Իրանը նախազգուշացրել է Ռուսաստանին ահաբեկչության սպառնալիքի մասին Կրասնոգորսկի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահի վրա հարձակումից առաջ։ Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իրանի տրամադրած տվյալներում, սակայն, բացակայել են կոնկրետ մանրամասներ ժամանակի և թիրախի վերաբերյալ, ընդգծում է լրատվամիջոցը։
Հաղորդվում է, որ Թեհրանը տեղեկությունները ստացել է Իրանի Քերման քաղաքի վրա հարձակման հետ կապված կասկածյալներից:
Մինչդեռ ռուսական կողմը հերքում է այդ լուրը: «ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություն չունի Կրասնոգորսկում համերգասրահի վրա հարձակումից առաջ ահաբեկչության նախապատրաստության վերաբերյալ Իրանից տվյալներ ստանալու մասին»,- ՏԱՍՍ-ին ասել է Աֆղանստանի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ և ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես ասել է, որ ինքը տեղյակ չէ Ռուսաստանում խոշոր ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ Իրանից ստացված ենթադրյալ նախազգուշացումների մասին։