ԱՐՑԱԽՑԻՆԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավորները նոր ծրագիր են մեկնարկել՝ «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը»: Ծրագիրը մեկնարկել է Սյունիքի մարզից, որտեղից Արցախի ընդդիմադիր պատգամավորները երեկ են վերադարձել: ArmLur.am-ը ծրագրի մանրամասների վերաբերյալ զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ:

 

-Պարո՛ն Գալստյան, ի՞նչ է ներկայացնում «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը, ո՞րն է դրա նպատակը:

-Այսօր բոլորը խոսում են, թե արցախցիների համար սա պետք է անել, նա պետք է անել, բայց ոչ ոք չի հարցնում՝ արցախցիներն ինչ են ուզում: Մենք տասը մարզերում հանդիպելու ենք արցախցիների հետ, փորձելու ենք հասկանալ նրանց ցանկությունները, խնդիրները եւ ամփոփելով դրանք՝ ներկայացնելու ենք արցախցիների տեսլականը: Այն մարդիկ, որոնք, քաղաքական նկատառումներից ելնելով, խոսում են արցախցիների անունից, պետք է հասկանան՝ արցախցիներն իրականում ինչ են ուզում, այլ ոչ թե իրենց ցանկությունները վերագրեն արցախցիներին:

-Ո՞ր մարզերում են հանդիպումները լինելու:

-Ծրագիրը սկսել ենք Սյունիքի մարզից, ամեն մարզում 50 հոգու հետ ենք հանդիպում, նրանց հետ զրուցում, մտքերն ու առաջարկություններն ամփոփելով՝ փորձում ենք պարզել, թե արցախցիներն ինչ խնդիրներ ունեն այստեղ ու գտնել դրանց լուծումը: Հիմնական նպատակը հայրենիք վերադարձի մասով արցախցիների պատկերացումներն ու անվտանգային երաշխիքների առումով նրանց սպասելիքները հասկանալն է: Ըստ այդ տեսլականի՝ փորձելու ենք ճանապարհային քարտեզ կազմել, որպեսզի այդ ծրագրի շրջանակներում կարողանանք կազմակերպել հետվերադարձը:

-Պարո՛ն Գալստյան, այս պայմաններում, երբ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի վերացնի հայկական հետքն Արցախում, իսկ Հայաստանի իշխանություններն, առհասարակ, Արցախի թեման փակ են պահում, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախ վերադարձը:

-Դրա համար մենք չենք ցանկանում մյուսների նման մեր պատկերացումները բարձրաձայնել, ցանկանում ենք քննարկել հարցը նաեւ երիտասարդների հետ, ամփոփել դրանք ու ավելի հստակ կներկայացնենք՝ ինչպես ենք պատկերացնում դա, ինչ երաշխիքներով եւ ինչ նախապայմաններով:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՈՐՏԵ՞Ղ Է ՍԿՍՎՈՒՄ ՀՀ ՏԱՐԱԾՔԸ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնել Ադրբեջանին։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ունեցած ելույթում։

«Խաղաղության մեր օրակարգի առումով մեզ շատ հայհոյում են եւ բազում ստեր են ասում։ Այդ ստերից ամենաարտահայտիչը, ըստ էության, բոլոր լրատվամիջոցներում եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսույթից վերջին ամիսներին չիջնող այն արձանագրումն է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղեր հանձնել Ադրբեջանին, բայց այս խոսույթը որեւէ կապ չունի իրականության հետ։

Առիթ ունեցել եմ ասելու, այսօր էլ կասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում երբեւէ չեն եղել Կըզըլհաջըլի, Խեյրեմլի, Աշաղի Ասկիպարա, Բաղանիս-Այրում անունով գյուղեր։  Ընդ որում՝ վերջինը որեւէ կերպ չի կարելի շփոթել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հետ, որովհետեւ Տավուշի մարզում Բաղանիս գյուղ կա, որը կա, եղել է եւ միշտ կլինի Հայաստանի Հանրապետություն»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ իր կառավարությունը երբեւէ հավակնություն չի ունեցել եւ այսօր էլ չունի նշված գյուղերի տարածքների նկատմամբ։ «Սա պետք է շատ հստակ արձանագրել, առավելեւս այն պայմաններում, երբ մեր գնահատականն այնպիսին է, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար։ Ես ուզում եմ, որ մենք սա շատ հստակ արձանագրենք, եւ մեր քաղաքական ուղերձն այն է, որ Հայաստանն իր ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որեւէ հավակնություն չունի՝ ներառյալ Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի վրա։  Նաեւ ուզում եմ, որ դուք իմանաք, որ Կըզըլհաջիլի գյուղը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ 100 տոկոսով։ Դա այդպես է այսօր, երեկ էլ էր այդպես, 15 տարի առաջ էլ է այդպես եղել, 20 տարի առաջ էլ է այդպես եղել»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։

Նա նշել է, որ հաջորդ հարցը կարող է ծագել, իսկ եթե ՀՀ-ն հավակնություններ չունի կամ եթե այդ գյուղերի ուղղություններով կան տարածքներ, որոնք կարող են գտնվել ՀՀ վերահսկողության ներքո, ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի համաձայնում այդ տարածքներում որոշակի կարգաբերումներ անել։ «Այնպես չի, որ մենք չենք համաձայնվում, մենք մի հարց ենք դնում, ասում ենք՝ մեզ համար հարկավոր է հստակ ընդգծել, թե որտեղ է սկսվում ՀՀ տարածքը։ Սա է ֆունդամենտալ հարցը, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք այս լուծումներին։ Եթե Ադրբեջանը ոչ թե լայնածավալ պատերազմի առիթ է փնտրում, այլ ուզում է սահմանի ճշգրտման գնալ՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի, մենք դրան պատրաստ ենք, իսկ իմ ասած բանաձեւի կիրառումը կամ չկիրառումը մեզ հնարավորություն կտա այս հարցում կոնկրետություն մտցնել եւ հետեւություններ անել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  մարզպետների հետ խորհրդակցություն: Օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր։

Նախարարությունից  հայտնում են, որ նախ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովմանն առնչվող հարցեր։ Այնուհետեւ քննարկվել են ՏԻՄ լիազորությունների նկատմամբ մարզպետների կողմից իրավական եւ մասնագիտական հսկողության իրականացման վերաբերյալ հարցեր, քանի որ ՏԿԵ նախարարության կողմից ՏԻՄ սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության արդյունքներով արձանագրվել են մի շարք թերություններ եւ բացթողումներ։

ՏԿԵ նախարարը հերթական անգամ հանձնարարել է կոշտ վերահսկողություն սահմանել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ, արձագանքել ցանկացած թերացման, անբարեխիղճ կապալառուների նկատմամբ կիրառել օրենսդրությամբ սահմանված վարչարարություն։

Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել համայնքների ղեկավարների կողմից շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, եւ հատկապես խիստ վերահսկողություն իրականացնել ճանապարհամերձ գոտիներում իրականացվող շինաշխատանքների նկատմամբ, ստուգել դրանց իրավաչափությունն ու տեխնիկական նորմատիվներին համապատասխանությունը։

Քննարկվել են նաեւ մի շարք այլ հարցեր։

 

 

 

ԴԱՏԱՐԱՆ Է ԴԻՄԵԼ

««Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ մարտի 29-ին դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ու պահանջում է, որ ՀՀ վարչական դատարանը 23.02.2024 թ. ժամը 12:00-ին մեկնարկած տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 000 OO 01 համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդն անվավեր ճանաչի եւ ««Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչի: Այս մասին  տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ «Դվին» հյուրանոցային համալիրը պատկանում է Արտակ Թովմասյանին, իսկ ՓԲԸ-ի տնօրենը Ս. Պետրոսյանն է։

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։

 

 

 




Լրահոս