«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»՝ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում երեւանյան բեմում կլինի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրությունը, որն արդեն ներկայացվել է Ֆրանսիայում:

 

Մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասաց՝ ներկայացման իրագործումը հայ-ֆրանսիական վաղեմի բարեկամության արդյունքն է:

Խոսելով Փարաջանովին նվիրված նախաձեռնությունների մասին՝ փոխնախարարը հիշեցրեց, որ միջոցառումները մեկնարկել են կինոռեժիսորի ծննդյան օրը՝ հունվարի 9-ին. անդրադարձել են Փարաջանովի կինոարվեստին եւ շարունակելու են նրա ժառանգությունը հանրահռչակել արվեստի տարբեր ժանրերում:

«Ֆրանսիայում տարին մեկնարկեց «Նռան գույնը» ներկայացմամբ, որի բովանդակության հիմքում Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն է, գաղափարի հեղինակը Սաթէ Խաչատրյանն է, իսկ խորեոգրաֆը՝ Մուրադ Մերզուկին: Փարաջանովը մեծ ժառանգություն է թողել, սակայն շատերը ծանոթ են նրա միայն «Նռան գույնը» ֆիլմին, կոլաժներին: Ըստ իս՝ այս ներկայացմամբ կպատասխանենք այն հարցին, թե ով է Փարաջանովը երիտասարդ սերնդի համար», – շեշտեց Դանիելյանն ու հավելեց՝ ներկայացումը՝ Փարաջանովի կատարած աշխատանքի, նրա էության, կյանքի ներշնչանքի դրսեւորումն է՝ օտարի աչքերով:

Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի խոսքով՝ կարեւորել են այն, որ ներկայացումը բեմադրել է օտարազգին:

«Երբ ապրում ես Ֆրանսիայում, անում ես բեմադրություն հայերի ու ֆրանսիացիների հետ, ակամայից Հայաստանի մշակույթը տանում ու ներկայացնում, տարածում ես քո երկրում: Մշակույթը ոչ միայն արձանագրվում է գրքերում, պատմության մեջ, այլեւ մարդկանց միջոցով, որոնք ապրում են, արարում են», – շեշտեց Սարգսյանն ու ընդգծեց՝ դա հաշվի առնելով են ֆինանսական աջակցություն ցույց տվել նախաձեռնությանը:

«Նռան գույնը» ներկայացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2022 թվականի հուլիսից Ֆրանսիայում: Այդ նպատակով Հայաստան են ժամանել ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնը, «Տոբոգան» եւ «Գասկոն» ֆրանսիական թատրոնների տնօրենները, ինչպես նաեւ ներկայացման դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը:

Ներկայացման երաժշտությունը գրել եւ ձայնագրել է «Հող» խումբը, իսկ բեմադրության հագուստների ձեւավորման հեղինակը Էդգար Մանուկյանն է:

Սաթէ Խաչատրյանի հավաստիացմամբ՝ Փարաջանովի արվեստն ավելի հասանելի դարձնելու համար ընտրել են պարի լեզուն: Որոշել են համագործակցել Մուրադ Մերզուկիի հետ, քանի որ նա տաղանդավոր է, ճանաչված ոչ միայն Ֆրանսիայում. բազմաթիվ բեմադրություններ է իրականացրել Ֆրանսիայից դուրս:

«Ինձ  համար կարեւոր էր տեսնել, թե ինչպես են այլ մշակույթի կրողներն ընկալում մեր մշակույթն ու այն մատուցում: Երբ խոսում ենք Փարաջանովի մասին, հիշում ենք ազատության, համարձակության, երկխոսության մասին: Մեր նախագիծն այս երեք բառերի ամփոփումն է, որ լավագույնս ներկայացնում է Սերգեյ Փարաջանովին»,-շեշտեց նախագծի գաղափարի հեղինակն ու տեղեկացրեց՝ ներկայացման մեջ զբաղված են  եւ՛ հայ, եւ՛ ֆրանսիացի պարողներ:

Մուրադ Մերզուկին հայկական ժողովրդական պարը համադրել է հիփ-հոփի, ժամանակակից պարի հետ: Նա խոստովանեց՝ հուզված է, քանի որ իրեն շատ հետաքրքիր է, թե ինչպես Հայաստանի հանդիսատեսը կարձագանքի ներկայացմանը:

 

 

 

ԹԵՆԻՍԸ՝ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Հայաստանի թենիսի պատանեկան հավաքականի անդամներ Առնո Ավետիսյանն ու Խաչատուր Ավետիսյանը երկրորդ տեղն են զբաղեցրել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչեւ 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում: Նույն տարիքային խմբում Մարիա Ազիզյանն ու Գայանե Բզնունին զուգախաղում հասել են մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ սակայն պարտություն են կրել: Հայ պատանի թենիսիստներն առաջնությանը մասնակցել են մարզիչ Միքայել Ավետիսյանի գլխավորությամբ: Մ12 տարեկանների միջազգային մրցաշարում էլ կիսաեզրափակիչ է հասել Սամվել Գեւորգյանը: Մրցաշարերին մասնակցել են նաեւ Ալբանիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Թուրքիայի եւ այլ երկրների ներկայացուցիչներ: Մարտի 11-23-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի՝ մինչեւ 18 տարեկան տղաների եւ աղջիկների միջեւ վարկանիշային մրցաշար, որին 28 երկրի ավելի քան 100 թենիսիստ է մասնակցում:

 

 

 

ՀԱՅՏՆԻ Է ԿԱԶՄԸ

Հայաստանի մարմնամարզության մեծահասակների եւ երիտասարդական հավաքականների կազմը, որով թիմերը կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին, հայտնի է: Հայաստանի մարմնամարզության հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի հետեւյալ կազմով` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան եւ Էրիկ Բաղդասարյան: Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը եւ Շեքսպիր Գեւորգյանը: Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Իտալիայում ապրիլի 24-28-ը:

 

 

 

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վերջին երկու մասնակիցները հայտնի են:

Մադրիդի «Ատլետիկո»-ն, սեփական հարկի տակ հյուրընկալելով «Ինտեր»-ին, կարողացավ հաղթանակի հասնել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ` 3:2: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց լրացուցիչ ժամանակում:

«Ատլետիկո»-ն շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:

Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդունեց ՊՍՎ-ին եւ հաղթեց 2:0 հաշվով: Գերմանական ակումբի կազմում աչքի ընկան Սանչոն եւ Ռոյսը: «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում է:

 




Լրահոս