Armenian text to speach

ՔՊ-ում մերժված Մարինա Ղազարյանը կրկին ասպարեզում է․ այս անգամ՝ Կապանում «Նարեկ Բաբայան» է քարոզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ Կապանում ՔՊ-ի նախընտրական գործընթացներում կրկին հայտնվել է նախկին պատգամավոր Մարինա Ղազարյանը։

Վերջինս, որը 2021-2026 թվականներին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում, այս անգամ ընդգրկվել է Կապանի ավագանու ընտրությունների ՔՊ նախընտրական ցուցակում՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։

Armlur.am-ը տեղեկացրել էր, որ 2026 թվականի փետրվարին ՔՊ-ի ներկուսակցական քվեարկության ժամանակ Ղազարյանը 275 հավակնորդների շարքում զբաղեցրել էր ընդամենը 200-րդ տեղը՝ ստանալով 62 ձայն։ Այս արդյունքը փաստացի զրկեց նրան նոր գումարման խորհրդարանում հայտնվելու հնարավորությունից։ Ինքը՝ Ղազարյանը, հայտարարել էր, որ իրեն մերժված չի համարում և կուսակցությունը փոխելու մտադրություն չունի։

Սակայն խորհրդարանական մանդատի բացակայությունը չխանգարեց նրան շարունակել քաղաքական գործունեությունը։

Armlur.am-ը տեղեկացավ, որ Ղազարյանը կրկին ընտրական գործընթացում է՝ այս անգամ իր հայրենի Կապանում։ Մենք տեղեկացանք, որ Ղազարյանը ամեն տեղ Կապանի ՔՊ թեկնածու Նարեկ Բաբայանի հետ է: Մեր տեղեկություններով Ղազարյանը շատ ակտիվ քարոզարշավ է իրականացնում հանուն Նարեկ Բաբայանի:

Ո՞վ է Մարինա Ղազարյանը։

Նա Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում 2009-2021 թվականներին աշխատել է որպես պատմության, հասարակագիտության և տնտեսագիտության ուսուցիչ։ 2016 թվականից ՔՊ անդամ է, իսկ 2021 թվականին դարձել է Ազգային ժողովի պատգամավոր։

Նրա անունը, սակայն, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև մի աղմկահարույց հայտարարության պատճառով։

2026 թվականի օգոստոսին անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի՝ ԱԺ անդրանիկ նիստին չմասնակցելուն, Ղազարյանը հայտարարել էր. «Եկեք կաթողիկոս կոչումը չկիրառենք, ի՜նչ կաթողիկոս…. նրանից ի՞նչ կաթողիկոս: Պետք չէր, որ այդ մարդը գար ԱԺ: ԱԺ-ում կան նաեւ այլ հավատալիքներ ունեցող մարդիկ, գար՝ ի՞նչ աներ»։

Այսպիսով, նախկին պատգամավորը, որը տարիներ շարունակ ներկայացրել է իշխող քաղաքական ուժը խորհրդարանում, հրապարակային հարցազրույցով նման դիրքորոշում էր արտահայտել Հայ Առաքելական եկեղեցու և խորհրդարանի ավանդույթի վերաբերյալ։

Այժմ Մարինա Ղազարյանը կրկին Կապանի քաղաքական գործընթացների մասնակից է։ ՔՊ ցուցակը գլխավորում է Նարեկ Բաբայանը, երկրորդ տեղում Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն է, իսկ երրորդը՝ նախկին պատգամավոր Ղազարյանը։

Հատկանշական է նաև, որ Բաբայանի առաջմղման գործընթացում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, ներգրավված է ՔՊ-ի նախընտրական ցուցակից հեռացված նախկին պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Կապանի ընտրություններից առաջ հարցերը բազմաթիվ են․ արդյոք նախկին պատգամավորների վերադարձը տեղական քաղաքականություն ՔՊ-ի համար նոր հաշվարկ է, ի՞նչ դերակատարում ունի Մարինա Ղազարյանը Նարեկ Բաբայանի թիմում, և ինչո՞ւ է կուսակցությունը կրկին վստահել ընտրական ցուցակի առաջատար հատվածը մի գործչի, որը ներկուսակցական քվեարկության ժամանակ նման ցածր արդյունք էր գրանցել։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս