ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանա-իսրայելական մեկօրյա առճակատման հետեւանքները. իրադաձությունների քրոնիկոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավիճակը Մերձավոր Արևելքում անցնող շաբաթ լարված էր:

Ապրիլի 13–ի ուշ գիշերը հայտնի դարձավ, որ Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Հաղորդվել էր Իսրայելի ուղղությամբ արձակված 100 հարվածային անօդաչուների մասին։ Իրանական կողմը հայտարարել էր, որ Իսրայելի վրա Թեհրանի հարձակումը պատասխանն է Դամասկոսում ապրիլի 1-ին Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիային:
Իրանական կողմը միևնույն ժամանակ հաղորդել էր, որ հարվածների թիրախներ կլինեն միայն Իսրայելի ռազմական օբյեկտները։
Իրանի հարձակումից ժամեր անց՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստ է Իրանից ուղիղ հարձակման և կպատասխանի նույն կերպ․ «Իսրայելի քաղաքացիներ, վերջին տարիներին, և առավել եւս՝ վերջին շաբաթներին, Իսրայելը պատրաստվում է Իրանի կողմից ուղղակի հարձակման հնարավորությանը», – ասել էր Նեթանյահուն իր տեսաուղերձում։

Իսրայելա-իրանական առճակատումը մեկ օր տևեց:
Հաջորդ օրը՝ ապրիլի 14-ի առավոտյան, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց Իրանի օդային հարձակումը հետ մղելու մասին՝ խոստանալով, որ երկիրը և Իսրայելի ժողովուրդը կհաղթեն։

«Մենք որսացինք իրանական թիրախները, հետ մղեցինք հարձակումը և միասին կհաղթենք», – գրել է նա իր X (նախկին Twitter) էջում։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ իր հերթին հայտարարությամբ հանդես եկավ, որ ավարտել են Իսրայելի դեմ իր գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների։

Հայտարարությամբ էր հանդես եկել նաև Իրանի արտգործնախարարությունը՝ հաղորդելով, որ Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։
Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված շուրջ 100 անօդաչու թռչող սարքեր խոցվել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերի կողմից և չեն հասել Իսրայելի սահմաններին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի ուշ գրավոր հայտարարությամբ հայտնել էր, որ Իսրայելը ամերիկյան ուժերի օգնությամբ կարողացել է խոցել գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները, որոնք Իրանն ու նրա կողմնակիցները օգտագործել են Իսրայելի վրա հարձակվելու համար։
Միևնույն ժամաակ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի դեմ որևէ հարձակողական գործողության:
Մերձավոր Արևելքումմ ստեղծված այս իրավիճակին արձագանքել էր նաև Հայաստանի ԱԳՆ-ն՝ կողմերին երկխոսության կոչ անելով

«Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա առճակատումից»,– ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս