Ուզբեկստանի ամենահայտնի բալետային պարուհի, երգչուհի, բալետմայստեր եւ ԽՍՀՄ եւ Ուզբեկստանի ժողովրդական արտիստուհի Թամարա Խանումն է հիմնադրել երկրի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիան: 1906 թվականի այս օրը Ուզբեկստանի Ֆերգանա քաղաքում ապրող հայ ընտանիքում ծնվել է Թամարա Արտեմի Պետրոսյանը՝ նույն ինքը Թամարա Խանումը: Ապագա բալեստմայստերն առաջին անգամ մեծ բեմ է բարձրացել 12 տարեկանում, իսկ երեք տարի անց ընդունվել Տաշքենդում գործող ռուսական բալետի դպրոց, սովորել Մոսկվայի թատերական ինստիտուտում:
Տաշքենդ վերադառնալուց հետո երգչուհին գործունեությունը սկսում է երաժշտական-էթնոգրաֆիկ անսամբլի կազմում, միաժամանակ զարկ տալիս տեղի ազգային երգի ու պարի, ինչպես նաեւ Ուզբեկստանի առաջին օպերային թատրոնի հիմնադրման աշխատանքներին: Կենտրոնական Ասիայում մեծ համբավ ձեռք բերելուց հետո Թամարան շրջագայություններով մեկնում է Եվրոպա, 1935 թվականին Լոնդոնում մասնակցում ազգային պարերի առաջին միջազգային փառատոնին՝ արժանանալով պատվավոր առաջին մրցանակին եւ Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից պարգեւատրվում Ոսկե մեդալով: Ելույթներով հանդես է գալիս Փարիզում, Բեռլինում, Վիեննայում եւ այլ քաղաքներում գործող մեծ դահլիճներում: Նա իր ստեղծագործական եւ բեմական գործունեությունը չի դադարեցրել անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Եվրոպայից վերադառնալուց հետո Թամարան խումբ է կազմում եւ ելույթներով հանդես գալիս պատերազմի առաջին գոտում՝ լինելով առաջին կինը, որն արժանացել է կապիտանի կոչման եւ Ստալինի 2-րդ աստիճանի մրցանակի: Արժանացել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի» եւ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի» մեդալների: Հակառակ ուզբեկական մշակույթի կրող լինելուն՝ Թամարա Խանումը իր բեմելների ընթացքում գրեթե միշտ հանդես է եկել հայկական երգերի կատարմամբ: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո երգչուհին իր ողջ կարողությունը նվիրաբերել է ավերիչ երկրաշարժիչ տուժածներին՝ ոչինչ չթողնելով իր դուստրերին եւ նրանց ընտանիքներին: Արվեստի ոլորտում եզակի մարդկանցից է Թամարա Խանումը, ում տուն-թանգարանը բացվել է դեռեւս իր կենդանության օրոք: 1986 թվականին Տաշքենդում բացված թանգարանում ցուցադրվում են պարուհու բեմական հագուստները, լուսանկարները եւ չհրատարակված հուշերը: Այնտեղ կարելի է լսել նաեւ հայ արտիստուհու երգերը։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
«Մշակույթի զարգացման» հիմնադրամի կողմից մշակույթի ոլորտում կներդրվի կառավարման նոր համակարգ, առավել արդյունավետ կդառնա մշակութային ժառանգության հանրահռչակումը: Այս նոր նախաձեռնությամբ նախատեսվում է բարելավել մշակութային ոլորտում կառավարման համակարգը, ինչպես նաեւ ունենալ միասնական վարչատնտեսական կառավարման մոդել։ Այս մոդելն առաջին փուլում իրականացվելու է թանգարանների համար։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ նոր մոտեցմամբ բավականին բեռնաթափվելու է թանգարանների ծանրաբեռնվածությունը։
«Սա, կարելի է ասել, թանգարանների կառավարման մոդելի փոփոխություն է։ Հիմնադրամն իր վրա կվերցնի վարչատնտեսական գործառույթներ, կաջակցի լոգիստիկ հարցերում՝ բեռնաթափելով ծանրաբեռնվածությունը։ Հիմնադրամը թանգարաններին կարող է աջակցել կապիտալ բնույթի աշխատանքներ իրականացնելու ժամանակ, տարբեր միջոցառումներ իրականացնելիս»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը։
Հիմնադրամի կարեւոր գործառույթներից է լինելու նաեւ մշակութային ժառանգության հանրահռչակումը։ Նպատակ կա մեկտեղելու բոլոր հնարավոր ռեսուրսները, մարքեթինգային հնարավորությունները։
«Երբ մենք գույքագրում էինք ոլորտում առկա խնդիրները, տեսանք, որ առաջնահերթություններից է մշակութային ժառանգության հանրահռչակումը։ Մեր մշակութային ժառանգությունը շատ հարուստ է, եւ այն ճիշտ ներկայացնելու արդյունավետ ճանապարհներ են պետք։ Օրինակ՝ այսօր թանգարաններում չունենք բալանսավորված այցելություններ։ Ունենք Երեւանից դուրս արգելոց-թանգարաններ, որտեղ գրանցվում են մեծ թվով այցելություններ, կա Երեւանի սրտում գտնվող թանգարան, որտեղ քիչ թվով այցելություն է գրանցվում։ Մենք կարծում ենք, որ բոլոր թանգարաններն էլ կարեւոր են, եւ պետք է հանրահռչակման միջոցառումներով կարողանանք այցելություններ ուղղորդել այդ թանգարաններ»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ շատ կարեւոր են մարքեթինգային գործողությունները, մեդիա դաշտի հետ աշխատանքի, սոցիալական ցանցի առաջխաղացման, որակյալ կոնտենտ ստեղծելու հնարավորությունները մեկ տեղում համախմբելը։ Հիմնադրամի միջոցները լինելու են պետական բյուջեից։
Ալֆրեդ Քոչարյանը նկատեց, որ ոլորտում եւս մեկ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել։ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Թանգարանների մասին» օրենքը։ Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող հիմնական մայր օրենքը։
«American Cup 2024»
Հայազգի երկու շախմատիստներ` Լեւոն Արոնյանը եւ Սամուել Սեւյանը, մասնակցում են «American Cup 2024» շախմատի մրցաշարին:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դուրս է եկել ԱՄՆ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ մրցում է Ֆաբիանու Կարուանայի հետ: Երկու պարտիաներից հետո հաշիվը հավասար է` 1:1: Սամուել Սեւյանը քառորդ եզրափակիչում դուրս է մնացել հետագա պայքարից:
Մարտի 12-ից 21-ը ԱՄՆ Սենթ Լուիսում անցկացվում է «American Cup 2024» շախմատի մրցաշարը: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250,000 հազար դոլար: Մրցաշարին մասնակցում են նաեւ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Ռեյ Ռոբսոնը, Սամուել Շանկլանդը եւ Գրիգորի Օպարինը։
ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը մարտի 17-26-ը կանցկացնի մարզական հավաք, որի ընթացքում ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-21 2025թ. առաջնության որակավորման փուլի շրջանակում կկայանա երկու հանդիպում:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մարտի 22-ին թիմը Պոդգորիցայում կմրցի Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի, իսկ մարտի 26-ին Արմավիրում՝ Ռումինիայի Մ-21 հավաքականի հետ։
Մ-21 hավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Գոռ Մատինյան -ԲԿՄԱ
Վլադ Չատունց -«Ալաշկերտ-2»
Դավիթ Դավթյան -ԲԿՄԱ
Պաշտպաններ
Համլետ Մնացականյան -«Շիրակ»
Ավենտիս Ավենտիսյան -«ՆԿ Յարուն» (Խորվաթիա)
Պետիկ Մանուկյան -ԲԿՄԱ
Էրիկ Սիմոնյան -«Ուրարտու»
Արմեն Սարգսյան -ԲԿՄԱ
Ռուբեն Աբրահամյան -ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան -«Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Նարեկ Ջանոյան -ԲԿՄԱ
Կարեն Նալբանդյան -«Ալաշկերտ»
Նարեկ Ալավերդյան -«Արարատ-Արմենիա»
Սերոբ Գալստյան -«Արարատ»
Գոռ Մանվելյան -«Նոա»
Կառլեն Հովհաննիսյան -ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան -ԲԿՄԱ
Էդգար Փիլոյան -«Վան»
Տիգրան Ավանեսյան -«Բալթիկա» (Ռուսաստան)
Վյաչեսլավ Աֆյան -ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան -ԲԿՄԱ
Գեւորգ Տարախչյան -«Ուրարտու»
Հարձակվողներ
Լեւոն Վարդանյան -«Փյունիկ»
Նիքոլաս Կալուկյան -«Սիրաքյուզ» (ԱՄՆ)