Եվ ես ուրախությամբ եմ արձանագրում, որ մենք հաղթել ենք դատարանում։ Իհարկե, մի քիչ վախվորած վճիռ է, բայց, այնուամենայնիվ, վճիռը կայացվել է։ Եթե մենք լինեինք նորմալ իրավական պետություն, դատական համակարգի ցանկացած ներկայացուցիչ, առավել եւս՝ բարձրագույն դատական համակարգի ներկայացուցիչ, բավարարված կզգար, եթե տեղի է ունեցել վիրավորանք, եւ այդ վիրավորանքն արձանագրվել է նաեւ դատական ակտերով, եւ պահանջվում է պատիժ։ Բայց քանի որ Կարեն Անդրեասյանը ոգեշնչվում է Նիկոլ Փաշինյանի հայտնի լուսանկարով եւ կախում է իր աշխատասենյակում, ես վստահ եմ, որ իր համար իմ լավ լուրը վատ լուր էր»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ դեռեւս 2021 թվականին Թագուհի Թովմասյանը դատական հայց էր ներկայացրել ԱԺ այն ժամանակվա փոխնախագահ Լենա Նազարյանի դեմ։ Հայցի ներկայացման հիմք էր եղել Լենա Նազարյանի «իդիոտկա» արտահայտությունը Թագուհի Թովմասյանի հասցեին։ ԱԺ նիստերից մեկում, երբ Թագուհի Թովմասյանն ամբիոնից խոսում էր Աբովյանի դիահերձարանում զինծառայողների աճյունների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ցածրաձայն ասել էր՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացված էր եղել, եւ հանրության համար նրա արտահայտությունը լսելի էր դարձել։

«Երբ ես ԱԺ ամբիոնից խոսում էի Աբովյանի դիահերձարանում գետնին շպրտված, պարկերի մեջ լցված դիակների մասին, ի պատասխան՝ ՔՊ խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը դիտավորյալ ինձ վիրավորեց։ Ես հենց ամբիոնից առաջարկեցի ներողություն խնդրել, բայց նա հրաժարվեց, ինչի արդյունքում ես գնացի դատական ճանապարհով, որովհետեւ կարծում եմ, որ ցանկացած վիրավորանք պետք է ունենա իր պատասխանը։ Եվ հիմա դատարանում եռաստիճան համակարգով անցել ենք, բոլոր ատյաններում մենք հաղթել ենք։

Բայց այսօրվա դրությամբ պատգամավոր Լենա Նազարյանը չի կատարում վճիռը։ Այսինքն՝ մենք գործ ունենք «բեզպրեդելի» հետ, երբ խորհրդարանի իշխանական պատգամավորը Հայաստանի դատական համակարգի կայացրած, օրինական ուժի մեջ մտած վճիռը չի կատարում։ Մեկ տարի է՝ դատարանը կայացրել է վճիռը, եւ մեկ տարի է՝ Լենա Նազարյանը չի կատարում վճիռը։ Մենք դիմել ենք ԴԱՀԿ, սպասում ենք արձագանքներին։ Եթե չկատարի, ես հետեւողականորեն գնալու եմ դատախազություն եւ պահանջելու եմ, որ արդեն քրեական հետապնդում հարուցվի Լենա Նազարյանի նկատմամբ՝ դիտավորյալ քրեական հանցագործություն իրականացնելու համար»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ ուզում է որպես քաղաքական գնահատական ասել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար սա նորություն չէ. էլի կան պատգամավորներ, որոնք տարբեր գործերով դատարանների վճիռները չեն կատարել։

«Արսեն Թորոսյանը կիսակատարեց եւ խեղկատակություն արեց, եւ Արթուր Հովհաննիսյանը, որը «Թի Վի 5»-ին պարտվել է դատարանում, ԴԱՀԿ-ն ստիպողաբար նրանցից վերցրել է սահմանված տուգանքի չափը, բայց Արթուր Հովհաննիսյանը ներողություն չի խնդրում։ Այսինքն՝ այս մարդիկ ընդհանրապես դատարանի որոշումները չեն կատարում ու հաշվի չեն առնում ՀՀ երրորդ իշխանության կատարած որոշումները, որը ոչ այլ ինչ է, քան անպատժելիություն։ Եվ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր դատական անկախության մասին, դատարանների դերի բարձրացման մասին, հենց իրենք իրենց գործողություններով Հայաստանում նսեմացնում են դատարանների դերը։ Դատական իշխանության նկատմամբ ամենամեծ անարգանքը ցուցաբերում է իշխանության ներկայացուցիչը, տվյալ դեպքում՝ Լենա Նազարյանը»,- ասաց նա։

Ըստ Թագուհի Թովմասյանի՝ հայցով երկու պահանջ էին ներկայացրել՝ ե՛ւ ներողություն խնդրելու, ե՛ւ դրամական փոխհատուցման պահանջ։ «Բայց Լենա Նազարյանի փաստաբանը ներկայացրել էր մի շարք փաստաթղթեր, որ իրենք վարկով են ապրում, ֆինանսապես ոչ այնքան լավ վիճակում են, եւ դատարանը, Լենա Նազարյանի սոցիալական վիճակը հաշվի առնելով, բավարարել է ընդամենը 300 հազար դրամի փոխհատուցում։ Մենք ներկայացրել էինք 1 մլն դրամ բռնագանձելու պահանջ»,- ասաց Թովմասյանը։

Փաստաբան Սերգեյ Ոսկանյանն էլ նշեց. «Քանի որ վիրավորական արտահայտությունը հնչեցվել է հենց ԱԺ ամբիոնից, պահանջել էի, որպեսզի դատարանը սահմանի պատասխանատվության հետեւյալ ձեւը, որ պատասխանող Լենա Նազարյանը հենց նույն ամբիոնից, որտեղից վիրավորական արտահայտություն է հնչեցրել, հնչեցնի նաեւ ներողության տեքստը։ Սակայն առաջին ատյանի դատարանն իր վճռում ձեւակերպել է հետեւյալ միտքը, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ այդ ամբիոնը նախատեսված չէ վիրավորելու եւ հետո էլ վիրավորանքի համար ներողություն խնդրելու համար։ Եթե նույնիսկ վիրավորական արտահայտությունը հնչեցվել է նշված ամբիոնից, ապա դրա համար ներողությունը կարող է այլ կերպ սահմանվել։ Եվ դատարանը սահմանել է, որ ներողության տեքստը պետք է հրապարակվի ՀՀ-ում առնվազն 1000 տպաքանակ ունեցող թերթում՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ես՝ Լենա Նազարյանս, 2021 թվականի հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած «իդիոտկա» վիրավորական արտահայտության համար ներողություն եմ խնդրում նրանից»։

Հարցին, թե ինչ ժամկետներ է սահմանել դատարանը՝ վճռի կատարման համար, փաստաբանը պատասխանեց, որ դատարանը ժամկետներ չի կարող սահմանել, որովհետեւ նախ վճիռն ունի բողոքարկման ժամկետ։ «Ես ասացի՝ քանի որ մեր գումարային հատվածի պահանջը չէր բավարարվել, ես ինքս չբավարարված մասով վերաքննիչ բողոք եմ ներկայացրել։ Եվ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաեւ պատասխանողի ներկայացուցիչը։ Հետեւաբար, ակտը պետք է կատարվի այն ժամանակ, երբ մտնում է ուժի մեջ եւ դառնում է անբողոքարկելի»։ Փաստաբանը նաեւ ասաց, որ Լենա Նազարյանն անձամբ չի ներկայացել դատական նիստերին. «Պատասխանողի ներկայացուցիչը՝ փաստաբանը, գնացել էր «իդիոտկա» բառի ծագումնաբանության հետեւից։ Եվ այդ նշանակությունը վեր հանելու, պարզելու համար դիմել էր Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանին, որտեղից պատասխան էր ստացել, որ «իդիոտ» բառը հին հունական ծագում ունեցող բառ է, որը նշանակում է մեկուսացված անձ։ Մեկ այլ մեկնաբանություններով, եթե չեմ սխալվում, նշանակում է առաջնորդ։ Ի պատիվ մեր դատարանների՝ այդ փաստը չընդունվեց»։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Օրերս մամուլում գլխապտույտ առաջացրած ձերբակալությունների լուրերի կիզակետում Էկոնոմիկայի նախարարությունն է եւ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ն։

«Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ն, բացի Էկոնոմիկայի նախարարությունից գնումներից, պայմանագրեր է կնքել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։

2023 թվականին ընկերությունը դրամաշնորհային մրցույթի գնման ընթացակարգով 185 մլն 930 հազար դրամ արժողության պայմանագիր է կնքել, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն է համարվում։

«Պայմանագրով նախարարությունը պարտավոր է որոշման դրույթներով հաստատված կարգով ծրագրի եւ միջոցառման իրականացման շրջանակներում կազմակերպությանը հատկացնել միանվագ պետական աջակցություն»։

Պայմանագիրը ստորագրվել է ՀՀ ԲՏԱ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանի եւ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Աննա Ստեփանյանի միջեւ։

ԲՏԱ եւ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ կապը կապված է ընկերության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչ լինելու հետ։ Նաեւ հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի կազմակերպություններին վերջին տարիներին հարկային արտոնություններ շնորհվեցին։

Հավելենք նաեւ,  որ Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի տնօրենների խորհրդի անդամ, «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության հիմնադիր-գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի անդամ է, որը ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններից հետո։ Սակայն, շատ կողմերից համարվում են անարդար այդ կալանքները։

 

 

 

ԷԱԿԱՆՈՐԵՆ ՇԵՂՎԵԼ Է ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾԻՑ

2023թ. պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են, սակայն միայն կապիտալ ծախսերի մասով: Ընթացիկ ծախսերը իրականացվել են բյուջեով նախատեսվածից ավելի մեծ ծավալներով (կատարողականի վերջնական տվյալները հասանելի կլինեն 2023թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում): Կապիտալ ծախսերը, թերակատարվելով հանդերձ, նախորդ տարվա համեմատ, աճել են, ինչը կարող է նպաստել տնտեսական աճի արագացմանը, սակայն անհրաժեշտ է իրականացնել դրանց առավել մանրամասն ուսումնասիրություն՝ տնտեսությանն ուղղվող եւ պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը տարանջատելու համար, որպեսզի հնարավոր լինի գնահատել դրանց աճի տնտեսական ազդեցությունները:

 

 

 




Լրահոս