ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել. «ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դռնբաց դատական նիստը նշանակվել է 2024թ. մարտի 1-ին՝ ժամը 16։15-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյան նստավայրում, նախագահող դատավորն է Դիանա Ղուկեյանը։

 

Մեր պնդմամբ՝ նույնիսկ թերի եւ օրենքի բազմաթիվ խախտումներով իրականացված քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները համակցությամբ ամբողջովին հերքում են Տիրան Խաչատրյանին առաջադրված «զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած լինելու» մեղադրանքը, ինչը կհաստատվի նաեւ հրապարակային դատավարության ընթացքում։ Ավելին՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից հիմնականում վկայակոչվող միակ «ապացույցը», որը ձեռք էր բերվել օրենքի խախտմամբ եւ հարցաքննվող անձի տված ցուցմունքների աղավաղմամբ, հերքվել է պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա իրականացված առերես հարցաքննության արդյունքում։

Ինչ վերաբերում է մինչ օրս Տիրան Խաչատրյանի՝ կալանքի տակ գտնվելու հանգամանքին, ապա նշենք, որ առաջին դատական նիստում քննարկվելու է Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու, ինչպես նաեւ փոփոխելու հարցը, որի շրջանակներում պաշտպանական կողմը միջնորդելու է Տիրան Խաչատրյանին ազատել կալանքից եւ կիրառել այլընտրանքային խափանման միջոց։ Կարծում ենք, որ ի սկզբանե բացակայում էին Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը, բայց մանավանդ այս փուլում այդպիսի անհրաժեշտության մասին խոսելը զուրկ կլինի որեւէ տրամաբանությունից, քանի որ քրեական վարույթի ընթացքում, վարույթային գործողությունների ավարտով պայմանավորված, վերացել է վարույթն իրականացնող մարմնի կողմից վկայակոչվող «վարույթի մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու» առանց այդ էլ գոյություն չունեցած հավանականությունը։ Տիրան Խաչատրանի նկատմամբ վարույթին խոչընդոտելու հիմքով կիրառված կալանքն ունեցել է բացառապես պատժիչ բնույթ՝ պայմանավորված Տիրան Խաչատրյանի անձով եւ նրա հրապարակային գործունեությամբ։ Երբ այս ամենին գումարվում է այն հանգամանքը, որ միջադեպի մասնակից մնացած անձանցից որեւէ մեկը ներկայումս կալանքի տակ չէ, է՛լ ավելի ակնառու է դառնում Տիրան Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերվող խտրական մոտեցումը։

Հուսով ենք, որ թե՛ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի եւ թե՛ գործի ըստ էության քննությունները կիրականացվեն օբյեկտիվության, բազմակողմանիության եւ լրիվության պահանջների պահպանմամբ։

Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական է, Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչեւ 2021 թվականը՝ զբաղեցնելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձր պաշտոններ։ Ռազմական գործում գրանցած նշանակալի հաջողությունների եւ անբասիր ծառայության համար պարգեւատրվել է բարձրագույն՝ Հայրենիքի շքանշանով, Մարտական խաչ երկրորդ աստիճանի, ինչպես նաեւ ՀՀ եւ ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ մեդալներով»։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ փետրվարի 28-ին ամփոփվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2023 թվականի աշխատանքները:

 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ Արամ Արամյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործությունների 4313 դեպք (2022 թվականին` 4955 դեպք): 2023 թվականի ընթացքում արձանագրվել է ծանր հանցագործությունների 587 դեպք՝ 2022 թվականի 741 դեպքի դիմաց: Բացահայտման ցուցանիշը 2023 թվականին կազմել է 30.6%՝ 2022 թվականի 20.6%-ի դիմաց: Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 39,6 %-ով. արձանագրվել է 187 դեպք՝ 2022 թվականի 134 դեպքի դիմաց:

2023 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի թիվը, 2022 թվականի համեմատ, նվազել է 385-ով. 2023 թվականին արձանագրվել է 1700 դեպք:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազության կողմից 2023 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 566 քրեական վարույթ՝ 635 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 375 քրեական գործ (վարույթ)):

Արամ Արամյանի խոսքով՝ 2023 թվականին պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարվել են մի շարք ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ բարձրաստիճան պետական պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում Երեւան քաղաքի Պուշկինի 2, Կողբացու 50ա, Մոսկովյան փողոցի 29/4, Աբովյան 8 եւ Աբովյան 10 հասցեներում գտնվող շենքերի եւ շինությունների օտարումն իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով, իսկ հետագայում իրավասու պետական պաշտոնատար անձանց կողմից որեւէ միջոց չի ձեռնարկվել առանձնապես խոշոր արժեք ունեցող վերոնշյալ գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ:

Վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքում վարչական շրջանների դատախազության կողմից Հակակոռուպցիոն կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին 5 հաղորդում. նախաձեռնվել է 5 քրեական վարույթ: Ոչ իրավաչափ եղանակով օտարված վերոնշյալ անշարժ գույքերը պետությանը եւ համայնքին վերադարձնելու նպատակով Վարչական դատարան է ներկայացվել 2 դիմում եւ 3 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

Ավարտվել է 2023թ. դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում մի խումբ անձանց կողմից կատարված կողուպուտի, խուլիգանության, ինչպես նաեւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը բռնությամբ միջամտելու դեպքի նախաքննությունը՝ եւս 5 մեղադրյալի մասով։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության իրականացված քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Նորատուս գյուղի հիշալ 5 բնակիչները, իրենց եւ հարակից բնակավայրերի տասնյակ այլ ձկորսների հետ, տեղեկանալով ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ջրային պարեկների՝ դեկտեմբերի 19-ին՝ Սեւանա լիճ նախատեսված շրջայցի եւ այդ ընթացքում իրենց կողմից լճում ապօրինի տեղադրված ձկնորսական ցանցերի հնարավոր դուրսբերման մասին, նպատակադրվել են միջամտել վերջիններիս օրինական ծառայողական գործունեությանը:

Ձկնորսները մոտորանավակներով, դիմակավորված մոտեցել են հիշյալ պաշտոնատար անձանց, շրջապատել նրանց նավակները՝ միաժամանակ պահանաջելով լճից դուրս չբերել իրենց ձկորսական ցանցերն ու այլ պարագաները:

Մերժում ստանալով՝ դիմակավորված անձինք, այդ թվում՝ ինքնությունները պարզված՝ Գեղարքունիքի մարզի նշված 5 բնակիչները, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, նախ հայհոյանքներ են հնչեցրել շրջայց կատարող աշխատակիցների հասցեին, ապա նրանց մի մասը ջրով եւ դյուրավառ հեղուկներով լցված շշեր, փայտեր, երկաթյա առարկաներ են նետել նավի վրա գտնվող աշխատակիցների ուղղությամբ:

Հանցավոր արարքների կատարման համար ինքնությունները պարզված 5 անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով, երկրորդին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, մոտորանավակը հափշտակած 35-ամյա տղամարդուն՝ 253-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, մյուս երկուսին՝ միայն 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նշված 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, եւ նրանց վերաբերյալ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։

Խուլիգանական արարքներին մասնակցած այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

 




Լրահոս