ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր:

Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Երեկ լրացավ Ցեղասպանության 109-րդ տարելիցը։
Հայոց ցեղասպանությունը կամ Մեծ Եղեռնը Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կազմակերպած ցեղասպանությունն է, որի հետեւանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել եւ բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի հայ բնակչությունը։
Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաեւ ապրիլի 24-ից հետո)։
Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի ծրագրած եւ հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացրած ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաեւ ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետեւանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն եւ նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:
Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ եւ, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը եւ թուրքական զորքերի գործողություններն Անդրկովկասում 1918-ին։
Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը:
1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրեւ «հանցագործություն մարդկության հանդեպ»:

ՀԱՄԵՐԳ՝ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին։
Ապրիլի 23-ին ժամը 23:59-ին, հնչել է Վ.Ա. Մոցարտի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ: «Ռեքվիեմ»-ը ղեկավարել է հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը:

ՇՎԵԴԻԱՅՈՒՄ 12-ՐԴ ԴԱՐԻ ԴԱՄԲԱՐԱՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Վերջերս շվեդ հնագետները հնագիտական պեղումների ժամանակ 12-րդ դարի գերեզման եւ այնտեղ թաղված գանձեր են հայտնաբերել։ Յոնչյոպինգ շրջանի թանգարանը հայտնագործության մասին հայտնել է մարտի 27-ի՝ շվեդերենից անգլերեն թարգմանված մամուլի հաղորդագրության մեջ։ Հայտնագործությունն արվել է շվեդական կղզու Վիսինգսյո քաղաքի հին եկեղեցու գերեզմանի պեղումների ժամանակ։ Մետաղադրամները հայտնաբերվել են մի տղամարդու գերեզմանում, որն, ըստ փորձագետների, մահվան պահին եղել է 20-25 տարեկան: Մետաղի կտորները պատրաստվել են 1150-1180 թվականներին։
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 170 արծաթի բրաքթեաթներ՝ մի կողմից դրոշմված հարթ մետաղադրամներ: Միեւնույն ժամանակ, հնագետները տարակուսել են այն փաստից, որ մետաղադրամները հայտնաբերվել են քրիստոնեական գերեզմանում։ Վաղ միջնադարում քրիստոնյաների շրջանում ընդունված չէր մարդուն թաղել մետաղադրամներով։
«Քրիստոնեական գերեզմաններում գտածոներ հազվադեպ են լինում, այս սովորույթը գալիս է նախապատմական ժամանակներից, եւ դա առանձնահատուկ է դարձնում Վիզինգսյոներին», – բացատրել են փորձագետները:

3000 ՀԱՆԴԻՍԱՏԵՍ
ԵՂԱՐՔՈՒՆԻԿՈՒՄ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին հայտարարված թատերական երկամսյակի ժամանակահատվածում կազմակերպված ներկայացումները դիտել են շուրջ 3000 հանդիսատես։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2024 թվականի մարտի 10-ից մինչեւ ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում իրենց լավագույն կատարումներով հանդես են եկել Երեւանի Մնջախաղի, Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Արտաշատի Ամո Խարազյանի անվան, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան, Երեւանի Խամաճիկների պետական, Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնների դերասանները՝ իրենց խաղացանկերով։
«Թատերական երկամսյակի» վերջին՝ 9-րդ ներկայացմամբ ապրիլի 22-ին հանդես են եկել Երեւանի Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի դերասանները՝ Պարույր Սեւակի՝ « Մարդը ափի մեջ» պոեզիայի բեմադրությամբ, որը նվիրված էր մեծանուն գրողի 100 -ամյա հոբելյանին։

ՆՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Բուլղարիայի Վառնա քաղաքում բացվել է բուլղարա-հայկական մշակութային եւ տեղեկատվական կենտրոն, որը վարելու է միջոցառումների օրացույց՝ ներառելով հայ համայնքին առնչվող բոլոր կազմակերպությունների եւ միությունների գործունեությունը:
Կենտրոնն օրհնել է Տեր Դիրայր քահանա Հադավյանն, ով Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի եւ Ռումինիայի ներկայացուցիչ Տաթեւ արքեպիսկոպոս Ակոպյանի ներկայացուցիչն է։
Նորաբաց կենտրոնը կանցկացնի թրեյնինգներ, դասախոսություններ, շնորհանդեսներ եւ հանդիպումներ հայ մշակույթի, արվեստի, կրթության եւ գիտության հետ առնչվող անձնավորությունների հետ եւ կզարգացնի բուլղարացի եւ հայ ժողովուրդների հարաբերությունները:
Մշակութային կենտրոնի բացմանը ներկա են եղել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը, Վառնայի քաղաքապետ Բլագոմիր Կոցեւը եւ նրա տեղակալներ Իլյա Կոեւը, Խրիստո Ռաֆաիլովը եւ Իլիա Պոպովը, Վառնայի քաղաքապետարանի քարտուղար Սիլվա Կրիկորյանը, Եվրախորհրդարանի պատգամավոր Էմիլ Ռադեւը եւ Վառնայի քաղաքային խորհրդի նախագահ Խրիստո Դիմիտրովը։

«ԱՐՍԵՆԱԼ» 5 – «ՉԵԼՍԻ» 0
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Արսենալն» ընդունեց «Չելսիին» եւ հաղթեց 5:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձան անգլիացի պաշտպան Բեն Ուայթն ու գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։ Աչքի ընկավ նաեւ բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։
34 խաղից հետո «Արսենալը» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլը» (33 խաղ) ունի 74 միավոր, երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթի» (32 խաղ)՝ 73 միավոր։ «Չելսին» (32 խաղ) 9-րդն է՝ 47 միավոր։

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԽԱՂԵՐԻՆ
2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերում ծանրամարտի Հայաստանի հավաքականը կներկայացնեն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է օլիմպիական ուղեգրեր նվաճած ծանրորդների ցուցակը։
Բահրեյնը ծանրամարտի օլիմպիական մրցաշարում կներկայացնի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը։




Լրահոս