«ԱՅՍ ԽՈՒՆՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆՁՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը նոր է վերադարձել Տավուշի մարզից, ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել, թե ինչ իրավիճակ է այնտեղ, որ գյուղերն են թշնամու թիրախում հայտնվել:

 

-Պարո՛ն Դանիելյան, վերջին շրջանում անընդհատ խոսակցություններ են շրջանառվում, հասարակության շրջանում անհանգստություններ կան, որ առաջիկայում իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանին Տավուշից գյուղեր հանձնել: Իշխանությունները սա չեն հերքում, ավելին՝ ասում են, որ այն գյուղերը, որ Ադրբեջանը մեզանից պահանջում է, Հայաստանի սուվերեն տարածքում չեն եղել: Դուք գնացել եք Տավուշ, ի՞նչ իրավիճակ էր հանրության շրջանում:

-Նախ՝ մի քիչ պատմությունից էքսկուրս կատարենք. ի՞նչ եղավ 2020 թվականից հետո. նոյեմբերի 9-ի հուշագրի մեջ կար դրույթ, որ չակերտավոր Ղազախի շրջանի գյուղեր պետք է հետ վերադարձնեն Ադրբեջանին, հետո հանվեց այդ  դրույթը, բայց խոսակցությունները չէին դադարում: Ես իմ ընկերների հետ մի քանի անգամ ճանապարհներ ենք փակել, պարզաբանումներ ենք պահանջել մարզպետից, մարզպետն ասաց՝ նման բան չկա, դրանք սուտ խոսակցություններ են: Այսինքն՝ բոլոր մակարդակներով սուտ էր քարոզվում, այնինչ իրական դաշտում մենք տեսնում ենք, որ պրոցեսներ են գնում: Այդ պրոցեսները հասան իրենց կուլմինացիային, երբ Շահին Մուսաֆաեւը հայտարարեց, որ պահանջներ են ներկայացվել հայկական կողմին անհապաղ չորս գյուղերը հետ վերադարձնել:

-Ո՞ր գյուղերի մասին է խոսքը:

-Դրանք Բաղանիս-Այրում գյուղն է, Ներքին Ոսկեպարի հատվածն է, դա Ղըզըլհաճի կոչվող գյուղն է, ուր ժամանակին ադրբեջանցիներ են բնակվել, եւ Կիրանց գյուղի մոտակա բնակավայրն է: Այդ չորս գյուղերը պետք է անհապաղ հայկական կողմը հետ վերադարձնի: Հայկական կողմն ի՞նչ ասաց. հայկական կողմն ասաց, որ մենք պահանջել ենք Ադրբեջանից 31 բնակավայրերի հետվերադարձը: Ադրբեջանն ասաց՝ անգամ մտքներովդ չանցնի, որ այդ 31-ից որեւէ մեկը ես պատրաստվում եմ ձեզ  վերադարձնել, բայց դուք պետք է ինձ վերադարձնեք: Այնուհետեւ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, ասուլիսում նորից մանիպուլացիայի ենթարկեց հանրությանը:

-Ի դեպ, ասուլիսում Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այն գյուղերը, որոնք մեզանից պահանջում են, ՀՀ տարածքում չեն եղել:

-Հենց մանիպուլացիան էլ դա է. ի՞նչ է ասում վարչապետի աթոռը զբաղեցնողը. ասում է՝ ճիշտ է, կոմունիկացիաները այդտեղով են անցնում, ճանապարհներն այդտեղով են անցնում, գազամուղն այդտեղով է անցնում, դրանք ռազմավարական նշանակության բարձունքներ են, բայց դա Հայաստան չէ: Այսինքն՝ մի խայտառակ սուտ է ասում, երբ ասում է՝ Հայաստան չէ: Ես մի փաստ միայն նշեմ. այդ տարածքներում 8-րդ դարի հայկական եկեղեցի է վեր խոյանում Ոսկեպարի հատվածում: Ինչի՞ համար է սա ասվում. սա ասվում է, որպեսզի հանրությանը մոլորության մեջ գցի եւ հանձնումը պայմանավորի նրանով, որ սա Տավուշի մարզ չէ, ինքը Տավուշի մարզից  հող չի տալիս, սա Ադրբեջան է: Այսինքն՝ մի օր էլ այս խունտան Հայաստանը կարող է համարել Ադրբեջանի մաս եւ ամբողջությամբ  հանձնել: Մենք ինչո՞վ պետք է առաջնորդվենք՝ Ադրբեջանի նարատիվներո՞վ… դե եթե Ադրբեջանի պահանջները պիտի բավարարես, պետք է ամբողջ Հայաստանը տաս, ոնց որ տվեցիր Արցախը, որնցոր տվեցիր Գորիս-Կապան ճանապարհը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԹԱՔՆՎԵԼՈՎ ԿԵՂԾ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ

Մարիա Զախարովան մեկնաբանել է Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ շփումների ակտիվացման հարցը՝ Ռուսաստանի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների վերջին որոշումների ֆոնին:

 

«Ինչ վերաբերում է Փարիզի եւ Երեւանի շփումներին, ուզում եմ ընդգծել, որ արտաքին գործընկերների, ազգային անվտանգության ապահովման պարամետրերի ընտրությունը ցանկացած երկրի ինքնիշխան գործն է, եւ մենք դա եւս մեկ անգամ վերահաստատում ենք։ Պարզապես տպավորություն է ստեղծվում, որ Երեւանը, շրջվելով դեպի Ֆրանսիա եւ նրա հետ զարգացնելով ռազմատեխնիկական համագործակցություն, չի գիտակցում ֆրանսիացի «հովանավորների» իրական մտադրությունները, տարածաշրջանում նրանց ռազմական ներկայության ընդլայնման ռիսկերը։

Միամտաբար կարծում են, որ Ֆրանսիան պատրաստ է կամ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Եթե Ֆրանսիան նման հնարավորություններ ունենար, ապա դրանք կկիրառեր այն երկրներում, որտեղ պայմանագրային պարտավորություններ ուներ, քանի որ դրա համար վճարվում էր։ Աֆրիկյան մայրցամաքի երկրներում Փարիզի առաքելությունները ձախողվեցին, քանի որ Ֆրանսիան թողեց իր դաշնակիցներին եւ գործընկերներին ամենակրիտիկական պահին»,-ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ «թաքնվելով համերաշխության կեղծ հավաստիացումների եւ խաղաղության մասին խոսքերի հետեւում՝ Ֆրանսիայի ներկայիս իշխանությունները չեն առաջնորդվում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերով»:

«Իրականում Ֆրանսիայի ներկայությունը տարածաշրջանում տեղեկություններ հավաքելու, տարածաշրջանի պետություններին վերահսկելու եւ երկրների միջեւ ձեռք բերված բոլոր խաղաղության համաձայնագրերի իրականացումը թույլ չտալու փորձ է։ Սա ակնհայտ է: Եթե Ֆրանսիայի նպատակը լինեին խաղաղությունն ու անվտանգությունը, ապա նա ամեն ինչ կաներ, որպեսզի 2021 թվականից Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեին, մինչդեռ նրանք հակառակ կուրսն են վերցրել»,- եզրակացրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

 

 

 

ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստան կժամանի Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում ասված է.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1.Կազմակերպել 2024 թվականի մարտի 24-27-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2.Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ ընդունել պատվիրակությանը:

3.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»:

 

 

 

ԱՄՈՒՐ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՄԲ

Հայաստանը դիտարկում է ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարները՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում կայուն խաղաղության զարգացմամբ եւ կառուցմամբ։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ողջունելով մարտի 13-ին ԵԽ-ի ընդունած բանաձեւը։

«Ողջունելով բանաձեւի ընդունումը՝ նման ճնշող մեծամասնությամբ, եւ ավելի սերտ կապերի, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին հստակ ազդակները՝ մենք դիտարկում ենք մեր գործընկերության հետագա խորացման հեռանկարները՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում տեւական խաղաղության զարգացմամբ եւ կառուցմամբ»,- նշված է գրառման մեջ:

Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւը մարտի 14-ին ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։

 




Լրահոս